Անալոգիա (լեզվաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անալոգիա, մեթոդ, որի միջոցով բացահայտվում են նմանությունները ոչ նույնական օբյեկտների միջև։

Ըստ համաբանության, եթե օբյեկտների միջև առկա են որոշ կարգի նման հատկանիշներ, ապա հնարավոր է, որ նրանք ունենան նաև այլ նման հատկանիշներ։ Անալոգիան կիրառվում էր գիտության զարգացման վաղ փուլերում, նրա եզրակացությունները երբեմն հենվում էին արտաքին և երկրորդական հատկանիշների վրա։ Հետագայում նրան ավելի շատ փոխարինում են համակարգված դիտարկումն ու գիտափորձը, և անալոգիան կորցնում է իր բացատրողական մեթոդի նշանակությունը։ Բայց այն կարող է մատնանշել լուծում պահանջող խնդիրներ։ Օր.՝ անալոգիայի շնորհիվ, հենվելով ձայնային ալիքների հատկությունների վրա, բացահայտվեց լույսի և էլեկտրամագնիսական դաշտի ալիքային բնույթը։ Համաբանությունն առանձին վերցրած ապացուցողական ուժ չունի, ուստի այն պետք է կիրառել ճանաչողության այլ ձևերի հետ միասնաբար, մասնավորապես, դրվում է համաբանական հատկանիշների ճիշտ ընտրության պահանջը։

Լեզվաբանության մեջ համաբանության մեթոդը կիրառվում է լեզվական փոփոխությունների, հատկապես հնչյունական օրենքների և դրանց բացառությունների բացատրության համար, քանի որ լեզվական փոփոխությունների մեջ համաբանությունը զգալի դեր է խաղում։ Համաբանության կարևոր դերը մատնանշում էին պատմահամեմատական մեթոդի կիրառողները, հատկապես երիտքերականները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղայան Էդ., Լեզվաբանության ներածություն, Երևան, 1987։
  • Աճառյան Հր., Լիակատար քերականություն, հտ. 6-րդ, Երևան, 1955։