Jump to content

Միջնադարյան լադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարյան լադեր, ժողովրդական երաժշտությունից առնված յոթաստիճանանոց բնական մոնոդիական լադերի համակարգը, որոնք վաղ միջնադարից մինչև XVI դարը լատինական աշխարհի մասնագիտացված (նախ՝ միաձայն, ապա և բազմաձայն) երաժշտության հիմքն են կազմել (կոչվում են նաև եկեղեցական լադեր)։ Համակարգը կրել է բյուգանդական ութձայնի որոշակի ազդեցությունը, պատմականորեն զարգացել (X դարում լադերի թվային անվանումները փոխարինվել են հին հունական տեսությունից առնված հատուկ անուններով) և Վերածննդի դարաշրջանում հասել է իր ավարտուն վիճակին։ Տարբերում են հիմնական (արևմտաեվրոպական երաժշտության տեսության մեջ՝ «ավտենտիկ») և ածանցյալ (-«սլլագալ»-) լադեր։ 1547 թվականին շվեյցարացի երաժիշտ-տեսաբան Հեյնրիխ Գլարեանը համակարգի լադերի քանակը 8-ից հասցրել է 12-ի (ավելացրել է էոլական ու հոնիական լադերն իրենց ածանցյալներով)։ 1571 թվականին իտալացի Զ․ Ցառլինոն հաջորդականությունը սկսելով հոնիականից, լադային տոնիկաները դասավորել է դիատոնիկ շարքի դո-ից մինչև լյա ծավալում, պարզաբանել լադերի արտահայտչական հատկանիշները, որ լայնորեն դրսևորված են «խիստ ոճի» պոլիֆոնիայում։ XVII դարից հոնիական և էոլական լադերն իրենց արտահայտչական առավելագույն հնարավորությունների շնորհիվ առանձնացվել, կատարելագործվել են և դարձել դասական մաժորա-մինոր հարմոնիկ համակարգի հիմնական լադերը։ Դրանից հետո միջնադարյան լադերն իրենց նշանակությոնը պահպանել, բայց գործածվել են սոսկ «դիպվածաբար» (Բախ, Հենդել, Բեթհովեն, Շոպեն, Բրամս)։ XX դարի 1-ին կեսին երաժշտության լադային հիմքի նոր զարգացման ձգտումներով տոգորված կոմպոզիտորները հաճախ դիմել են հենց միջնադարյան լադեր֊ին, քանի որ դրանք մինչև այժմ էլ տարածված են շատ ժողովուրդների ժողովրդական երաժշտության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 594