Jump to content

Լույսի ինքնակիզակետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնակիզակետում լույսի, լուսային ալիքի դաշտի կոնցենտրացման երևույթը ոչ գծային միջավայրում, որի բեկման ցուցիչը կախված է դաշտի ինտենսիվությունից։ Բեկման ցուցիչը կարող է մեծանալ նյութի էլեկտրոնային բևեռացման ոչ գծային փոփոխության հետևանքով դաշտի լարվածության աճին զուգընթաց։ Արդյունքը լինում է այն, որ միջավայրում ճառագայթները շեղվում են դաշտի մեծ ինտենսիվության կողմը (ոչ գծային բեկունակություն)։ Եթե ոչ գծային բեկունակությունը վերացնում է լուսային փնջի դիֆրակցիոն տարամիտումը, ապա միջավայրում առաջանում են «կիզակետեր»։ Հզորության մեծացման հետ կիզակետերի թիվն աճում է, և դրանք մոտենում են ոչ գծային միջավայրի մուտքին։ Ինքնակիզակետումները կարող է հանգեցնել էլեկտրական ծակման, կարող է նպաստել լույսի ստիպողական ցրման և ոչ գծային այլ պրոցեսների զարգացմանը։ Որոշակի պայմաններում կիզակետերի թիվը կարող է այնքան մեծանալ, որ լույսը կսկսի տարածվել ոչ գծային միջավայրում լուսային փնջով գոյացած դիէլեկտրական ալիքատարում (լուսատար)։ Այդպիսի լուսատարներով լուսային էներգիան կարելի է հաղորդել մեծ հեռավորությունների վրա։ Ինտենսիվության աճի հետ նվազող բեկման ցուցիչով միջավայրում տեղի ունի հակադարձ երևույթը՝ լուսային փնջերի ապակիզակետումը։ Ինքնքակիզակետումը և ապակիզակետումը դիտվում են կոնդենսացված և գազանման միջավայրերով (այդ թվում օդ և պլազմա) անցնող լազերային ճառագայթման փորձերում։ Ոչ գծային բեկունակության կարևոր դերի և ինքնակիզակետման երևույթի առաջացման հնարավորության մասին առաջինը նշել է Գ. Ասկարյանը (1962 թվականին)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 366