Ռոտշիլդի ջութակը (պատմվածք)
Ռոտշիլդի ջութակը ռուս.՝ Скрипка Ротшильда | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1894 |
Թարգմանիչ | Վահե Միքայելյան |
«Ռոտշիլդի ջութակը» (ռուս.՝ «Скрипка Ротшильда»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, գրել է 1893-1894 թվականներին։ Հայերեն թարգմանությանը հեղինակը Վահե Միքայելյանն է[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին Չեխովը գնել է Մելիխովո կալվածքը, որտեղ օգնել է տեղի գյուղացիներին որպես բժիշկ, գեղջուկ երեխաների համար դպրոց է կառուցել, մեկնել է սովի մատնված նահանգ, մասնակցել է համընդհանուր մարդահամարին։ «Մելիխովյան նստակյացության» տարիներին գրել է 42 ստեղծագործություն, որոնցից մեկը «Ռոտշիլդի ջութակը» պատմվածքն է։
Պատմվածքն ստեղծվել է 1893 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 1894 թվականի հունվարի կեսերը և վերաբերում է գրողի ստեղծագործությունների ուշ շրջանին։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերն ընթանում են փոքրիկ քաղաքում, որտեղ ապրում էին «գրեթե միայն ծերունիներ», որոնց մեջ էլ ապրում և դագաղագործ էր աշխատում գլխավոր հերոսը՝ Յակով Իվանովը, որին բնակիչներն անվանում էին պարզապես Յակով, իսկ մականունը՝ «Բրոնզա»։
Բացի հիմնական աշխատանքը՝ Յակովը վաստակում էր նաև ջութակ նվագելով՝ սովորաբար հարսանիքներին կամ տեղական երաժշտախմբի համերգներին, որի երաժիշտների մեծ մասը հրեա էր։ Նա լավ էր նվագում, սակայն վատ էր վերաբերվում նվագախմբի սրնգահարին՝ Ռոտշիլդին, որն իր ողբաձայն նվագով Յակովին ատելություն ու արհամարհանք էր ներարկել ոչ միայն իր, այլ բոլոր հրեաների հանդեպ։ Դրա պատճառով էլ Յակովին նվագելու էին հրավիրում «միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։
Յակովն ըստ էության ընչաքաղց, քարսիրտ մարդ էր, երբեք լավ հոգեվիճակ չէր ունենում և մշտապես տառապում էր այն մտքից, որ կիրակի, երկուշաբթի օրերը, տոներին (տարվա մեջ երկու հարյուր օր) «ակամա հարկադրված էր ձեռքերը ծալած նստել»։ Այդ հյուծող մտքերից Յակովը սովորաբար դուրս էր գալիս ջութակի օգնութամբ, որի լարերին նա նախընտրում էր դիպչել մթության մեջ և դրանից հանգստանում էր։
Յակով Իվանովը ուներ կին՝ Մարֆան։ Այնպես ստացվեց, որ «անցած տարվա մայիսի վեցին» պառավը հանկարծ տկարացավ։ Զբաղված լինելով տարվա վնասները հաշվելով՝ Յակովը անմիջապես ուշադրություն չի դարձնում կնոջ վիճակին. նա կարծես իրոք մեռնում էր և ուրախ էր, որ վերջապես ընդմիշտ մեկնում է այդ խրճիթից, դագաղներից, Յակովից։ Հիշելով, թե ինչպես է վերաբերվել Մարֆային միասին ապրած այս տարիների ընթացքում, հերոսը հասկանում է, թե ինչում էր նա մահվան գրկում երջանիկ դեմքով։ Լույսը բացվելուն պես նրան տանում է հիվանդանոց։ Բժշկի փոխարեն նրանց ընդունում է բուժակ Մաքսիմ Նիկոլայիչը, որի մասին ասում էին, որ թեպետ թեթև խմող է ու կռվարար, բայց ավելի է հասկանում, քան բժիշկը։ Նայելով պառավին ու տարիքը հարցնելով (յոթանասունից մի տարի է պակաս)՝ Մաքսիմ Նիկոլայիչը ասում է, որ պառավը բավականին ապրել է, «նամուսն էլ լավ բան է»։ Յակովը պնդում է, որ Մարֆային բանկա գցեն կամ գոնե տզրուկ դնեն, բայց մերժում է ստանում։ Նրան հանձնարարում են հիվանդի գլխին սառը կոմպրես դնել և օրական երկու հատ փոշի տալ։ Յակովը բորբոքվում է, գնում տուն և խրճիթում սկսում դագաղի պատրաստությունը՝ նախապես վերցնելով թուլացած կնոջ չափսերը։ Առավոտյան կողմ Մարֆան մահացավ, և թաղման ամբողջ արարողությունը, հուրախություն Յակովի, նրա վրա ոչինչ չի նստում. հարևան պառավները լողացնում, հագցնում են կնոջը, չորս գեղջուկ դագաղը գերեզմանոց հասցնում հարգանքի համար, Յակովն ինքը սաղմոս է կարդում, իսկ գերեզմանի համար էլ նրանից փող չեն վերցնում, որովհետև գերեզմանոցի պահակը նրա խնամին էր։
Միայն կնոջը հրաժեշտ տալուց հետո է Յակովը հիշում, որ իր ողջ կյանքում նրան ոչ մի անգամ չի գուրգուրել, բարի խոսքեր չի ասել, վերաբերվել է նրան առարկայի նման։ Եվ վերջապես հասկանում է դա, թախիծը տիրում է նրան, և ցանկանում է լացել։
Ճանապարհին հանդիպելով Ռոտշիլդին՝ Յակովը այլայլված հարձակվում է հրեայի վրա ու քշում, իսկ ինքը գնում է գետի ափը, որտեղ կանգնած էր ճյուղատարած ծեր ուռենին, որի մասին մահից առաջ խոսել էր Մարֆան՝ հիշելով մահացած խարտյաշ ծամերով աղջնակի մասին։ Գետի ափին Յակովը ափսոսում է, որ իր ողջ կյանքն անցել է անօգուտ, այնինչ իր աչքի առաջ տեղի ունեցողից ինքը կարող էր կարողություն դիզել. «...և՛ ձուկ որսալ, և՛ ջութակ նվագել, և՛ բարկասներ բանեցնել, և՛ սագեր մորթել՝ ապա ի՜նչ կապիտալ կստացվի»։
Ծանր մտքերով տարված՝ Յակովը մղձավանջներ է ունենում, հիվանդանում է և կրկին գնում քաղաքային հիվանդանոց բուժակի մոտ։ Վերջինս նշանակում է նույն բուժումը, և Յակովը հասկանում է, որ իրեն քիչ է մնացել ապրելու։ Նա գալիս է այն եզրակացության, որ ապրելը մարդուն վնաս է, և միայն մեռնելը օգուտ կտա։
Այդպիսի մռայլ տրամադրությամբ Յակովը վերցնում է ջութակը, դուրս գալիս խրճիթից և ինքն էլ չիմանալով թե ինչ սկսում է նվագել տրտում ու հուզիչ մեղեդի, որը հենց այդ պահին էր հորինում։ Բակ մտած Ռոտշիլդին նա առաջ է կանչում, պատմում հիվանդության մասին։ Դրանից հետո ամբողջ օրը Յակովը պառկած էր, ու «սիրտը նեղանում էր»։ Քահանային խոստովանության ժամանակ, երբ վերջինս հարցնում է մեղքերի մասին, հիշում է Մարֆայի դժբախտ դեմքը, ջհուդի հուսահատ ճիչը, և իր ջութակը կտակում է հրեային՝ որպես ներողություն պատճառած չարչարանքների համար։
Այդ ժամանակից Ռոտշիլդի ջութակը արձակում էր այնպիսի տխրագին հնչյուններ, ինչպես վերջին անգամ Յակովի ձեռքերից։ Քաղաքում հետաքրքրվում էին, թե որտեղից Ռոտշիլդին այդ լավ ջութակը, իսկ վաճառականներն ու չինովնիկները, իրար ձեռքից խլելով, հրավիրում էին Ռոտշիլդին իրենց տուն և մի տասն անգամ նվագել էին տալիս այդ նույն մեղեդին։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամա Գինկասի «Ռոտշիլդի ջութակը» բեմադրությունը[2]
- Վենիամին Ֆլեյշմանի «Ռոտշիլդի ջութակը» օպերան
Այլ հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сочинения А. П. Чехова. — Берлин : Слово, [1921]-1922. Т. 9. — [1922]. — 319 c. Скрипка Ротшильда. С. 304—318.
- Чёрный монах : рассказы и повести / А. П. Чехов. — Берлин : И. П. Ладыжников, 1920 (Лейпциг : Шпамер). — 607 с. , (Russische Bibliothek ; Bd. 41). Скрипка Ротшильда. С. 304—318[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
- ↑ «Скрипка Ротшильда. ТЮЗ. Пресса о спектакле». www.smotr.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Издания произведений А.П. Чехова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Доклад И. А. Есаула Искусство как капитал: проблема художественного завершения в «Скрипке Ротшильда»(доклад прочитан 19 апреля 2005 г. на международной конференции «Чеховские чтения в Ялте: художественный язык Чехова в литературной системе XX века») Արխիվացված 2019-09-30 Wayback Machine
- http://sazykin.ru/blog/wp-content/uploads/2013/04/130402-130402-interpretaciya-rasskaza.pdf Արխիվացված 2019-09-30 Wayback Machine
- Шмид В. Проза как поэзия: Пушкин, Достоевский, Чехов, авангард. СПб., 1998