Քաղաքային լճակի ամբարտակ Իսետ գետի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Իսետ գետի վրա գտնվող քաղաքային լճակի ամբարտակ (ռուս.՝ Плоти́на Городско́го пруда́ на реке́ Исе́ть), ամբարտակ՝ տեղակայված Իսետ գետի վրա, Եկատերինբուրգի պատմական զբոսայգում։ Կառուցվել է 1723 թվականին, հետագայում բազմիցս վերակառուցվել է։ Քաղաքի բնակիչներն այն կոչում են «Պլոտինկա»։ Համաժողովրդական տոների և զբոսանքների անցկացման ավանդական վայրերից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի շինարարությունը սկսվել է 1721 թվականին Վ. Ն. Տատիշչևի որոշմամբ, այնուհետև դադարեցվել է Բերգ-Կոլեգիայի հավանության բացակայության պատճառով և վերսկսվել է 1723 թվականի մարտին Վիլհելմ դե Գենինի Ուրալ այցելությունից հետո։ Ամբարտակի շինարարությունն ավարտվել է 1723 թվականի սեպտեմբերի 11-ին[1]։ Ամբարտակը մեխանիկական էներգիա է հաղորդել Եկատերինբուրգի նորաստեղծ գործարանի մեխանիզմների գործունեության ապահովման նպատակով և ծառայել քաղաքի շինարարությունը սկսելու նպատակներին։ Իսետ գետի վրա ամբարտակի կառուցման արդյունքում առաջացավ լճակ, որը ներկայումս կոչվում է Եկատերինբուրգի քաղաքային լճակ։ Նախկին գործարանի մի քանի պահպանված շենքերում տեղակայված է Ուրալի ճարտարապետության և արդյունաբերական տեխնիկայի պատմության թանգարան։ Ամբարտակի առանցքով է անցնում Եկատերինբուրգի գլխավոր պողոտան, ներկայիս Լենինի պողոտան։

Ամբարտակը ունի 209 մետր երկարություն, 42 մետր լայնություն և 6,5 մետր բարձրություն։ Ամբարտակը կառուցված է քարերով և ընտիր կավով լցված գերանակապ հատվածքից, ուներ կենտրոնական և երկու կողային կտրվածքներ, որոնցով անցնում են դեպի անիվները գնացող երկու փայտե ջրատարներ։ Ամբարտակը նախագծել է Նեվյանսկի գործարանի պատվարի վարպետ Լ. Զլոբինը։ 1830-ական թվականներին Մ. Պ. Մալախովի նախագծով ամբարտակը ընդարձակվեց, իսկ 1886 թվականին այնտեղ պուրակ հիմնվեց և տեղադրվեցին Պյոտր I-ի և Եկատերինա I-ի կիսանդրիները (1917 թվականին կիսանդրիները նետվեցին Քաղաքային լճակ)։ 1958 թվականի մարտի 11-ին տեղադրվեց Պ. Պ. Բաժովի կիսանդրին։ 1972-1973 թվականներին Յու. Պ. Սերդյուկովի նախագծով ամբարտակը նորից ընդարձակվեց և երեսապատվեց գրանիտով, հենապատերի վրա տեղադրվեցին հարթաքանդակներ, իսկ եզրերին տեղադրվեցին քանդակներ, որոնք խորհրդանշում էին ուրալյան մետալուրգների հմտությունները։ 1998 թվականին եզրային բացվածքով անցում իրականացվեց Պատմական պուրակի ներքին սանդղավանդի վերին հարթակ, ամբարտակն էլ ամրացվեց երկաթբետոնյա ծածկով։

Քաղաքի հիմնադրման 275- ամյակի կապակցությամբ ամբարտակի տակով հետիոտնային թունելի անցկացման ժամանակ, 1998 թվականին հայտնաբերվեց, որ այն գտնվում է գերազանց վիճակում, չնայած դրա վրայով ինտենսիվ տրանսպորտային երթևեկությանը։

Շինություններ «պատվարի» վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգի գործարանի և Եկատերինբուրգի դրամատան շենքերն ու շինությունները`

  • Գլխավոր մասնաշենքի պատ
  • Չորացման մասնաշենք
  • Արտադրական մասնաշենք
  • Գծագրողների տուն
  • Պահեստների շենք
  • Ջրմուղ աշտարակ
  • Քարայր
  • Իսետի լճակի հին ամբարտակի մնացորդներ
  • Իսետ գետի վրայի թեք կամրջի գրանիտե կամրջակալներ
  • Գործարանային հոսպիտալ
  • Սատանի դարպասներ
  • Պատերի մնացորդներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В. Е. Звагельская. — Екатеринбург: Сократ, 2007. — Т. 1. Екатеринбург. — С. 284-286. — ISBN 978-5-88664-313-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]