Անոթալայնիչ դեղանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոթալայնիչ դեղանյութեր, արյունատար անոթների կտրուկ նեղացումը (կծկանքը) կանխող կամ վերացնող դեղանյութեր։ Դրանց կիրառումը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը։ Այդ դեղանյութերը նշանակում են հիպերտոնիկ հիվանդության, ինչպես նաև անոթների կծկանքով ուղեկցվող այլ հիվանդությունների բուժման համար։

Մի շարք անոթալայնիչ դեղանյութեր ընտրողաբար են ազդում որոշ օրգանների, օրինակ՝ սրտի անոթների վրա և կիրառվում են կրծքային հեղձուկը, սրտամկանի ինֆարկտը և այլ հիվանդություններ բուժելիս։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ազդեցության մեխանիզմի՝ տարբերում են մկանահակ (միոտրոպ) և նյարդահակ (նեյրոտրոպ) անոթալայնիչ դեղանյութեր։ Առաջինները (դիբազոլ, մագնեզիումի սուլֆատ և այլն) ազդում Են անմիջապես անոթների պատերի մկանների վրա և իջեցնում դրանց լարվածությունը։

Նյարդահակ անոթալայնիչ դեղանյութերը (կլոֆելին, ռեզերպին և այլն) լայնացնում են անոթները՝ ազդելով անոթային տոնուսը կարգավորող նյարդերի վրա (կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգում)։ Որոշ դեղանյութեր ազդում են խառը մեխանիզմով։

Անոթալայնիչ դեղանյութերը տարբերվում են արդյունքի դրսևորման արագությամբ և ազդեցության տևողությամբ։ Այսպես՝ հիպերտոնիկ հիվանդության բուժման համար կիրառվող պատրաստուկները (կլոֆելին, ռեզերպին և այլն) ազդում են երկարատև (առնվազն մի քանի ժամ), ընդ որում՝ արդյունքի առաջացման արագությունը, որպես կանոն, մեծ չէ։ Սրտի անոթների կծկանքը վերացնող դեղանյութերը պետք է արագ (մի քանի վայրկյանում) ազդեն, քանի որ կրծքային հեղձուկի նոպան կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Նման հատկությամբ է օժտված նիտրոգլիցերինը։

Անոթալայնիչ դեղանյութերը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430