Աշխատանքի լարունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի լարունություն, աշխատանքի լարվածության աստիճան արտադրության պրոցեսում, որոշվում է ժամանակի միավորի ընթացքում ֆիզիկական և նյարդային ուժերի ծախսումներով։ Աշխատանքի լարունության բարձրացումը ենթադրում է միևնույն ժամանակամիջոցում աշխատանքի ավելի մեծ ծախսում, երբ աճում է և՛ արտադրվող արդյունքների քանակը, և՛ դրանց մեջ պարունակվող աշխատանքի մեծությունը։ Քանի որ արդյունքների քանակի աճն ուղիղ համեմատական է աշխատանքի ծախսումներին, ուստի յուրաքանչյուր միավորի արտադրության վրա ծախսվող աշխատանքի մեծությունը մնում է անփոփոխ։ Մինչդեռ մեծանում է նոր ստեղծվող արժեքը, որովհետև աճում են կենդանի աշխատանքի ծախսումները։ Տարբերում են նորմալ, անհրաժեշտ և չափազանց բարձր աշխատանքի լարունություններեր։ Նորմալ աշխատանքի լարունության դեպքում, աշխատանքից հետո՝ հանգստի ժամանակաշրջանում լրիվ վերականգնվում է աշխատողի աշխատունակությունը։ Չափազանց բարձր աշխատանքի լարունությունը հյուծում է նրա օրգանիզմը, հասցնում անաշխատունակության։ Նորմալ աշխատանքի լարունությունը աշխատանքի արտադրողականության գործոններից է, կազմում է հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակի տարր։ Կապիտալիստական հասարակարգում աշխատանքի լարունության բարձրացումը հավելյալ արժեքը մեծացնելու միջոց է։ Իմպերիալիզմի ժամանակ մոնոպոլիաները բարձր շահույթ ստանալու նպատակով կիրառում են աշխատանքի լարունությունը բարձրացնելու ձևեր ու մեթոդներ՝ աշխատանքի կազմակերպման «քրտնաթոր» սիստեմներ, ինչպես, օրինակ՝ թեյլորիզմը, ֆորդիզմը։ Սոցիալիզմի պայմաններում աշխատանքի ռացիոնալ կազմակերպումն ապահովում է մարդու ֆիզիկական ու հոգևոր կարողությունների նպատակահարմար օգտագործումն ու զարգացումը, նրա աշխատունակության պահպանումն ու բարձրացումը։ Աշխատանքի և հանգստի կարգ սահմանելիս նկատի է առնվում նորմալ–անհրաժեշտ աշխատանքի լարունության ապահովումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 473