Արբիտրաժային համաձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արբիտրաժային համաձայնությունը (arbitration agreement կամ arbitration clause) պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ[1]։ Արբիտրաժային համաձայնությունը կողմերի ազատ կամարտահայտության վրա հիմնված համաձայնություն է, որի միջոցով նյութական իրավահարաբերության կողմերը կոնկրետ իրավահարաբերության շրջանակներում կանխորոշում են սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ձևը՝ մի կողմից բացառելով ազգային դատարանների իրավասությունը կողմերի միջև առկա կամ սպասվող հնարավոր վեճերի նկատմամբ (Negative enforcement: Lack of jurisdiction of courts), մյուս կողմից նշված իրավասությունը վերապահելով արբիտրաժային դատարանին (Positive enforcement: the “submission agreement”)[2]: Արբիտրաժային ողջ գործընթացում արբիտրաժային համաձայնությունն ունի առանցքային դերակատարություն։ Այն ոչ միայն հանդիսանում է արբիտրաժային վարույթի ծագման հիմքը, այլ նաև կատարում է կարգավորիչ գործառույթ։ Արբիտրաժային համաձայնությամբ վիճելի իրավահարաբերության կողմերը կարող են համաձայնության գալ վեճի լուծման ընթացակարգի առանցքային այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են արբիտրաժի վայրը, լեզուն, կիրառման ենթակա իրավունքը, արբիտրների թվաքանակը և այլն[3]։

Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես հիմնական պայմանագրում արբիտրաժային վերապահում (arbitration clause) կատարելու, այնպես էլ հիմնական պայմանագրից առանձին արբիտրաժային համաձայնագիր կնքելու միջոցով։ Բոլոր դեպքերում արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր։ Համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելով, կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ։ Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն այն պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձևով, և տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս։ Արբիտրաժային համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված նաև, եթե արբիտրաժային համաձայնության մասին մի կողմի գրավոր առաջարկությունը որևէ ձևով ընդունել է մյուս կողմը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենք». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Dispute settlement, International commercial arbitration». unctad.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Հովհաննիսյան Վ․Վ․, Առևտրային արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում». www.ysu.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.