Նավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավ
Նավակ
Նավակ

Մարդիկ նավեր և նավակներ կառուցել են շատ վաղուց։ Արդեն մ.թ.ա. 4000 թ-ին հին եգիպտացիները կարողանում էին հնդկեղեգից նավակներ պատրաստել։ Հին հույներն ու հռոմեացիները նավարկում էին թիանավերով։ Մոտավորապես 3 հզ. տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք, բացի թիերից, նաև առագաստներ ունեին։ Այդ նավերը ծովով բեռներ էին փոխադրում, դուրս գալիս ռազմերթի։ Դեռևս մեր թվականությունից հազար տարի առաջ փյունիկեցիները և հույները պատրաստում էին առագաստաթիավոր փայտե ռազմանավեր՝ գալերներ։ 700–1000 թթ-ին վիկինգներն իրենց ռազմական երկարաքիթ առագաստանավերով՝ դրակարներով, նվաճեցին գրեթե ողջ Հյուսիսային Եվրոպան։ Չինացիները ծովերով երթևեկում էին ջոնկաներով՝ քառանկյուն առագաստներով խոշոր հարթահատակ նավերով։

Ժամանակի ընթացքում նավերի տեղաշարժման համար ավելի ու ավելի հաճախ սկսեցին օգտագործել քամու ուժը։ Առագաստների թիվը գնալով ավելանում էր, մեծանում էին նավերի չափերը, աճում էին բեռնատարողությունն ու արագությունը։ Ամենաարագընթացները եռակայմ կամ քառակայմ առագաստանավերն էին՝ քլիպերները (անգլերեն «քլիպ»՝ կտրել, այսինքն՝ փոքրացնել երթևեկության ժամանակը)։ Անգլիական «Քեթի Սարկ» քլիպերը համընթաց քամու ժամանակ մեկ օրում անցնում էր մոտ 400 մղոն՝ ավելի քան 700 կմ։ Ժամանակակից ամեն շոգենավ չէ, որ կարող է մեկ օրում այդքան ճանապարհ անցնել։ 1850-ական թվականներին բրդով բեռնված քլիպերը Ավստրալիայից Անգլիա հասավ ընդամենը երկու ամսում։ Քլիպերները մեծ արագություն էին զարգացնում միայն համընթաց քամու ժամանակ, իսկ հանդարտ եղանակին նույնիսկ լավագույն առագաստանավն ամիսներով ճոճվում էր տեղում։

1807 թ-ին ամերիկացի Ռ. Ֆուլտոնը նավի վրա շոգեմեքենա հարմարեցրեց։ Այդ ժամանակից սկսած՝ նավերը դադարեցին ենթարկվել քամու քմահաճույքին։ Առաջին շոգենավերը թիանվավոր էին, որոնցով և նավն առաջ էր շարժվում։ Միաժամանակ շոգենավերում պահպանվում էին նաև առագաստները, որոնք օգտագործում էին թիանիվների ջարդվելու կամ շոգեմեքենայի խափանվելու դեպքերում։ XIX դարի 1-ին կեսին թիանիվների փոխարեն շոգենավերում սկսեցին տեղադրել թիապտուտակներ։ XX դարի սկզբին երևան եկան ներքին այրման շարժիչներով նավեր՝ ջերմանավեր, որոնք օգտագործվում էին ամենաբազմապիսի աշխատանքների համար։ Ջերմանավերը (նաև սուզանավերը) համալրում էին ռազմածովային նավատորմի կազմը։ Ձկնորսանավերով օվկիանոսներում ձուկ են որսում, հենց որսավայրում վերամշակում ու սառեցնում են որսը, նաև պահածոներ պատրաստում։ Ժամանակակից բեռնանավերն արագորեն բեռնելու կամ բեռնաթափելու համար բեռները նախապես տեղավորում են խոշոր՝ բեռնարկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 3–5 տոննա։ Իսկ մարդատար նավերը լողացող «քաղաքներ» են, որոնցում կան հանգստասրահներ, մարզահրապարակներ, լողավազաններ, գրադարան, կինոհամերգասրահներ, ռեստորաններ։ Մի նավահանգստից մյուսն ավելի արագ կարելի է հասնել ստորջրյա թևեր ունեցող նավերով, որոնք արագ ընթացքի ժամանակ նավը բարձրացնում-պահում են ջրի մակերևույթին, և այն սլանում է ժամում ավելի քան 100 կմ արագությամբ։ Գնալով նավերը դառնում են ավելի բեռնատարողունակ ու արագընթաց, ավելի հեշտությամբ են հաղթահարում ճանապարհին հանդիպող արգելքները։ Հզոր ատոմագնացները սառույցների միջով ճանապարհ են բացում առևտրական, ձկնորսական ու մարդատար նավերի համար։ Ջրի, ծանծաղուտների, ճահիճների և նույնիսկ գետնի վրայով ժամում մինչև 150 կմ արագությամբ սլանում է օդաբարձիկով նավը, որին ջրից կամ գետնից վեր է պահում սեղմած օդի «բարձիկը»։ Ժամանակակից նավերի շարքում կան նաև գիտական հետազոտությունների համար նախատեսված նավեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png