Դանթեի չորրորդ ճամփորդությունը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանթեի չորրորդ ճամփորդությունը
տեսակնկար
նկարիչԿարապետ Ադամյան
տարի1908 թվական
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
ներշնչված էԴանթեի «Աստվածային կատակերգությունից»
հիմնական թեմա«Աստվածային կատակերգության» ռեալիստական մեկնաբանումով համոզիչ պատկեր
Ծանոթագրություններ

Դանթեի չորրորդ ճամփորդությունը, Կարապետ Ադամյանի նկարներից։ Դանթեի Աստվածային կատակերգության չորրորդ երգի առաջին եռյակի նկարագրությունը, որտեղ Ադամյանն ընտրել է ծանր հոգեվիճակում գտնվող պոետի այլայլմունքի պահը՝ պատկերելով նրան քարաշեն մի հասարակ խցում, որտեղ նա, նոր միայն մղձավանջային քնից արթնացած, հանդիպել է իր ուղեկից Վիրգիլիոսին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն Դանթեի Աստվածային կատակերգության չորրորդ երգի առաջին եռյակի հետևյալ նկարագրությունն է.

Ահագնացայտ մի սրահում ծանրացած

Քունս գլխիցս թոթափեց և սթափ՝ Ցնցվեցի զերթ մի մարդ բռնի արթնացած

Ուժասպառ վիճակում ծնկաչոք ապավինելով Վիրգիլիոսին՝ պոետը ծանր հոգեվիճակ է ապրում։ Նկարիչը զգացել է պոեմից բխող դրամատիկական իրադրությունը և ստեղծել է ռեալիստական մեկնաբանումով պատկեր։ Դանթեի հանդիպոումն ուսուցչին հուզիչ է և սրտառոչ։ Վիրգիլիոսը բռնել է ծնկի եկած Դանթեին՝ հազիվ պահելով նրա կախ ընկած մարմինը։ Նրա դեմքը հուզմունքից այլայլված էր և արտահայտում էր խռովահույզ վիճակ։ Վիրգիլիոսի և Դանթեի կերպարների համար մոդել են հանդիսացել անցյալից պահպանված արձանները և դիմանկարները։ Նրանց հագուստները նման են միջնադարյան կաթոլիկ հոգևորականների հագուստին։

Մշակման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործը մշակված է դասական արվեստով։ Ստեղծվել է հոգեբանական պատկեր։ Ադամյանը նախընտրել է գաղափարական շատ պարզ, առանց ավելորդ մանրամասների կոմպոզիցիա։ Նա մարդկանց և առարկաները տեղադրել է խորապես մտածված։ Սենյակում, բացի անկյունում դրված փայտյա թախտից, որը վկայում է պոետի չափազանց աղքատիկ կացությունը, չկա այլ առարկա։ Պատկերները մշակված են ռեալիստորեն։ Զգեստները և կոմպոզիցիան լրացնում են պատկերը, նաև պլաստիկ արտահայտություն են տալիս ֆիգուրներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե. Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987