Հեռահաղորդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապի համակարգից)

Կապի համակարգ կամ հեռահաղորդակցություն, էլեկտրական ազդանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման էլեկտրոնային սարքերի համալիր։ Տարբերում են հաղորդալարային կապի և ռադիոկապի համակարգեր։ Ավտոմատ բազմականալ կապի զարգացման շնորհիվ այժմ այդ երկու համակարգերը էապես քիչ են տարբերվում։ Հետևաբար կարելի է դիտարկել կապի ընդհանրացված համակարգը, որի ֆունկցիոնալ սխեման պարունակում է հետևյալ հանգույցները՝ հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն) աղբյուր, հաղորդագրությունը էլեկտրական ազդանշանի փոխակերպող սարք (միկրոֆոն, ֆոտոէլեմենտ և այլն), մոդուլյատոր, որը ցածր հաճախականության ազդանշանը վերածում է բարձրահաճախայինի։

Հնում դա արվում էր դրոշների, թմբկազարկերի, ազդանշանային խարույկների օգնությամբ կամ սուրհանդակների միջոցով։ 19-րդ դարում մարդիկ սովորեցին հաղորդալարերով էլեկտրական ազդանշաններ ուղարկել. ծածկագրված հաղորդագրություններն ուղարկվում էին Մորզեի այբուբենով (կարճ ու երկար ազդանշաններով՝ կետերով և գծերով)։ Էլեկտրական հեռահաղորդակցության առաջին համակարգը մետաղալարային հեռագիրն էր, որն ստեղծվեց 1830–40-ական թվականներին Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ 1876 թվականին ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելը հայտնագործեց մարդու ձայնը հեռագրահաղորդալարերով հաղորդելու եղանակ՝ հեռախոսակապը, որը շատ արագ տարածվեց ու զարգացավ. հեռախոսի գյուտից 21 տարի անց աշխարհում արդեն կար 1 միլիոն հեռախոսագիծ։

Ռադիոկապում մոդուլյատորն անհրաժեշտ է ազդանշանը առանց հաղորդալարի մեծ հեռավորությունների վրա հաղորդելու համար, իսկ հաղորդալարային կապում դրանով լուծվում է գծի հաճախային «խտացման»՝ նույն գծով բազմաթիվ ազդանշանների միաժամանակյա հաղորդման խնդիրը։ Այնուհետև բարձրահաճախային (մոդուլված) ազդանշանը ուժեղացվում է և ուղարկվում գիծ։ Ռադիոգծում այն նախապես փոխակերպվում է էլեկտրամագնիսական ալիքների՝ անտենայի միջոցով։ Ընդունման կետում բարձրահաճախային ազդանշանը անտենայի կամ հաղորդալարի ելքից անցնում է ընտրողունակ սարքին (հաճախային զտիչ, եթե «խտացումը» կատարվել է ըստ հաճախականության), ապա ուժեղացվում է և արվում դետեկտորին, որը մոդուլված ազդանշանից անջատում է ցածր հաճախականության ինֆորմացիան։ Սովորաբար ինֆորմացիոն ազդանշանը նորից է ուժեղացվում և փոխակերպվում ոչ էլեկտրական բնույթի հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր և այլն)։ Կապի տարբեր համակարգերում այս կամ այն հանգույցը կարող է բացակայել կամ իր հերթին կազմել հանգույցների համալիր (օրինակ, մոդուլյատորը թվային կապում)։ Բարձրորակ և օպերատիվ հաղորդում իրականացնելու նպատակով ստեղծվել է կապի միասնական ավտոմատացված համակարգ՝ ԿՄԱՀ (EACC)։

Մեր օրերում լայնորեն գործածվում են «անթել»՝ բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս խոսել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ և նույնիսկ միանալ համացանցին (ինտերնետ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 252