Աշնանացան մշակաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշնանացան մշակաբույսեր

Աշնանացան մշակաբույսեր, միամյա մշակաբույսեր, որոնք աշնանը ցանելուց հետո բնականոն զարգանում են, իսկ բերք տալիս են հաջորդ տարում։

Վեգետացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանացան մշակաբույսերն ունեն 2 ակտիվ վեգետացիայի շրջան. աշնանային (40–45 օր), որի ընթացքում ձևավորվում են արմատային համակարգն ու վեգետացիայի վերգետնյա օրգանները և, ենթարկվելով ցածր ջերմաստիճանների ազդեցությանը, կոփվում են, և գարուն-ամառային (75–100 օր), երբ զարգանում են բազմացման օրգանները։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանացան մշակաբույսեր են հացաբույսերը (աշնանացան ցորեն, աշորա, գարի), ձիթատու բույսերը (աշնանացան կոլզա, հլածուկ, սորուկ), բակլազգիները (աշնանացան վիկ)։ Սովորաբար աշնանացան մշակաբույսեր աճեցնում են համեմատաբար մեղմ ձմեռ և կայուն ձնածածկույթ ունեցող շրջաններում, առավել մեծ տարածում ունի աշնանացան ցորենը, որը Եվրոպայի ու ԱՄՆ-ի հիմնական հացաբույսն է։

Սովորաբար աշնանացան մշակաբույսերն ավելի բարձր բերք են տալիս, քան գարնանացան բույսերը, քանի որ ավելի լավ են օգտագործում հողում գարնանային խոնավության պաշարները, լավ նախորդներ են գարնանացան բույսերի համար, նվազեցնում են գարնանային գյուղատնտեսական աշխատանքների լարվածությունը։ Աշնանացան մշակաբույսերը հաճախ օգտագործում են միջանկյալ ցանքերում, հատկապես ոռոգովի երկրագործության շրջաններում։ Դա թույլ է տալիս անասնապահության համար ստանալ զգալի քանակությամբ կերեր։

Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին ցանվել է 73,45 հազար հա, 2012 թվականին՝ 91 հազար հա աշնանացան ցորեն, միջին բերքը կազմել է 28,9 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։