Բացարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացարկ, քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում մատնանշված մասնակիցների հեռացումը գործի քննությունից, երբ կասկածի տակ է առնվում նրանց անաչառությունը։ Դատավորը, ժողովրդական ատենակալը, դատախազը, քննիչը, հետաքննություն կատարող անձը, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, մասնագետը, թարգմանը (քաղաքացիական դատավարությունում՝ նաև հասարակական կազմակերպության կամ աշխատավորների կոլեկտիվի ներկայացուցիչը և դատական կատարածուն) չեն կարող մասնակցել գործի քննությանը, եթե ուղղակի կամ անուղղակի կերպով շահագրգռված են գործի ելքով։ Դատավորի (նաև մյուս մասնակիցների) դեմ դատավարության կողմերը կարող են հայտնել կամ դատավորը (նաև մյուս մասնակիցներից յուրաքանչյուրը) պարտավոր է ինքնաբացարկման միջոցով հրաժարվել գործին մասնակցելուց, եթե տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող է․ եթե ազգակցական կապի մեջ է դատավարության որևէ մասնակցի հետ․ եթե տվյալ գործին մասնակից է եղել, եթե նրա օբյեկտիվության մասին կասկած հարուցող այլ հանգամանքներ կան։ Դատավորի դեմ հայտարարված բացարկը նրա բացակայությամբ լուծում են մնացած դատավորները։ Դատարանի կազմի, դատախազի, փորձագետի, մասնագետի, թարգմանի, դատական նիստի քարտուղարի դեմ հայտարարված բացարկին լուծում է դատարանն իր ողջ կազմով, ձայների պարզ մեծամասնությամբ։ Քննիչի կամ հետաքննություն կատարող անձի բացարկը լուծում է դատախազը։ Հետաքննության և նախաքննության ժամանակ դատախազի բացարկի հարցը վճռում է վերադաս դատախագը, իսկ թարգմանի, մասնագետի և փորձագետի բացարկը համապատասխանաբար՝ հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ դատախազը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 340