Բեռնարկղ (գյուղատնտեսական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեռնարկղ, կոնտեյներ (<անգլ. Contain – տեղավորել), գյուղատնտեսական մթերքների ու թռչունների տեղափոխման և պահպանման չափորոշված տարողություն։

Գյուղատնտեսության մեջ բեռնարկղով տեղափոխում են կարտոֆիլ, բանջարեղեն (կաղամբ, սոխ, արմատապտուղներ), պտուղներ, նաև՝ ձու, ճտեր, սպանդի համար նախատեսված, խոտանված և հասուն թռչուններ։

Բուսաբուծական արտադրանքի համար օգտագործվող բեռնարկղերը, որպես կանոն, բաց, հավաքովի մետաղակմախքի վրա ամրացվող տարբեր չափերի ու տարողությունների արկղեր են։ Բեռնարկղերի հատակը և կողապատերը պատրաստում են 30 մմ հաստության և 50 մմ լայնության փայտե շերտաձողերից (որոնց միջև հեռավորությունը 25–30 սմ է)։ Պահեստարան բերված ապրանքով բեռնավորված բեռնարկղերն ամբարձիչով դնում են իրար վրա՝ 4–5 մ բարձրության դարակներով. դրանց միջև թողնելով անցումներ՝ պահվող մթերքի խնամքի և զննության համար։ Օգտագործում են նաև բեռնարկղ-տակդիրներ՝ փոքրածավալ տարաներում մթերքը պահելու և տեղափոխելու համար։ Ձու և հավ տեղափոխող բեռնարկղեր կազմված են 1–5-շարքանի դարակներով մետաղե հիմնակմախքից, հոծ կամ ցանցավոր միջապատերից, հետևի պատերից, սևեռակավոր դռնակներից (մթերքը դարսելու և հանելու համար), շարժական կամ անշարժ հարթհատակներից, հիմնակմախքը հենահարթակին ամրացնելուհամար նախատեսված շրջանակից և անիվներից։

Թռչնաբուծական ձեռնարկություններում ձվերով բեռնված անշարժ բեռնարղերի ներտնտեսական տեղափոխությունների համար օգտագործում են ամբարձիչներ։ Արդյունաբերական թռչնաբուծության մեջ առավել տարածված են շարժուն բեռնարկղեր, որոնք նախատեսված են տարայում (թմբավոր միջադիրներով կամ տուփերով) դասավորված 2880–4320 ձվի համար։ Թռչուններ տեղափոխելիս բեռնարկղերում տեղադրում են ցանցավոր վանդակներ՝ 40–400 թռչնի համար։

Բեռնարկղերը տեղափոխում են բեռնարկղատար կամ թափքավոր ավտոմեքենաներով, տրանսպորտային հենահարթակներով։ Բեռնարկղեր դյուրացնում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները, մեքենայացումը, մեծացնում աշխատանքի արտադրողականությունը և մթերքի պահպանման ժամկետը, նվազեցնում փոխադրածախսերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։