Գանգրահեր տղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգրահեր տղան
Ժանրպոեմ
Ձևչափածո
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1928-1929
ՎիքիդարանԳանգրահեր տղան

Գանգրահեր տղան, Եղիշե Չարենցի պոեմներից, գրված 1928-1929 թվականներին։

Ժամանակի արտացոլումը պոեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցն իր չորս գործերում («Homo Sapiens», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Մեծ առօրյան», «Գանգրահեր տղան») օգտագործել է չափածո նովելի տեսակը։ Այս չորս երկերը փոքր պատմություններ են, որոնք ունեն հերոսներ, գործողություն և նովելային անակնկալ կտրուկ ավարտ։ Այս գործերին բնութագրական են ժամանակային դասավորությունը և կառուցվածքը։ «Homo Sapiens»-ում վերաշարադրված է անցյալի իրականությունը՝ իբրև հուշ, «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» երկում անցյալը հառնում է իբրև տեսիլք։ «Մեծ առօրյան» երկի գործողություններն անցյալից տեղափոխվում են ներկա իսկ «Գանգրահեր տղան» չափածո նովելում ապագան հառնում է իբրև տեսիլք։ «Գանգրահեր տղան» չափածո նովելը զուգահեռներ ունի «Homo Sapiens»-ի հետ։ Անցյալի և ընթացիկ կյանքի գեղարվեստական ընկալմամբ Չարենցը ճանապարհ էր հարթում դեպի ապագան։ Ներկայի դիրքերից ժամանակային նույն հակադիր հեռավորության վրա են երկու չափածո նովելների պատանի հերոսները։ Կա մեկ տարբերություն, այն է` առաջինն ապրել է անցյալում, իսկ երկրորդը պիտի ապրի գալիքում։ Այնպես, ինչպես Չարենցը փակում էր աչքերը և վերհիշում իր պատանությունը, այդպես էլ՝ աչքերը փակ, նա պատկերացնում էր գալիք օրվա գանգրահեր պատանուն։ Գանգրահեր տղան գալիքի խորհրդանշանն է։ Մարդկության տարբեր հասակներն ի մի բերող բանաստեղծը, իրեն տեսնելով անցյալի մեջ, կարող էր իրեն նաև պատկերացնել ապագայում՝ որպես հուշ ու հիշատակ հաջորդների համար։ Եղիշե Չարենցը տեսիլքի պես պատկերացնում է երազային ապագան, որի մեջ ապրում է իր ավարտված կյանքի հիշատակը։ Այս գործը շարունակվող կյանքի փառաբանություն է[1].

Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սիրտն է թաղած,-

Կոխրտի՛ր նրան քայլերով քո լույս,

Օ՜, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,

Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…[2]

Սակայն օրերը Չարենցի համար թույն ու մաղձ էին թորում, և նա նույնիսկ շիրիմ չունեցավ, որ գանգրահեր տղաների սերունդները գնային այցի[1]։

Երկու հակադիր պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գանգրահեր տղան» չափածո նովելի նկարագրությունները ներքուստ հակադրված են «Homo Sapiens»-ի պատկերային համակարգին։ Այնտեղ փողոցը հորանջում էր քնից, տները մեկ հարկանի էին ու իրար կպած, հազվադեպ միայն մայթերին մարդիկ էին երևում և արագ անհայտանում[1], իսկ այստեղ՝

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն

Նոր Երևանից դեպի Արարատ.

Ինչքա՞ն են արդյոք տարիներ հոսել

Մինչև գարնային այս օրը զվարթ։

Շոսսեի երկու կողմերում ահա

Տներ, փողոցներ ու գործարաններ,

Կանաչ պարտեզներ, ծաղիկներ ազատ,

- Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել…[2]

Մանուկ տղային` խունացած սև շապիկը հագին, որը հագել էր ավելի քան երեք ամառ, փոխարինում է պայծառ աչքերով պատանին՝ «Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ»[1]։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը իր հետքն է թողել գրական մտածողության վրա, որը ներկայացնում է Հայաստանի գալիք օրերի, տարիների ու դարերի երգը։ Մահվան տեսիլներից և հարդագողի մոլոր ուղիներից հետո Չարենցի պոեզիայում պատկերները ծնվում են նոր իրականությունից, աշխատանքի, ստեղծման, հավատի ու հպարտության այն մթնոլորտից, որի մեջ ապրում էր վերածնված Հայաստանը։ Թվում է, թե «Գանգրահեր տղան» ունեցել է նախապատրաստություն, որը տեսանելի է «Գարուն» բանաստեղծության մեջ։ «Գարունը» կյանքի վերածնության, բախտի ու ճանապարհի երգն է։ Բանաստեղծի տեսողությունը այս անգամ տարածվում է Հայաստանի գալիքի վրա։ «Գանգրահեր տղան» պոեմում առաջին իսկ տողերից երևում է բանաստեղծը՝ երկար ուղի անցած, տառապանքի տեսիլներից հոգնած։ Սկսվում է հյուսվել Հայաստանի գալիքը, Երևանի պատկերը։ Տիրող խնդությունը, հարստությունը, գեղեցկությունը, այս նվիրական շոսսեն, սերունդների հավերժական ընթացքը հայկական երազների ամբողջացումն է։ Սակայն Չարենցը սիրում է իր նվիրական երազներին տալ դրամատիկ լարում։ Երազանքն ստանում է խորհրդավորություն։ Զանգվի ափին ձգվում է հին ցանկապատ, կանաչների մեջ երևում են մոռացված քարեր։ Գերեզմանատունն է[3]։

Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,

Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,

Ուր լռությունն է իշխում անհաստատ

Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև[2]

Պատկերը շարունակական է դառնում։ Գանգրահեր տղան բաժանվում է խմբից և մոտենում մոռացված շիրիմներին։ Նա կանգնում է մեծ երազողի շիրիմի առջև[3]

Եղիշե Չարենց- բանաստեղծ ծնված Մակու քաղաքում[2] ։

Սակայն հիշե՞ց պատանին գալիքի համար տառապած մեծ նախորդին[3]։

Կարդում է նա իր աչքերով ծավի,

Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,

Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —

Ու շարունակում իր թողած ճամփան[2] :

Իսկ հանդում հավիտյան մնում է որպես հուշ երազողի կորած շիրիմը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Եղիշե Չարենց».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Եղիշե, Չարենց (1983). Երկեր. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջեր 414–417։.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հրանտ, Թամրազյան (1987). Եղիշե Չարենց. Երևան: Արևիկ. էջեր 360-363։.