Լոնջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոնջի, ինչպես նաև լոունչժի, լոնչժի, լոնջի (բիրմ.՝ လုံချည်՝ [lòʊɴdʑì]), հագուստի տարր, գործվածքի կտոր, որը կիսաշրջազգեստի ձևով կրում են բիրմանները (կապելով առջևում) և բիրմանուհիները (հավաքելով ձախ կողմում)[1][2]։ Կտորն ունի մոտավորապես 2 մ երկարություն և 80 սմ լայնություն, այդ պատճառով էլ լոնջին կրելիս կարող է հասնել մինչև կրունկները։ Երբեմն տղամարդիկ հավաքում են գոտու տակ, ինչի արդյունքում լոնջին վերածվում է շորտի[3]։ Հագուստի նմանատիպ տեսակները տարածված են բոլոր շրջաններում և ներառում են սարոնգն ու լունգին։

Կանացի կիսաշրջազգեստը կոչվում է «թհամի» (բիրմ.՝ ထဘီ), իսկ տղամարդունը՝ «պասհոու» (բիրմ.՝ ပုဆိုး)[4]: Լոնջիի հետ հագնում են սանդալներ և կրում գլխի ծածկոց[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմանուհին հին ձևով կարված թհամեյնով
Բիրմանը մետաքսի թաունշի-պասհոուով

Հին մյանմական ասացվածքն ասում է. «Եթե տղամարդը չի կարողանում կարդալ, ապա նա կույրի նման է, եթե կինը չի կարողանում գործել, ապա նա նման է հաշմանդամի»։ Հին ժամանակներից մինչև այսօր գործում են բացառապես կանայք, նրանք են ընտրում ապագա գործվածքի նախշը և գույնը[7]։

«Լոունչխի» բառն ի սկզբանե նշանակել է մալայացիների սարոնգ[8]։ Նախագաղութային շրջանում տղամարդու կիսաշրջազգեստները, որ կոչվում էին թաունշի-պասհոու (բիրմ.՝ တောင်ရှည်ပုဆိုး), տարբերվում էին ժամանակակից կիսաշրջազգեստներից. դրանք երկար էին (մինչև 9,1 մ), իսկ կտորի ծայրը միասին կարված չէր[9][10], կանացի թհամեյնը 1,4-մետրանոց կտոր էր, որն առջևում կարված չէր, վերևից թակալակարված էր բամբակի կամ թավշի մուգ գույնի լայն շերտ, մեջտեղում նախշերով կտորն էր, իսկ ներքևում՝ սպիտակ կամ կարմիր գործվածքի շերտը՝ ցած իջնող քղանցքով[11][12]։

Գաղութային իշխանության սկզբնական շրջանում Ստորին Բիրմայում և քաղաքներում արագորեն ընդօրինակեցին մալայական լունգին, որն ավելի հարմար էր հագնել[11][12]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնջիներով վաճառասեղան

Լոնջին ընդհանուր տերմին է, տղամարդկանց պասհոու կիսաշրջազգեստները տարբերվում են կանացի թհամեյններից ինչպես նախշերով, այնպես էլ կապելու ձևով։ Թհամեյնը հաճախ չկարված գործվածք է, այն հագնելիս ձախ կողմից դնում են գոտու տակ։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է լինում լոնջին նորից կապել, դա ծիսական գործողություն է հատկապես տղամարդկանց համար։

Պասհոուն սովորաբար շերտավոր է կամ վանդակավոր, այն կարելի է կրել ցանկացած կողմից և նույնիսկ շրջած։ Թհամեյնը, ի տարբերություն պասհոուի, վերևում ունի մուգ մաս՝ «աթխասին» (բիրմ.՝ အထက်ဆင့်): Թհամեյնն ավելի պայծառ է, այն հաճախ ունենում է բուսական մոտիվներ։ Լոնջին սովորաբար կարում են բամբակից և սատինից[13]։ Ավելի ճոխ շրջազգեստները պատրաստում են մետաքսից, հատկապես հռչակված է Սիկայնի[14] և Ռաքհայն նահանգի[15][16] մետաքսը։

Կառավարությունը դիմավորում է Թաիլանդի վարչապետին

Տոնակատարությունների ժամանակ և՛ կանայք, և՛ տղամարդիկ հագնում են մետաքսե լոնջի։ Ամենաթանկարժեք լոնջին «աչհեյն» (բիրմ.՝ အချိတ်) է, որը զարդարված է լինում ալիքների կամ էլ բադի թաթերի նման նախշերով, կարվում է Ամայապույայում։ Բիրմանների հարսանիքում այն հարսի և փեսայի ավանդական հագուստն է[17][18][19][20]։ Աչհեյի նախշերն իրենց եզակի հյուսվածքով (այստեղից էլ «աչհեյ» անվանումը, այսինքն՝ «միահյուսում, կառչում»[21][22]) Ամարապուրա են բերել մանիպուրցի բանտարկյալները[23]։

2010 թվականի հոկտեմբերին՝ Թաիլանդի վարչապետի այցելության ժամանակ, կառավարության անդամները հագել էին կանացի տիպի «աչհեյ»։ Տարբեր աղբյուրներ դրա պատճառը համարում են ավանդական ծիսակարգերից մեկի կատարման միջոցով Աուն Սան Սու Չժիի «կախարդական ուժերը» թուլացնելու ցանկությունը[24][25]։

Կանաչ լոնջին և «աինգուի» (բիրմ.՝ အင်္ဂျီ) սպիտակ վերնաշապիկը դպրոցական սովորական կանացի համազգեստն է (արական սեռի աշակերտները կրում են կամ լոնջի, կամ էլ տաբատ)[26]։

Մյանմացիները գնդակ են խաղում վեր քշտած լոնջիներով։ Յանգոն

Կան լոնջիի էթնիկական և շրջանային տեսակներ։ Օրինակ՝ մոներների լոնջին միշտ կարմիր գույնի է, քանի որ նրանց մշակույթում կարմիրը մաքրության և քաջության գույն է, Կարեն նահանգի պասհոուն հաճախ ունի հորիզոնական զոլեր[27] կամ բրնձի ցանքսը պատկերող զարդանախշեր[28]։ Կաչինների կանացի տոնական լոնջին կարվում է բրդե գործվածքից և զարդարվում զիգզագ կամ շեղանկյուն նախշերով[27]։ Սեփական զարդանկարներն ու գույնն ունեն նաև Ինլե լճի[13] և Մանգուեի[29] շրջանում։

Լոնջին հարմարավետ հագուստ է տաք կլիմայական պայմաններում, այն պաշտպանում է արևի ճառագայթներից և թույլ է տալիս, որ օդը փչի ոտքերին։ Եթե ազատորեն շարժվելու անհրաժեշտություն է լինում (օրինակ՝ գնդակով խաղալու համար), ապա տղամարդիկ քղանցքն անցկացնում են ոտքերի արանքով և դնում գոտու տակ, այդ կերպ ստացվում է «պասհոու-կխաթաուն-չժայ» (բիրմ.՝ ပုဆိုးခါးတောင်းကျိုက်)՝ այլ տեսակի շորտ[30]։ Հին ժամանակներում պասհոու-կխաթաուն-չժայ հագել են զինվորները[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шабалин, 2008
  2. Trager, 1969
  3. 3,0 3,1 ВОРПН, 2004
  4. Чих, 1958
  5. ААС, 2004
  6. Фёдоров, 1999
  7. «Traditional Folk Weaving Art of Myanmar inc. video». Արխիվացված է օրիգինալից 4-2-2012-ին.
  8. Judson, Adinoram (1893). Judson's Burmese-English dictionary. Government of Burma.
  9. Tradition, 2005
  10. Thant Myint-U (2008). The River of Lost Footsteps: A Personal History of Burma. Macmillan. էջեր 182. ISBN 9780374531164.
  11. 11,0 11,1 Ferrars, Max; Bertha Ferrars (1900). Burma. S. Low, Marston and Company.
  12. 12,0 12,1 Imperial gazetteer of India. Vol. 10. Superintendent of Government Printing. 1908. էջ 46.
  13. 13,0 13,1 «Inle longyi inc. video». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին.
  14. Scott J.G., Hardiman J.P. Gazetteer of Upper Burma and the Shan States. — AMS Press, 1901. — С. 53. — (Gazetteer of Upper Burma and the Shan States). — ISBN 9780404168605
  15. Köllner, 1998
  16. ААС2, 2006
  17. SEAMEO Regional Centre for History, Tradition (Rangoon Burma) Traditions, 2005. — Seameo Regional Centre for History and Tradition, 2005. — С. 16.
  18. Bird, George W (1897). Wanderings in Burma. London: F J Bright & Son. էջ 48.
  19. Макарова, 1968
  20. Козлова, 1962
  21. Agricultural Journal, 1914
  22. «Burmese Pocket Dictionary (1887)».
  23. Rapson, 1957
  24. Horn, Robert (2011 թ․ փետրվարի 24). «Why Did Burma's Leader Appear on TV in Women's Clothes?». TIME. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  25. WAI MOE (2011 թ․ փետրվարի 17). «Than Shwe Skirts the Issue». The Irrawaddy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  26. «Dress code». The Myanmar Times. 2013 թ․ մայիսի 14.
  27. 27,0 27,1 Lonley Planet, 2004
  28. «Listening to voices from inside: Ethnic people speak» (PDF). Centre for Peace and Conflict Studies is.
  29. «Inle longyi inc. video». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին.
  30. Marshall, Andrew (2002). The Trouser People. Washington DC: Counterpoint. jacket photo,30.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]