Ազատ ծրագրային ապահովման արտոնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ազատ ծրագրակազմային արտոնագիրն այնպիսի ծրագրակազմային արտոնագիր է, որը ծրագիրը ստացողներին շնորհում է ծրագրակազմը ձևափոխելու և վերաբաշխելու իրավունքներ, ինչն այլ պարագայում արգելվում է հեղինակային իրավունքի օրենքով: Ազատ ծրագրակազմային արտոնագիրը ստացողներին շնորհում է ազատություններ` հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը ձևափոխելու կամ բաշխելու թույլտվության տեսքով: Նման արտոնագրի տակ թողարկած ծրագրային ապահովումը, համարվում է ազատ ծրագրային ապահովում։

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

1980-ականների կեսին GNU նախագիծն անհատական ազատ ծրագրակազմային արտոնագրեր շնորհեց իր ծրագրակազմային փաթեթներից յուրաքանչյուրի համար: Դրանց բոլորին 1989 թ փոխարինեց GNU հանրային արտոնագրի (GPL) 1-ին տարբերակը: GPL-ի 2-րդ տարբերակը, որը ստեղծվեց 1991-ին, դարձավ ամենագործածվող ազատ ծրագրակազմային արտոնագիրը:

1990-ականների կեսից մինչև վերջը տարբեր ընկերություններ սկսեցին նոր արտոնագրեր գրել: Արտոնագրերի այս արագաճը հանգեցրեց արտոնագրերի բարդության ու համատեղելիության հետ կապված խնդիրների: 2000-ականների սկզբին այդ միտումը դանդաղեց և, ինչ-որ առումով, հակառակ ընթացք ստացավ:

FSF-ի հավանությանն արժանացած ազատ ծրագրակազմային արտոնագրեր [խմբագրել]

Free Software Foundation (FSF), որը տվել է ազատ ծրագրակազմի սահմանումը, ունի ազատ ծրագրակազմային արտոնագրերի ցուցակ, որում առանձնացված են այն ազատ ծրագրակազմային արտոնագրերը, որոնք համատեղելի կամ անհամատեղելի են FSF-ի արտոնագրերին, և GNU հանրային արտոնագիրը, որը հեղինակային իրավչունքի արտոնագիր է: Ցուցակում ընդգրկված են նաև արտոնագրեր, որոնք FSF-ը տարբեր պատճառներով ազատ չի համարում:

OSI-ի հավանությանն արժանացած «բաց ելակետային» արտոնագրեր [խմբագրել]

Մեկ այլ խումբ` Բաց ելակետային նախաձեռնությունը (OSI), նույնպես ունի OSI-ի հավանությանն արժանացած արտոնագրերի ցուցակ: OSI-ը և FSF-ը համաձայնության են գալիս բոլոր լայնորեն կիրառվող ազատ ծրագրակազմային արտոնագրերի հարցում: OSI-ի ցուցակը տարբերվում է FSF-ի ցուցակից, քանի որ երկու կազմակերպությունները քննել են տարբեր արտոնագրեր: Կան մի քանի արտոնագրեր, որ OSI-ի հավանությանն արժանացել են, իսկ FSF-ի հավանությանը` ոչ, և հակառակը, սակայն դրանք արտոնագրեր են, որոնք խիստ սահմանափակ կիրառում ունեն:

Սահմանափակումներ [խմբագրել]

Ազատ ծրագրակազմերից օգտվելու, դրանք ուսումնասիրելու, ձևափոխելու և վերաբաշխելու ազատությունը պահպանելու համար ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասն ունի պահանջներ և սահմանափակումներ, որոնք վերաբերում են բաշխողներին: Ազատ ծրագրակազմային հանրության մեջ ընթանում է բանավեճ` ազատությունը պահպանող և կրճատող սահմանափակումների միջև ոսկե միջինը գտնելու մասին:

1990-ականներին ազատ ծրագրակազմային արտոնագրերը սկսեցին ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսին է պատենտների հակադարձումը (patent retaliation), որպեսզի պաշտպանություն ապահովեն ծրագրակազմային պատենտային դատավարություններից, որոնք մինչ այդ բացակայում էին: Այդ նոր սպառնալիքը դարձավ GNU GPL-ի նոր` 3-րդ տարբերակի ստեղծման հիմնական պատճառը: 2000-ականներին որպես մի նոր սպառնալիք ձևավորվեց տիվոիզացիան (tivoization), որից ազատ ծրագրակազմային որոշ ներկա արտոնագրեր գործածողներին չեն պաշտպանում:

Հեղինակային իրավունք (Copyleft) [խմբագրել]

1980-ականների կեսից Ռիչարդ Սթոլմանի գրած ազատ ծրագրակազմային արտոնագրերում առաջ քաշվեց հեղինակային իրավունքի հասկացությունը: Ձևավորված հեղինակային իրավունքի դրույթները պահանջում են, որ ազատ ծրագրակազմերի ձևափոխված տարբերակները բաշխվեն նույն պայմաններով, ինչ օրիգինալ ծրագրակազմը: Այսպիսով` հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրակազմի բոլոր բարելավումներն ու հավելումները նույնպես պետք է բաշխվեն որպես ազատ ծրագրակազմ: Սա երբեմն ներկայացվում է որպես «համօգտագործում և համօգտագործում նույն պայմաններով» կամ «quid pro quo».

Պատենտների հակադարձում (Patent retaliation) [խմբագրել]

Վերջերս գրված ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասը սկսած 1990-ականների վերջից ներառում է պատենտների հակադարձման որոշակի դրույթներ: Այս միջոցներն ապահովում են, որ արտոնագրով պաշտպանված անձի իրավունքները (օրինակ` վերաբաշխման) հնարավոր լինի դադարեցնել, եթե այդ անձը փորձում է հաստատել որոշակի պատենտային մենաշնորհ նշված հանգամանքներում: Օրինակ` Apple Public Source License-ը կարող է դադարեցնել գործածողի իրավունքները, եթե վերջինս իրենց դեմ գործ է սկսում` հիմնվելով պատենտային դատավարության դրույթի վրա: Պատենտների հակադարձումը ծագել է ի պատասխան ծրագրակազմային պատենտների արագ աճին ու չարաշահումներին:

Տիվոիզացիա (Tivoization) [խմբագրել]

GNU GPL-ի 3-րդ տարբերակը ներառում է հատուկ դրույթ, որն արգելում է թվային իրավունքների ղեկավարությանը (digital rights management - DRM) լրացուցիչ սահմանափակումներ կիրառել որոշ դեպքերում (DRM-ի նման գործողությունները կոչվում են «տիվոիզացիա»):

Հեղինակներ նշելը, հրաժարումներ և տեղեկացումներ [խմբագրել]

Ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասը պահանջում է, որ ձևափոխված ծրագրակազմերում չպետք է նշվի, որ դրանք ձևափոխված չեն: Որոշ արտոնագրեր նաև պահանջում են, որ նշվի, թե ում է պատկանում հեղինակային իրավունքը: Այդպիսի մի օրինակ է GNU GPL-ի 2-րդ տարբերակը, որը պահանջում է, որ փոխգործուն ծրագրերը, որոնք երաշխիքային կամ արտոնագրային տեղեկություններ են տպում, չպետք է հեռացնեն այդ տեղեկությունները բաշխման համար նախատեսված ձևափոխված տարբերակներից: