Արմո Ծատրյան
Արմո Ծատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Խնապատ, Խոջալուի շրջան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Արմո Մարդիի Ծատրյան (մարտի 25, 1947, Խնապատ, Խոջալուի շրջան), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր՝ Արցախի «Ժողովրդավարություն» կուսակցությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմո Ծատրյանը ծնվել է 1947 թվականի մարտի 25-ին, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1965 թվականին։ 1970 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը։
1970-1971 թվականներին որպես ինժեներ-մեխանիկ աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային կաթի կոմբինատում[1]։
1971-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1972-1976 թվականներին եղել է կաթի կոմբինատի ինժեներ-տեխնոլոգ, 1976-1980 թվականներին՝ կաթի կոմբինատի գլխավոր ինժեներ, 1980-1991 թվականներին՝ կաթի կոմբինատի տնօրեն։
Արմո Ծատրյանը ընտրվել է մարզխորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի պլենումի, բյուրոյի անդամ, «Կռունկ» կոմիտեի անդամ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ։ 1989-1991 թվականներին ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ։
1991 թվականից եղել է Լեռնային Ղարաբաղի մարզային ագրոարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ, մարզային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1992-1994 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար[2]։
1994-1997 թվականներին Արմո Ծատրյանը զբաղեցրել է Պաշտպանության պետական կոմիտեի Ասկերանի շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։
1997-2001 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար, 2001-2005 թվականներին՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար, 2005 թվականին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար, 2007-2009 թվականներին՝ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, 2009-2011 թվականներին՝ գյուղատնտեսության նախարար։ 2011 թվականին Արմո Ծատրյանը եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ։
2012-2013 թվականներին զբաղեցրել է «Արցախ–կաթ» ՓԲԸ տնօրենի պաշտոնը։ 2013 թվականին եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից։ 2015 թվականի մայիսի 21-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նահագահի տեղակալ։
Եղել է Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է[3]։
Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։
Պագևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան(Արցախի Հանրապետության նախագահի թիվ 53-Ա հրամանագիր, 30.08.2011թ.)
- «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 200-Ա հրամանագիր, 30.08.2016թ.)
- «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 255 հրամանագիր, 01.09.2001թ.)
- «Անանիա Շիրակացի» մեդալ
- «Մայրական երախտագիտություն» մեդալ
- Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՈՐՏԵՂ ԷԼ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ, ՁԳՏԵԼ ԵՄ ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ ԴՆԵԼ ԱՅԴ ՈԼՈՐՏՈՒՄ
- ↑ «Ծատրյան Արմո Մարդիի». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «ԾԱՏՐՅԱՆ ԱՐՄՈ ՄԱՐԴԻԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.