Բժշկական քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական քարտ, բժշկական փաստաթուղթ, որը անհրաժեշտ է առաջին հերթին հիվանդի տվյալները համակարգելու, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար, քանի որ հազվադեպ է հիվանդին մեկ բժիշկ բուժում։

Բժշկական քարտի ձևերը[խմբագրել]

Տարբերում են երկու հիմնական բժշկական քարտ`

  1. ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ կամ պարզապես ամբուլատոր քարտ,
  2. ստացիոնար հիվանդի բժշկական քարտ կամ հիվանդության պատմագիր։

Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ[խմբագրել]

Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտը կամ ամբուլատոր քարտը փաստաթուղթ է, որը կազմվում է ամբուլատոր պայմաններում հետազոտվող և բուժում ստացող հիվանդի համար։

Ստացիոնար հիվանդի բժշկական քարտ[խմբագրել]

Ստացիոնար հիվանդի բժշկական քարտը կամ հիվանդության պատմագիրը փաստաթուղթ է, որը կազմվում է ստացիոնարում գտնվող յուրաքանչյուր հիվանդի համար և նախատեսված է հիվանդի` ստացիոնարում գտնվելու ընթացքում հիվանդության ախտորոշման, հիվանդության ընթացքի, ելքի և բուժկանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տվյալները գրանցելու համար։ Հիվանդության պատմագիրն ունի մի քանի բաժիններ`

  • տիտղոսաթերթ,
  • ընդունարանի բժշկի զննման տվյալները,
  • բաժանմունքի բժշկի առաջնային զննման տվյալները,
  • օրագրերի գրառումները,
  • լրացուցիչ հետազոտման մեթոդների արդյունքները և մասնագետների խորհրդատվությունները,
  • էպիկրիզը (փուլային և դուրսգրման)։

Օրագիր[խմբագրել]

Օրագրում ամենից առաջ հարկավոր է արտացոլել գանգատների դինամիկան և տարբեր օրգան-համակարգերի կողմից հայտնաբերվող փոփոխությունները։ Օրագրում կարող են լրացումներ լինել անամնեզի, հիվանդության մասին բժշկի սեփական տպավորության և հիվանդության ընթացքի վրա ազդող հավանական գործոնների վերաբերյալ, այն մասին, թե ինչպես է հիվանդը տանում բուժումը, ինչպես նաև դեղերի արդյունավետության և դրանց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ եզրակացությունը։

Ջերմաչափման թերթիկ[խմբագրել]

Շատ կարևոր է ջերմաչափման թերթիկի ճիշտ ձևակերպումը, որն անհրաժեշտ է միաժամանակ գրանցել նաև օրագրում։ Ջերմաչափման թերթիկում ամրագրվում է առավոտյան և երեկոյան ժամերի մարմնի ջերմաստիճանը, կարմիր գույնով նշվում է պուլսը, անհրաժեշտության դեպքում շնչառության հաճախությունը, գրանցվում են զարկերակային ճնշման ցուցանիշները, օրական դիուրեզը և ընդունած հեղուկի քանակը (հեղուկի օրական հաշվեկշիռ), դեֆեկացիայի հաճախությունը, մարմնի զանգվածը։

Նշանակման թերթիկ[խմբագրել]

Այս բաժնում բժիշկը նշում է դեղորայքային և այլ բուժումները։

Էպիկրիզ[խմբագրել]

Տարբերում են փուլային (էտապային) և դուրսգրման էպիկրիզներ։ Փուլային էպիկրիզում պարբերաբար (7-10 օրը մեկ անգամ) գնահատվում է հիվանդի վիճակը, նշումներ են կատարվում հետագա հետազոտությունների և բուժման մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ։ Դուրսգրման էպիկրիզը ձևակերպվում է հիվանդին հիվանդանոցից դուրս գրելիս, որում նշվում է ախտորոշումը, սեղմ ներկայացվում է անամնեզը, զննման և հետազոտման տվյալները (ախտաբանական և տարբերակիչ ախտորոշման համար կարևոր տվյալները), նկարագրվում է բուժումը, հիվանդի վիճակի դինամիկան, նշվում են հետագա բուժկանխարգելիչ միջոցառումների, աշխատունակությունը վերականգնելու նպատակով տրված խորհուրդները։ Հատուկ նշանակություն է տրվում ախտորոշման հիմնավորմանը։

Հղումներ[խմբագրել]