Խաղողագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողագրություն, ամպելոգրաֆիա (ἄμπελος՝ գինի + γράφος, գրել), գիտություն խաղողի տեսակների և սորտերի, դրանց հատկանիշների փոփոխման մասին՝ կապված արտաքին պայմանների և մարդու նպատակաուղղված գործունեության հետ։ Որպես կիրառական բուսաբանության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XIX դ.։ 1873-ին Վիեննայում ստեղծվեց խաղողագրության միջազգային հանձնաժողով, որը սահմանեց խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ։ Տարբերում են ընդհանուր խաղողագրություն, որն ուսումնասիրում է խաղողազգիների ընտանիքի կարգաբանության, ծագման, տարածման, տեսակների և սորտերի փոփոխման հարցերը, և մասնավոր խաղողագրություն», որն զբաղվում է խաղողի սորտերի և կլոնների (մեկ անհատի գենետիկորեն միասեռ վեգետատիվ սերունդ) բուսաբանական նկարագրությամբ, դրանց կենսաբանական ու տնտեսական բնութագրով։

Խաղողագրությունը մշակում է գիտական հիմնավորումներ խաղողի սելեկցիայի և սորտաշրջանացման, նոր շրջաններում խաղողի մշակույթի տարածման, սորտերի ծագման ու դասակարգման համար։ ՍՍՀՄ-ում 1946 - 70-ին հրատարակվել է «ՍՍՀՄ ամպելոգրաֆիա» 10-հատորանոց կապիտալ աշխատությունը, որն ընդգրկում է խաղողագրության տեսական հարցերը և երկրի տնկարկներում եղած շուրջ 2800 սորտերի ու կլոնների, այդ թվում նաև՝ հայկական խաղողի 171 սորտերի նկարագրությունը։ ՀՍՍՀ-ում խաղողագրության աշխատանքները սկսվել են 1930-ից, 1943-ից ուսումնասիրվել են խաղողի հինավուրց, քիչ տարածված կամ մինչ այդ անհայտ մնացած սորտերն ու կլոնները, ինչպես նաև հայկական նոր սորտերը։ Հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (Ե., 1947 - 1962, հ. 1 - 2) աշխատությունը, ուր նկարագրված են 247 տեղական հին և նոր, մասամբ նաև բերովի սորտեր։ Հայկական խաղողի 26 սորտեր նկարագրված են նաև Միջազգային գրանցման մատյանում, իսկ հայկական խաղողի 21 հին և սելեկցիոն նոր սորտեր՝ «ՍՍՀՄ խաղողի լավագույն սորտերը» ալբոմում (Մ., 1972)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png