Դատական ակտերի իրավաբանական բնույթը վարչական դատավարությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական դատավարությունում գործի հարուցման, քննության և լուծման, ինչպես նաև կատարողական վարույթի ընթացքում դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումով (միջնորդությամբ) իրականացնում է իրենց նշանակությամբ տարաբնույթ իրավական արժեք ունեցող գործողություններ և համապատասխանաբար կայացնում է տարբեր իրավաբանական բնույթ ունեցող որոշումներ, որոնք, ուղղված են վարչական դատավարության միջանկյալ խնդիրների լուծմանը, ինչպես նաև վերջնական նպատակների իրագործմանը։

Վարչական դատավարությունում ըստ իրենց նշանակության և իրավաբանական բնույթի՝ որոշումները բաժանվում են երկու խմբի՝

1) գործն ըստ էության լուծող որոշումներ,

2) միջանկյալ որոշումներ:

Ընդհանուր կանոնի ուժով առաջին ատյանի դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտ է վճիռը։ Ընդ որում, վճռահատությամբ են ըստ էության լուծվում և՛ հայցային բնույթի գործերը, և՛ հատուկ վարույթի գործերը, որոնց շրջանակներում, օրինակ, վարչական դատարանի խնդիրն է պարզել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը։ Վճիռը կարող է բնորոշվել որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտ, որով ըստ էության լուծվում է գործը, այն է՝ հաստատվում են վիճելի իրավունքի, վիճելի պարտականության, վիճելի իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, հատուկ վարույթի գործերով՝ այլ իրավական հանգամանքները, ինչի հետևանքով այդ իրավահարաբերությունը և/կամ իրավական հանգամանքները վիճելիից դառնում են անվիճելի, իսկ դատական ակտով հաստատված սուբյեկտիվ պարտականությունները՝ ենթակա հարկադիր կատարման։ Դատավարագիտության մեջ համընդհանուր ճանաչում գտած նման բնորոշումը թույլ է տալիս վճիռն այլ կերպ անվանել նաև «գործն (վեճը) ըստ էության լուծող դատական ակտ»[1]։

Գործն ըստ էության լուծող դատական ակտերից՝ վճիռներից բացի, գործը քննող դատարանը կայացնում է նաև որոշումներ, որոնք լուծում են ոչ թե իրավունքի պաշտպանությանն ուղղված վարույթի հիմնական հարցը՝ հայցվորի, պատասխանողի կամ դիմողի կողմից հայտարարված պահանջները, այլ միջանկյալ տարաբնույթ իրավաբանական նշանակություն ունեցող հարցեր։

Վարչական գործերով կայացվող առանձնահատուկ իրավաբանական նշանակություն ունեցող դատական ակտերից է լրացուցիչ որոշումը, որը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության 128-րդ հոդվածով, որի համաձայն՝ եթե գործի քննության ընթացքում վարչական դատարանը պարզում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը թույլ է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքի այլ էական խախտումներ, ապա վարչական դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձի, իսկ անհրաժեշտության դեպքում վերադասի ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում։ Նման որոշում կարող է կայացվել նաև լիցենզավորված և արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տվել են վերջիններս[2]։

Վարչական դատավարությունում դատական ակտերի իրավաբանական բնույթը պարզելու համար անհրաժեշտ է նաև բացահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարանի դատական ակտերը» վերտառությամբ 20-րդ գլխում նախատեսված վարչական գործերով դատական ակտերին ներկայացվող պահանջները։

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Դատական իշխանության մարմինների կողմից իրականացվող արդարադատության որակը մեծապես պայմանավորված է դատարանների կայացրած դատական ակտերի որակով և կայունությամբ։ Նման պայմաններում դատական ակտերի որակի և կայության ապահովման համար անհրաժեշտ է ներկայացվող պահանջների ամբողջության ապահովում, այն է՝ դատական ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը, պատճառաբանվածությունը, որոշակիությունը (կատեգորիկ բնույթը), անպայմանականությունը, լրիվությունը, ինչպես նաև դատական ակտերին ներկայացվող այլ պահանջներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեղրյան, Սերգեյ (2020). ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԵՐԵՎԱՆ: ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 11. ISBN ISBN 978-5-8084-2427-2. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. «Arlis». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.