Բաթիսկաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տրիեստ» բաթիսկաֆը

Բաթիսկաֆներ, ծովերի և օվկիանոների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել։ Հունարեն «բաթիսկաֆ» նշանակում է խոր նավ։ Այն նման է սուզանավի, սակայն նրա լողան-իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով, որը մեծ խորություններում ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից թեթև է։ Բաթիսկաֆներն օգտագործվում են գիտական հետազոտությունների, ինչպես նաև ստորջրյա նավթային հենահարթակների ու նավթամուղների կառուցման և նորոգման համար։ Բաթիսկաֆները հիմնականում նախատեսված են 1֊3 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թեև դրանց մի մասում տեղադրվում են միայն սարքեր (օրինակ՝ հեռուստախցիկներ)։ Իրեր տեղափոխելու և ծովի հատակից փորձանմուշներ վերցնելու համար բաթիսկաֆի անձնակազմն օգտագործում է բռնիչ-ձեռնանմանակներ (մանիպուլյատորներ)։

Առաջին բաթիսկաֆը 1948 թվականին ստեղծել է շվեյցարացի գիտնական Օգյուստ Փիքարը։ 1960 թվականին այդ գիտնականի որդին՝ Ժակ Փիքարը Դեյվիդ Ուոլշի հետ միասին բաթիսկաֆով հասավ Խաղաղ օվկիանոսում գտնվող ամենախոր՝ Մարիանյան իջվածքի հատակը, որի խորությունը 11022 մետր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png