Ակտիվ վերահսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ վերահսկում, հաստոցի վրա կամ հաստոցից դուրս անմիջական մշակման պրոցեսում դետալների վերահսկում, որն ինֆորմացիա է տալիս մշակման ռեժիմի փոփոխության կամ հաստոցի հարմարաբերման (գործիքի և դետալի միջև դիրքի փոփոխում) անհրաժեշտության մասին։ Կիրառվում է գլխավորապես հղկիչ և հոնինգման հաստոցներով վերջնամշակում կատարելիս։ Առանձնացվում է հարմարաբերման ակտիվ վերահսկում, որի դեպքում չափից ինֆորմացիան (հիմնված է հաստոցից դուրս դետալների խմբի կամ վերջնամշակված դետալի չափման արդյունքի վրա) կիրառվում է հաստոցն ավտոմատ հարմարաբերելու կամ կանգնեցնելու համար։ Հարմարաբերման ակտիվ վերահսկման սարքերը երբեմն կատարում են վերահսկման ավտոմատների (տես Վերահսկում ավտոմատ) ֆունկցիաներ։ Ակտիվ վերահսկում կարող է իրականացվել անուղղակի (վերահսկվում է հաստոցի տարրերի, օրինակ, հղկասկավառակի, սուպորտի դիրքը) և ուղղակի (վերահսկվում է անմիջապես դետալը) չափումների մեթոդներով։ Ակտիվ վերահսկում կարող է լինել ձեռքի(սարքի ցուցմունքները դիտելով հաստոցը կառավարում է բանվորը) կամ ավտոմատ (հաստոցի կառավարումն իրականացվում է հաստոցի վրա կամ հաստոցից դուրս տեղակայված սարքի տված հրամանների օգնությամբ)։ Ակտիվ վերահսկման սարքերը լինում են հրամանային (կարող են ունենալ հաշվարկային կամ ազդանշանային սարքեր), ցուցիչ, ազդանշանային և ազդանշան-ցուցիչ։ Ըստ հաստոցի վրա չափիչ տարրերի տեղադրման եղանակի, ակտիվ վերահսկման սարքերը լինում են կախովի (դետալի վրա տեղադրում և դետալի վրայից հանում է օպերատորը) և սեղանի (դետալը տեղադրվում և հանվում է ավտոմատ չափոցներով)։ Ըստ գործողության սկզբունքի, ակտիվ վերահսկման սարքերը կարող են լինել մեխանիկական, պնեմատիկ, ինդուկտիվ, ունակային։ Սարքերը լարվում են ըստ նմուշադետալի։ Հատուկ խումբ են կազմում լծորդված հղկման սարքերը, որոնց օգնությամբ կարելի է լիսեռը չափել մշակման պրոցեսում և անջատել հաստոցը, երբ լիսեռն ընդունում է ’այնպիսի չափեր, որոնք ապահովում են նախապես մշակված անցքով պահանջվող բացակ կամ ձգվածք։ Ակտիվ վերահսկումն իրականացվում է գլխավորապես զանգվածային և խոշոր սերիական արտադրության մեջ։ Երբեմն նպատակահարմար է այն կիրառել դետալների փոքր խումբ (մինչև 10 հատ) մշակելու դեպքում։ Ակտիվ վերահսկման կիրառում հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, բարելավել մշակման որակը, միաժամանակ սպասարկել մի քանի հաստոց, ստանալ դետալների բարձր ճշգրտություն, այդ աշխատանքներում ներգրավել համեմատաբար ոչ բարձր որակավորում ունեցող օպերատորների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 393