Տունը, որտեղ...
Տունը, որտեղ... ռուս.՝ Дом, в котором… | |
---|---|
Հեղինակ | Մարիամ Պետրոսյան |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1991 |
Հրատարակման տարեթիվ | 2009 |
Պարգև(ներ) | , , , , և |
Վիքիքաղվածք | Տունը, որտեղ... |
«Տունը, որտեղ...», Մարիամ Պետրոսյանի վեպը, հրատարակվել է 2009 թ.։ Վառ և յուրահատուկ կերպով նկարագրում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները։ «Տունը» հաշմանդամ-երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել։ Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիքն սկսվել է գրվել դեռևս 1991 թ.[1], սակայն Տան գաղափարը և կերպարները մտահղացվել են ավելի շուտ։
«Գիրքը գրվել է մոտավորապես 97 թ.՝ այն տարբերակը, որը բավականաչափ մոտ է Ձեր կարդացածին։ Իսկ ամենաառաջինը, դրանից բոլորովին տարբերվող, գրվել է ութսունականների վերջին։ Ես սկեսցի գրել Տան մասին, երբ դրա հերոսների հասակակիցն էի, սակայն նրանց նկարել եմ ավելի վաղ, գրելուց առաջ։ Այնպես որ մտահղացումը և հերոսները անհամեմատ տարիքով են գրքից»:
Սկզբնապես գիրքը չուներ որոշակի սյուժե։ Այն պատմությունների հավաքածու էր, որը Մարիամը որոշեց միավորել մեկ գրքում[1] Ըստ հեղինակի, սկզբում նա մտածեց հերոսներին, ստեղծեց նրանց համար իրավիճակներ, իսկ հետո նրանք սկսեցին գործել ինքնուրույնաբար, մինչդեռ ինքը հետաքրքրված դիտորդի դերում էր[2], և տան բնակիչների հետ ծանոթացել է նորեկի միջոցով, որն այնտեղ էր ընկել ավարտելուց ոչ շատ առաջ։
«Երբ ես նոր սկսեցի դա գրել, հաշմանդամ չէին [հերոսները], ուղղակի գիշերօթիկ դպրոց էր, հետո գրելու ընթացքում զգացի, որ ես ուզում էի իրենց փակել լրիվ այդ տան մեջ, որ այնտեղ ստեղծվեր յուրահատուկ ինչ-որ աշխարհ…Քանի որ ես չէի ուզում գրել ինձ շրջապատող բաների մասին, իմ մասին կամ իմ ընկերների մասին, իրականության մասին, ես ուզում էի գրել ինչ-որ հորինված աշխարհի մասին, ես ուզում էի ինչ-որ տեղ, որտեղ ազատ վարվեի այդ հերոսների հետ»[3]
2007 թ. Livebook հրատարակությունը հեռախոսազանգով կապվում է Մարիամի հետ՝ առաջարկելով հրատարակել դեռ անավարտ ձեռագիրը, ինչը մեծ անակնկալ էր հեղինակի համար։ Գիրքն ավարտելու համար պայմանագրով կես տարի ժամանակ է սահմանվում, սակայն հետագայում հեղինակը հավելյալ ժամկետ է խնդրում։
«Քանի որ պրոֆեսիոնալ գրող չեմ, չեմ կարողանում հասկանալ` տեքստը լավն է, վատն է, եթե որոշ ժամանակ չանցնի ու թարմ աչքով չնայեմ։ Երեք-չորս ամիս հետո ասացի` ցանկանում եմ փոփոխություններ կատարել, համաձայնեցին։»[1]
Մինչև հրատարակչությանը հասնելը գրքի ոդիսականի մասին պատմում է հեղինակը.
«...Գիտեի, որ վերջին` երրորդ մասն էլ պետք է լինի։ Այդ առաջին երկու մասը թողեցի Մոսկվայում մի կնոջ մոտ, ում տանը մի ամիս ապրել էինք։ Հանրակացարանում ապրելու ժամկետը վերջացել էր, մենք պետք է գայինք Երեւան, բայց տոմսերը մի ամիս հետոյի էին լինելու… Պահ եղավ, որ փողոցում մնացինք ու այդ կնոջ տանը հայտնվեցինք։ Շատ լավ կին էր, ընկերացանք, 98 թվականին գիրքը նվիրեցի իրեն։ 9 տարի հետո, երբ ինձ Մոսկվայից զանգեցին, շատ զարմացա։ Այդ կնոջ տղան զանգեց, ով, ինձ թվում էր, ընդհանրապես գիրք չի կարդում։): Ասաց` իր ընկերը ցանկանում է զբաղվել այդ գրքով, հրատարակչություն կա, որ ցանկանում է հրատարակել։ Ես էլ վաղուց այդ գիրքը թողել էի… 2000 թվականին երեխա ունեցա, մեկ-մեկ բացում-կարդում, փոփոխություններ էի մտցնում։ Ասաց, որ շատ մարդկանց դուրն է եկել, փոքր ֆան ակումբ են ստեղծել, ապշեցի։ Հասկացա` շատ դժվար կլինի ավարտել գիրքը, որովհետեւ վաղուց անջատվել էի նրանից։»[1]
Գրքին վերնագիր է տրվել հրատարակումից անմիջապես առաջ.
«Գիրքը կոչվեց «Տունը, որտեղ...»: Livebook հրատարակությունում բացատրեցին, որ այն առաջարկել է ինչ-որ շատ հայտնի պոետ, սակայն չգիտեմ, թե ով։»[2]
Շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2011 թ. մարտին, «Բյուրոկրատ» գրախանութում[4]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հերոսներից Ծխամոլը կարմիր մարզակոշիկներ հագնելու պատճառով վիճում է իր խմբի հետ և փոխադրվում նոր խումբ։ Այստեղից էլ սկսվում է նրա և ընթերցողի ծանոթությունը Տան հետ։ Տունն ունի անխախտելի կանոններ ու ավանդություններ, բոլոր բնակիչներին, այդ թվում ուսուցիչներին ու տնօրենին, դիմում են միայն մականունով։ Ավարտելուն նույնիսկ մի տարի էլ չի մնացել, երեխաները սարսափում են «դրսից»՝ Տան սահմաններից դուրս գտնվող ամեն ինչից, իսկ դաստիարակներն ու ուսուցիչները՝ ավարտական նախօրեից, քանի որ սարսափը «դրսի» հանդեպ վերածվում է արյունոտ վախճանով անկանխատեսելի իրադարձությունների։ Յոթ տարի առաջ նախորդ շրջանավարտները, երկու մասի կիսված, արյունոտ պայքարով են դիմակայել «դրսում» հայտնվելու անխուսափելիությունը, ինչը անջնջելի հետք է թողել Տան բոլոր բնակիչների մեջ։
Երբ հեղինակը հնարավորություն է տալիս Տունը տեսնել մյուս սաների աչքերով, պարզվում է, որ գոյություն ունի զուգահեռ աշխարհ, «տան շրջոնքը»։ Սաներից ոմանք՝ Քայլողները, կարող են գնալ այնտեղ՝ անհետանալով իրական աշխարհից, և վերադառնալ, ոմանք էլ՝ Ցատկողները հայտնվում են այնտեղ ակամա և կարող են վերադառնալ իրական աշխարհում օրեր ու շաբաթներ շարունակ կոմայում գտնվելուց հետո՝ միաժամանակ տարիներով «այնտեղ» ապրելով։ Տնօրենը իշխանություն չունի դաստիարակների վրա, դաստիարակները՝ Կույրի վրա, Կույրը համարում է, որ ինքը ոչ թե պարագլուխ է փակ դպրոցում, այլ՝ Տան կամակատարը։ Որքան մոտենում է ավարտը, այնքան բացահայտվում է անհայտը և նոր հարցեր են առաջանում։ Բնակիչների առաջ հարց է ծառացած՝ գնալ թե մնալ, որովհետև ավարտելուց հետո Տունը քանդվելու է։ Մի մասը ընտրում է հեռանալը. գնալ դուրս և ապրել աշխարհում։ Մի մասը ընտրում է մնալը. մնալ Տան հետ և գնալ այլ, միայն իրենց համար նախատեսված աշխարհ։
Կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելու վերջին տարին Տունն ունի ավագ սաների հինգ խումբ։ Առաջինը Փասիաններն են՝ քայլասայլակի օգնությամբ տեղաշարժվողների (գրքում՝ «սայլակավոր») օրինակելի խումբը, որտեղ բոլորը կենտրոնացված են ուսման և առողջության վրա և հեռու են Տան անցուդարձից։ Երկրորդը Առնետներն են՝ աներևակայելի սանրվածքներով, աղմկոտ ու դյուրաբորբոք, մշտապես դանակներով կամ ածելիներով։ Երրորդը Թռչուններն են, ովքեր ծաղկամանային բույսեր են աճեցնում և շարունակ սգի մեջ են Գիշակերի՝ իրենց առաջնորդի երկվորյակ եղբոր մահվան պատճառով։ Չորրորդ խումբը հատուկ անվանում չունի, առաջնորդը Կույրն է՝ միաժամանակ ամբողջ Տան առաջնորդը, հինգերորդ խումբ չկա, իսկ վեցերորդ խումբը կաշվից վզակապեր կրող Շներն են։
- Ծխամոլ – սայլակավոր։ Գիրքը սկսվում է նրանով։ Միակն է, ում լրիվ անունը հիշատակվում է գրքում՝ Էրիկ Ցիմերման։ Լինելով Փասիանների խմբից՝ հագնում է կարմիր մարզակոշիկներ, ինչի պատճառով խմբեցիները հրաժարվում են նրանից, և Ծխամոլը տեղափոխվում է չորրորդ խումբ։ Մականունը ստացել է Սֆինքսից, որն էլ այսպիսով նրա «կնքահայրն» է։ Չի մերվում չորրորդ խմբում՝ չընդունելով Տան ավանդություններն ու ազդեցությունը սաների վրա։ Մտերմանում է Սևի հետ, ով նույնպես իր տեղը չի գտնում չորրորդ խմբում։ Վախենում է Կույրից, հատկապես Պոմպեոսի վախճանից հետո։
- Կույր – Տան առաջնորդը և չորրորդ խմբի պարագլուխը։ Ի ծնե կույր է, ոչ բարձրահասակ, վտիտ, թխահեր, բաց մաշկով։ Մազերը թափվում են աչքերին, մատները շատ երկար են և շարժուն։ Կռիվներում անսպասելիորեն ուժեղ է և ճարպիկ։ Տեսնում է ուրիշների երազները։ Ինքնամփոփ է և չշփվող։ Պաշտում է Որմզդեղնին՝ Տան ամենասիրված դաստիարակին, և նրա խնդրանքով դառնում Մորեխիկ-Սֆինքսի ընկերն ու պաշտպանը։ Տան մեջ միակն է, ով ներկա է եղել նախորդ շրջանավարտների կոտորածի ժամանակ։ Մերժում է «դուրսը», հիվանդանում է, երբ մի անգամ հայտնվում է այնտեղ։ Քայլող է, Տան շրջոնքում հանդես է գալիս որպես անտառային փոխակերպուկ՝ դառնալով տեսողունակ։ Սպանում է Պոմպեոսին, ով հավակնում էր Տան տիրական դառնալ։ Կարող է մարդ մտցնել Տան շրջոնքի մեջ, ինչը որոշակի հատուցում է պահանջում։
- Սֆինքս (մինչև ցատկելը կոչվում էր Մորեխիկ), ձեռքեր չունի, պրոթեզներ է կրում։ Աչքերը կանաչ են, ունեցել է գրեթե սպիտակ, շեկի երանգով մազեր, սակայն դրանք ամբողջովին թափվել են Ցատկելու ժամանակ («անհայտ վարակ»)։ Երեխա ժամանակ եղել է իր «Քնձռոտանոց» խմբի հալածյալը, Կույրի խնդրանքով ավագներից Ալեհերից ստացել է համայիլ, ինչը պետք է օգներ բացահայտելու իր ուժը և դառնալ Տան առաջնորդը։ Մոտիկ ընկերների՝ Գայլի և Կույրի օգնությամբ հեռանում է «Քնձռոտանոցից»՝ պառակտելով այն և ստեղծելով սեփական՝ «Ժանտախտոտ լեշեր» խումբը, որից հետագայում ձևավորվում են երրորդ և չորրորդ խմբերը։ Սևը հիշում է, որ իր հմայքով գրավում էր բոլորին։ Իր առաջին ցատկից հետո Տան շրջոնքում անցկացնում է վեց սարսափելի տարիներ, ինչից հետո այլևս չի օգտվում Ցատկողի իր շնորհից։ Ավարտելու նախօրեին մերժում է կատարելապես Տան շրջոնք փոխադրվելու Կույրի առաջարկը՝ ընտրելով «դուրսը»։
- Շնագայլ Թութուն – երբեմնի մականունը՝ Գարշահոտ, սայլակավոր, սակայն գրքում նշվում է, որ ոտքերը ենթարկվում են նրան։ Փոքրամարմին և վտիտ, գզգզված մազերով, մեծ ականջներով։ Տան ավանդությունների պահապանը, պատմությունների և լեգենդների, բնակիչների փոխհարաբերությունների գիտակը։ Սիրում է հավաքել տարբեր իրեր։ Ժամանակի պահապանը, ունակ է խնդրողին վերադարձնելու ժամանակի որոշակի շրջան։ Քայլող է, շրջոնքում՝ փոխակերպուկ, մարդկային կերպարանքով որպես հնդիկ է ներկայանում։
- Լորդ – սայլակավոր, անհավանական գեղեցիկ, բաց, մեղրի երանգով մազերով, շատ սպիտակ մաշկով, մոխրագույն աչքերով։ Կարողանում է արագ և նրբագեղ տեղաշարժվել առանց սայլակի։ Գրքի վերջում շարժվում է հենակների օգնությամբ։ Տանը հայտնվել է ավարտելուց երեք տարի առաջ, ունի հնարավոր առավելագույն թվով զգուշացումներ անձնական գործում։ «Լուսնի ճանապարհ № 64» խմիչքի օգնությամբ իր մեջ բացահայտում է Քայլողի շնորհ։ Նրան տանում են Տնից, այնուհետև, Ռալֆի շնորհիվ, վերադառնում է։
- Սև, նախկինում՝ Սպորտսմեն – ֆիզիկական արատներ և հիվանդություններ չունի (միայն ակնոց է կրում)։ Մարզվում է, ֆիզիկապես զարգացած է։ մազերը ցից-ցից են, բաց, աչքերը՝ կապույտ։ Հեռու է Տան ավանդություններից և հասկացություններից, չնայած վաղուց այնտեղ է։ Թմրանյութի հետևանքով ընդարմացման մեջ ընկած Լորդին հանձնում է բժիշկներին, ինչը անընդունելի արարք է խմբի անդամների համար։ Պոմպեոսի մահից որոշ ժամանակ անց դառնում է վեցերորդ խմբի առաջնորդը։
- Կուզիկ – կուզ ունի, վեցմատատանի է։ Մուգ, գզգզված մազերով, սև աչքերով։ Հոգատար է և զգայուն, հավատարիմ ու պատրաստակամ։ Սիրում է կենդանիներին, հատկապես շներին։ Ցույց չի տալիս բարությունը։ Կուզիկներին Տանը հաճախ փաղաքշաբար «Հրեշտակ» են անվանում («կուզը մեջքի տակ ծալված թևերն են»)։ Վարժ ֆլեյտա է նվագում։ Ցատկող է։
- Մակեդոնացի – Տանը հայտնվել է ավարտելուց երկու տարի առաջ։ Խարտյաշ է, պեպենապատ մարմնով։ Մանուկ օրերին հանդես է եկել որպես պապի հորինած պաշտամունքի հրեշտակ։ Պապի մահից հետո, հարազատները, չհանդուրժելով նրա գերբնական ունակությունները, տեղավորել են Տանը, չնայած հաշմանդամ չէ։ Թութունը անմիջապես նրա մեջ կարմիր վիշապի է տեսնում, և իսկապես, ավարտելուց մի քանի օր առաջ Մակեդոնացին կարճ ժամանակով փոխակերպվում է վիշապի։ Տուն ընկնելով, Սֆինքսին խոստանում է ոչ մի գերբնական բան չանել, սակայն ակամա խախտում է խոստումը։ Դրա հետևանքով տեղի ունեցած ողբերգական իրադարձության պատճառով ինքնասպանության փորձ է անում։ Քայլող է կամ Ցատկող, Տան շրջոնքում ներկայանում է վիրավոր հրեշտակի տեսքով։
- Որմզդեղն – դաստիարակ, սպանվել է նախորդ ավարտական իրադարձությունների ժամանակ։ Կապույտ աչքերով, գորշ մազերով, սապատաքիթ։ «Մանկական հոգիներ որսացող» են անվանել, եղել է Տան սաների կուռքը, հատկապես Կույրի, ով նրա խնդրանքով մտերմանում է Մորեխիկի հետ։ Կույրը պահպանում է այն դանակը, որով սպանել են Որմզդեղնին։
- Սև Ռալֆ, Ռ Առաջին – դաստիարակ։ Մեծահասակներից միակը, ով լուրջ է վերաբերում Տան գաղտնիքներին։ Ձախ ձեռքի երկու մատները չկան։ Սֆինքսի նման «թափանցում է» մարդկանց մեջ՝ կարդալով նրանց մտքերը։
Աղջիկներն ապրում են Տան մյուս թևում և մինչև Նոր Օրենքի ընդունվելը գրեթե չեն հիշատակվում։ Առավել ընդգծված կերպարները՝
- Առնետուհի – Տան գլխավոր «թռչողը», իր և մյուսների համար Դրսից գնում է սիգարետ, շոկոլադ, համայիլներ և այլն։ Նիհար, գունատ, մուգ աչքերով, ուսին առնետ պատկերող դաջվածքով։ Հաճախ աշխարհին նայում է վզից կախված բազմաթիվ հայելիների միջոցով։ Եղունգի տակ ածելի է պահում։ Նշանվում է Կույրի հետ։
- Ջրահարս – Սֆինքսի ընկերուհին, երկար, մինչև կոճերը հասնող մազերով, փոքրահասակի արտաքինով։ Նրբազգաց է, հանդարտ, սիրում է լսել Սֆինքսի պատմությունները Տան մասին։ Սվիտերներ և ժիլետներ է գործում, նվիրում «գնահատողներին»։ Թերարժեքության բարդույթ ունի, ինչը դուր չի գալիս Սֆինքսին։ Դուրս է եկել Կույրին Ժամանակի Տիրակալի նվիրած ձվից։ Կույրը փորձում է Ջրահարսի օգնությամբ Սֆինքսին հեռու պահել Դրսից։
- Շիկահեր – Լորդի ընկերուհին, չարաճճի, էներգետիկ, դաստիարակների գլխացավանքը երեխա ժամանակ։ Վառ հրակարմիր մազեր, սև աչքեր։ Մանկության օրերին սիրահարված էր Կույրին, թաքուն այցելում էր «Ժանտախտոտների» սենյակ և «Ջոնաթան ճայ» ստորագրությամբ զանազան նվերներ թողնում։ Մտերիմ է Շեկի հետ, նրան եղբայր է համարում։ Ցատկող։ Վախենում է Դրսից։ Կապված է Հաստլիկին, խնամում է նրան։
- Երկար Գաբի - աչքի է ընկնում իր ազատ վարքով, անկանոն կապերով։ Երկար ոտքերով, բարձրահասակ, տգեղ, վուլգար հագուկապով։ Շեկը նրան «հրամցնում է» Կույրին, ինչի արդյունքում Կույրը Նոր Օրենք է ընդունում աղջիկների մասին։
- Շյուղ – Լերիի ընկերուհին։ Նիհար, բաց գույնի մազերով։ Լավ հյուսում է շյուղերով, որտեղից էլ մականունը։ Ամուսնանում է Լերիի հետ դեռ Տանը, Սևի և Շեկի հետ հեռանում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսական մրցանակ» (Русская премия) «Մեծ արձակ» («Крупная проза») անվանակարգում (2009)։
- «Մեծ գիրք» («Большая книга»), 3-րդ տեղը «Հանդիսատեսի համակրանքի միցանակ» անվանակարգում (2009)։
- Պորտալ («Портал») - հաղթող «Ինքնաբացահայտում (Վ. Ի. Սավչենկոյի անվան)» անվանակարգում (2010)։
- Օտարական («Странник») – հաղթող «Արտասովոր միտք» անվանակարգում (2010)[5].
- Ուսանողական Բուկեր («Студенческий Букер») (2010) «ժանրերի հմուտ միահյուսման, ոճի պարզության և գեղարվեստական միջոցների անսովորության» համար[6]։
- Աստղային կամուրջ (Звёздный мост) - Արծաթե մրցանակ «Դեբյուտային գրքեր» անվանակարգում (2010)։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանվել է իտալերեն 2011 թ.։
Հայերեն թարգմանությունը անավարտ է մնացել թարգմանի վատառողջության պատճառով[4]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мариам Петросян, Дом, в котором… М., Гаятри / Livebook, 2009, ст. 960, isbn 978-5-9689-0174-3, տպաքանակ՝ 5000։
Վերահրատարակություններ՝ 2009 թ. նոյեմբերին 5000 օրինակ տպաքանակով, 2010 և 2011 թվականներին 5000 օրինակ տպաքանակով[7]
- Mariam Petrosjan, La casa del tempo sospeso, Traduzione di Emanuela Guercetti, Milano, Salani, 2011, pag. 880, isbn 978-8-8625-656-22, հատված՝ http://www.10righedailibri.it/sites/default/files/primapagine_pdf/salaniLacasadeltemposospeso10rdl.PDF
Իտալերեն թարգմանությունը ներկայացվել է Տուրինյան գրքի տոնավաճառի ընթացքում, 2011 թ. ապրիլի 11-ից 16-ը։ Իտալերեն վերնագիրը՝ La casa del tempo sospeso («Ժամանակից դուրս Տունը»), թարգման՝ Էմանուելա Գուերչետի։ Վաճառքում եղել է մայիսի հինգից։
Մ. Պրոխորովի հիմնադրամի TRANSCRIPT կայքում հաղորդվում է հունգարերեն և լատվիերեն թարգմանությունները պատրաստելու մասին[8]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.bravo.am/news/mariam-petrosyan/ Հարցազրույց Մարիամ Պետրոսյանի հետ
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Հարցազրույց Մարիամ Պետրոսյանի հետ
- ↑ 4,0 4,1 https://www.youtube.com/watch?v=SaMnvT-RZXk
- ↑ «Премия «Странник»». Лаборатория фантастики. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Литературная премия «Студенческий Букер — 2010»». Студенческий Букер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ http://fantlab.ru/edition40654
- ↑ http://www.prokhorovfund.com/projects/own/195/236/