Կորիզաթաղանթ
Բջջակորիզը արտաքինից ծածկված է դեպի էնդոպլազմատիկ ցանց տանող սուբմիկրոսկոպիկ անցքեր ունեցող թաղանթով, որը նրան անջատում է բջջապլազմայից։ Այդ թաղանթը համարվում է ընդհանուր վակուոլային համակարգի ածանցյալ։ Բջջի բաժանման վերջում՝ թելոֆազի փուլում էնդոպլազմատիկ ցանցի խողովակները կուտակվում են դուստր քրոմոսոմների շուրջը և առաջացնում կորիզաթաղանթ[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիզաթաղանթը կազմված է եռաշերտ թաղանթներից, որոնց արանքում՝ կա ազատ պերինուկլեար տարածություն։ Այդ թաղանթներից յուրաքանչյուրն իր կառուցվածքով նման է պլազմատիկ թաղանթին, իսկ դրանցից արտաքինը՝ անմիջականորեն կապված է էնդոպլազմային ցանցի հետ։ Բացի այդ, արտաքին թաղանթի մակերեսին կան ռիբոսոմներ։ Կորիզաթաղանթը օժտված է յուրահատուկ անցքերով, որոնք ունեն ավելի մեծ տրամագիծ (30-100 նմ), քան բջջաթաղանթի համանման անցքերը։ Նրանց քանակը կախված է բջջի նյութափոխանակության ակտիվությունից և կարող է կազմել կորիզաթաղանթի ընդհանուր մակերեսի 10%-15%-ը։ Այդ անցքերը բարդ կազմավորում ունեն և ապահովում են թաղանթի ընտրողական թափանցելիությունը։ Կորիզի ծակոտկենությունը կապ է հաստատում ցիտոպլազմայի և կորիզանյութի (կարիոպլազմա) միջև։ Արտաքին թաղանթը կապված է ցիտոպլազմայի, իսկ ներքինը՝ կորիզանյութի (կարիոպլազմա) հետ։ Նրանց միջև եղած տարածությունը լցված է կիսահեղուկ նյութով։ Այդ երկու շերտերը մերթ մոտենում են, մերթ հեռանում միմյանցից՝ գոյացնելով մերձկորիզային լուսավոր տարածություններ, որոնք կապ են հաստատում ցիտոպլազմայի հետ։ Մերձեցման կետերը դառնալով կորիզաթաղանթի ամենաբարակ և նուրբ մասերը՝ ժամանակ առ ժամանակ ճեղքվում են, որի արդյունքում առաջանում են այն ծակոտիները, որոնցով կորիզահյութը անցնում է ցիտոպլազմայի մեջ և հակառակը[1][2]։
Ֆունկցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]- սահմանազատում է կորիզը ցիտոպլազմայից
- կարգավորում է նյութերի տեղաշարժը կորիզի և ցիտոպլազմայի միջև
- կարգավորում է ի-ՌՆԹ-ի, փ-ՌՆԹ-ի, ռիբոսոմների սուբմիավորների թափանցելիությունը կորիզից ցիտոպլազմա և
նուկլեոտիդների, սպիտակուցների, ֆերմենտների, ԱԵՖ-ի, ջրի և իոնների թափանցումը կորիզ՝ հակառակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 110-111
- Կենսաբանություն, հեղինակ՝ Տիգրան Թանգամյան, էջ 54-56
- Կենսաբանություն, հեղինակ՝ Սիսակյան, էջ 24-25