Խոր սառեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոր սառեցում, նյութերի սառեցումը՝ 170 K-ից ցածր ջերմաստիճանների ստացման և գործնական կիրառության նպատակով։ Խոր սառեցումն ապահովվում է 0 °C (273, 15 K)-ից ցածր կրիտիկական ջերմաստիճան ունեցող բանող նյութերով՝ օդով, ազոտով, հելիումով և այլն։

Խոր սառեցման տիրույթը բաժանվում է ջերմաստիճանային երեք գոտիների.

  • 170 K-ից մինչև 70 K
  • երկրորդը, որ սովորաբար կոչվում է կրիոգենային (< հուն. χρύος - ցուրտ և Ύέυος - ծագում, ծնունդ)՝ 70 K-ից մինչև 0, 5 K
  • երրորդը՝ գերցածր ջերմաստիճաններ (0, 5 K-ից ցածր)

Խոր սառեցում իրականացվում է հետևյալ եղանակներով՝ գազի սառեցում դրոսելման ժամանակ (տես Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ), գազի կամ գոլորշու ընդարձակում արտաքին աշխատանքի կատարմամբ, ադիաբատ ապամագնիսացում. վերջին եղանակն օգտագործվում է գերցածր ջերմաստիճանների ստացման համար։ Խոր սառեցման հիմնական նշանակությունը գազերի հեղուկացումը և գազային խառնուրդների անջատումն է (առավել կարևոր է օդից բաղկացուցիչ գազերի անջատումը)։ Խոր սառեցումը կարևոր նշանակություն ունի բնական գազերից հելիումի ստացման, կոքսային գազերի, նավթի կրեկինգի և պիրոլիզի գազերի բաժանման համար։ Խոր սառեցումը լայնորեն կիրառվում է նաև ատոմային տեխնիկայում՝ միջուկային էներգետիկայի կարևորագույն բաղադրիչի՝ դեյտերիումի ստացման համար։ Հեղուկ ջրածնով և քսենոնով է լցվում բշտիկային խցիկների աշխատանքային ծավալը։ Հեղուկ հելիումը, ջրածինը և նեոնը կիրառվում են կրիոգենային վակուումային տեխնիկայում։ Տարբեր միջավայրերի խոր սառեցման համար ավելի ու ավելի լայն տարածում են գտնում միկրոկրիոգենային սառեցնող հարմարանքները։

Հեռանկարային է խոր սառեցման կիրառությունը էներգետիկայում։ Էլեկտրական տուրբոգեներատորների, էլեկտրաշարժիչների, տրանսֆորմատորների, մագնիսների և էներգիայի կուտակիչների սառեցումը հնարավորություն է տալիս մի քանի (5 - 6) անգամ փոքրացնել այդ մեքենաների զանգվածն ու չափերը, ավելացնել հզորությունը, կտրուկ նվազեցնել էլեկտրական դիմադրությունը (մինչև 800 անգամ)։ Խիստ հեռանկարային է հեղուկ գազերի օգտագործումը էլեկտրաքիմիական գեներատորներում, բժշկության և կենսաբանության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 83