Կապուտաչյա հայրենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապուտաչյա հայրենիք, անավարտ պոեմ, Եղիշե Չարենցի՝ 1915թ․ գրված ստեղծագործություն։

Կապուտաչյա հայրենիք
Ժանրպոեմ
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1915թ․
Կազմի հեղինակՌ․ Մ․ Մուրադյան
ՀրատարակչությունՍովետական գրող
ՎիքիդարանԿապուտաչյա հայրենիք

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեռնի նախնական՝ ինչ-որ չափով մշուշոտ պատմությունը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով[1]։ Պոեմը նա գրել է 1915թ․ փետրվարին, երբ դեռ որպես զինվոր ոտք չէր դրել Արևմտյան Հայաստան։ Մի քանի ամիս հետո, երբ նա մտավ այդ երկիրը որպես զինվոր և ականատես եղավ ամեն ինչին։ Ուստի բնական էին առաջին տարբերակի տխրության մշուշը և ավելի մեծ տեղ գրավող միֆերի վերածնության հույսը, ապա հետագա մշակված տարբերակում նկատելի են դրամատիկ շերտերի զարգացում[2]։

Սիմվոլիզմի դրսևորումը պոեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքի փրկության դեռևս անորոշ, բայց մշուշոտ պատկերացումներում արևմտահայության ազատագրության երազը սկսվում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմով։ Պոեմում «կապուտաչյա» մակդիրն ըստ սիմվոլիզմի գունային գեղագիտության, միանգամայն համապատասխանում է երազի, կարոտի ըմբռնման հետ[1]։ Այստեղ կարելի է տեսնել, սիմվոլիզմի որոշ երանգներ, որոնք վերաիմաստավորվում և յուրովի են մասնակցում ողբերգության պատկերմանը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապուտաչյա հայրենիքը Հայաստանն է։ Թերևս այդ գույնը՝ կապույտը, բանաստեղծական այդ երանգը հոգեբանական առումով բնորոշ է հայրենիքին, որը գնալով երազ է դառնում իր զավակների համար։ Երբեմն վիշտը ստանում է բնական գույներ, դառնում կործանված եզերքի նրբին պատկեր․ «Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս․- Հովիտների մեջ փրփրուն գետն էր հոսում Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս Դու գգվանքներ ու զրկզնքներ սիրուն[3]»։ Չարենցը երգում է տունը, ծեր մորը, թթենին, գետափի տխրամած երազը, հովտի միջով հոսող փրփրուն գետը, հարազատ եզերքը և մեծ հայրենիքը, որն այլևս չկար։ Խորունկ է այն խոհը, թե սերը ծնվել է կարոտից հետո, հայրենիքի կործանումից հետո։ Չէ՞ որ առաջ հողը, երկինքը, տունն ու եզերքը, ամեն ինչ թվում էր այնքան հավիտենական, որքան իրերի բնական ընթացքը։ Չարենցը երգում է կապուտաչյա սիրուհու, իր որբ երկրի բախտը․ «Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ»։ Ցնցող տպավորություն է թողնում հատկապես հնձվորների՝ երկրի կորած, սրի մատնված զավակների թեման։ Հայոց հնձվորները արյունոտ դաշտերից տուն չեն դարձել, նրանք հնձում են հեռուներում, երկիրը մնացել է անտեր։ Պոեմի վերջին հատվածը մի լուսե տեսիլ է, թախծալի նկարագրություն՝ գալիք Հայաստանի, ծաղկուն հովիտների, հարսանեկան նվագների մասին․ «Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն»։ «Կապուտաչյա հայրենիքը» ձուլված է տեսիլներից, տխուր պատկերներից ու լուսե երազներից[4]։

Հեթանոսությունը պոեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մթնոլորտում էլ Չարենցը դառնում է հեթանոս աստվածներին, հինավուրց առասպելներին, մասնավորապես քաջության, հրդեհի ու արևի աստված Վահագնին ու սիրո աստվածուհի Աստղիկին՝ սերն ու քաջությունը համարելով կյանքի վերածնության հիմքը։ Այդ հեթանոսությունը բնավ նման չէ արևմտահայ հեթանոսական շարժմանը և մտածողությանը։ Հեթանոսությունն այս դեպքում որոշ լիցքեր և սիմվոլներ է տալիս նրա քաղաքական մտածողությանը[5]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը կիսատ է, բայց ունի հուզական ամբողջություն, բանաստեղծական տրամադրությունը ծավալվում է՝ ստեղծելով կորստյան ցավի, անծայր սիրո և կարոտի մթնոլորտ։ Այնտեղ բարձրանում է հույզի ալիքը և սիրո մշուշը, հայոց նորագույն պատմությունը դառնում է դառը մորմոքի, սիրտ կեղեքող վերհուշ, կարոտի կանչ և հեռացող կյանքի համառ տագնապի ձայն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քալանթարյան, Ժենյա (2012). Եղիշե Չարենց. Երևան: ԵՊՀ. էջեր 178։.
  2. 2,0 2,1 Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101։.
  3. Եղիշե Չարենց Երկեր. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 107։.
  4. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 101-102։.
  5. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 106։.
  6. Թամրազյան, Հրանտ (1981). Եղիշե Չարենց. Երևան: Սովետական գրող. էջեր 107։.