Ավտոմեքենայի բեռնաթափիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմեքենայի բեռնաթափիչ, կողեզրավոր ավտոմեքենաների և դրանց կցանքների թափքերից սորուն նյութերի (ցորեն, խիճ, տորֆ և այլն) բեռնաթափման սարք։ Օգտագործվում է հատիկամաքրող և հատիկամաքրող-չորացնող տեղամասերում, համակցված կերի գործարաններում, շինարարական հրապարակներում և այլն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենայի բեռնաթափիչները լինում են անշարժ և շարժական (նաև՝ ինքնագնաց)։ Ավտոմեքենան իր ընթացքով բարձրանում է հենահարթակին, ապա բացում են կողեզրերը, հենահարթակը թեքվում է հետ (փակուղային ավտոմեքենայի բեռնաթափիչը) կամ կողքի (աննումային ավտոմեքենայի բեռնաթափիչը), և բեռը թափվում է պահեստարանի մեջ։ Հենահարթակը թեքելու համար սովորաբար օգտագործում են հիդրոամբարձիչներ, երբեմն՝ մեխանիկական շարժաբեր։ Ավտոմեքենայի բեռնաթափիչը կարող է բեռնաթափել ինչպես առանձին ավտոմեքենաներ, այնպես էլ ավտոգնացք (կցանքով կամ առանց դրա)։ Ավտոմեքենայի բեռնաթափիչի բեռնունակությունը 10–30 տոննա է, մեկ ավտոմեքենայի բեռնաթափման տևողությունը՝ 1,2–2,5 րոպե, մեկ կցանվող ավտոգնացքինը՝ 2,5–4 րոպե։ Հենահարթակի թեքման առավելագույն անկյունը 38° է, էլեկտրաշարժիչների հզորությունը՝ 10–20 Կիլովատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։