Էթիկետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էթիկետ (ֆր. Etiquette բառից –նշանակում է «պիտակ», «քարտ»), վարքաձևի, վարվելակերպի կանոնների ամբողջություն, կանոններ, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում (վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դիմելաձևերը, հասարակական վայրերում վարվելակերպը և այլն):

Էթիկետը հասարակության արտաքին մշակույթի բաղկացուցիչ մաս է կազմում: Նրա մեջ մտնում են նրա այն պահանջները, որոնք ձեռք են բերում խիստ կանոնակարգված արարողակարգի բնույթ և դրանց պահպանման հարցում հատուկ նշանակություն ունի վարվելակերպի որոշակի կոնկրետ ձև: Չնայած էթիկետը վերջին հաշվով արտահայտում է բարոյականության այս կամ այն սկզբունքների բովանդակությունը, մարդու նկատմամբ հարգանքը դասակարգային հասարակության մեջ որպես կանոն վերածվում է պայմանական ծեսի, ունի զուտ արտաքին, իր բարոյական բովանդակությունից տարանջատված ձև: Այն արտահայտվում է մանրամասնորեն մշակված քաղաքավարության կանոնների բարդ համակարգում, հստակ կերպով դասակարգում է վարվեցության կանոնները տարբեր դասերի և շերտերի ներկայացուցիչների հետ, պաշտոնյաների հետ` համապատասխան իրենց աստիճանի (ում ոնց պետք է դիմել), դասակարգում է տարբեր շրջանակներում վարվելաձևի կանոնները (պալատական էթիկետ, դիվանագիտական Էթիկետ, Էթիկետ «բարձր հասարակության» և այլն):

Միևնույն ժամանակ էթիկետին խիստ հետևելու հարցում կարող է թաքնված լինել ոչ բարյացակամ և ոչ հարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ: Ըստ էության այս հաճախ հադիսանում է կեղծավորության օրիանականցված ձև մարդկային առօրյա փոխհարաբերություններում:

Էթիկետի տեսակներ[խմբագրել]

Առանձնացնում են էթիկետի մի քանի տեսակներ, որոնցից հիմնականը հետևյալն են`

  • Պալատական էթիկետ – պալատական միջավայրում վարվելաձևի, վարվելակարգի խիստ սահմանված կանոնակարգ:
  • Դիվանագիտական էթիկետ – դիվանագետների և այլ պաշտոնական անձանց վարվելակարգի կանոններ, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական ընդունելությունների, այցերի, բանակցությունների ժամանակ:
  • Զինվորական էթիկետ – բանակում ընդունված համընդհանուր վարվելակերպի կանոնների ամբողջություն
  • Առօրեականության էթիկետ – առօրեականության էթիկետն իրենից ներկայացնում է այնպիսի ավանդույթների, սովորությունների, նորմերի ամբողջություն,որոնք անհրաժեշտ է պահպանել առօրյա կենցաղային հաղորդակցման ժամանակ`ընտանիքում, փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութում և այլն, այսինքն այնպիսի իրավիճակներում,որոնց հետ մենք ավելի հաճախ ենք հայտնվում:

Գրականություն[խմբագրել]

  • Словарь по этике, Москва.1975
  • Этикет у народов Передней Азии, Сборник статей, Москва, 1988