Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն
Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն, Հայաստանի պետական վերահսկողության ոլորտում գործող Հայաստանի վարչապետին ենթակա մարմին, որն իրականացնում է իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ։
Ծառայությունը գործում է 2018 թվականին «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենքի հիման վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայությունը հիմնադրվել է 2018 թվականին ընդունված «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի վարչապետին Հայաստանի Սահմանադրությամբ և և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը[2]։
Լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայությունը իրականացնում է մի շարք լիազորություններ[3].
- Պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝ ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ վերահսկողության, դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության, պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով,
- ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով,
- Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
- Պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,
- ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի, լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով,
- ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով ՀՀ անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,
- Պետությունից, համայնքից, ՀՀ կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,
- ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
- Պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկել կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,
- Վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ,
- Ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
- Իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
- Ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
- Համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ,
- Առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՎԾ-ն ունի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար[4]։
ՊՎԾ կառուցվածքին վերաբերվող հարցերը կարգավորվում են «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՊՎԾ կանոնադրությամբ, որը հաստատվում է ՀՀ վարչապետի կողմից[4]։
ՊՎԾ ղեկավարում է Ծառայության ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի վարչապետը, ում էլ նա անմիջականորեն ենթակա և հաշվետու է։ ՊՎԾ ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նույնպես Հայաստանի վարչապետը՝ ՊՎԾ ղեկավարի առաջարկությամբ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 1
- ↑ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենք, հոդված 4
- ↑ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 5
- ↑ 4,0 4,1 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 7
- ↑ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 8