Բլեֆարոպլաստիկա
Բլեֆարոպլաստիկա | |
---|---|
Վերին կոպի բլեֆարոպլաստիկա։ Կապույտ թանաքով գծանշումն օգտագործվում է վիրահատական կտրվածքը հստակեցնելու համար։ | |
Ենթադաս | eye surgery? և dermatologic surgical procedure? |
ICD-9 | 08 |
MeSH | D019882 |
Բլեֆարոպլաստիկան (Հունարեն՝ blepharon - կոպ և plassein - ձևավորել) պլաստիկ վիրահատության տեսակ է, որը նախատեսված է կոպերի դեֆեկտները, ձևախախտումները շտկելու և ակնային շրջանը էսթետիկապես ձևափոխելու համար։ Մաշկի և ենթամաշկային բջջանքի հատվածների հեռացման և/կամ ռեպոզիցիայի, ինչպես նաև համապատասխան մկանային և ջլային հյուսվածքների ամրացման շնորհիվ բլեֆարոպլաստիկան հնարավորություն է ընձեռնում շտկելու հարակնային շրջանի ֆունկցիոնալ և կոսմետիկ խնդիրները։ Հարակնային շրջանը սկսվում է հոնքից և ներքևում ավարտվում թշային շրջանով։ Այս վիրահատությունը ավելի պահանջված է կանանց շրջանում։ 2014 թվականին ԱՄՆ-ում բլեֆարոպլաստիկայի դիմած անձանց շրջանում 85%-ը կանայք էին, իսկ Միացյալ Թագավորություններում՝ 88%-ը[1][2]։
Բլեֆարոպլաստիկ միջամտության նպատակներն են՝ ախտահարված կոպերի ֆունկցիայի վերականգնումը, ինչպես նաև աչքի և հարակնային շրջանի էսթետիկ տեսքի վերականգնումը, որն ապահովվում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ կոպերի ավելորդ մաշկի հեռացումը, ստորադիր ակնային մկանների հարթացումը, ակնակապճի ռետրոսեպտալ ճարպային բջջանքի մասնահատումը և ձգումը, որպեսզի ստեղծվի սահուն անատոմիական անցում ստորին կոպից դեպի թշային շրջան։
Ակնակապիճը կազմող ոսկրերի վերնոսկրային ծածկույթների ձևափոխման շնորհիվ հնարավոր է լինում շտկել վերին և ստորին կոպերի, հոնքերը շրջապատող հյուսվածքի, քթի մեջքի վերին շրջանի և թշային վերին շրջանի կառուցվածքը։ Վերնոսկրը կազմված է
երկու շերտից՝
- Արտաքին շերտ, որը կազմավորված է շարակցական հյուսվածքի խիտ ցանցից և արյունատար անոթներից․
- Խորանիստ շերտ, որը ձևավորվում է շարակցական հյուսվածքի գլանաձև բջիջների խրձերից և էլաստիկ թելերի բարակ ցանցից։
Արևելյան բլեֆարոպլաստիկան (տարածված է արևելյան Ասիայի բնակիչների շրջանում) տարբերվում է դասական բլեֆարոպլաստիկայից։ Երիտասարդ պացիենտների մոտ վիրահատության նպատակն է ձևավորել վերկոպային ծալքը (կրկնակի կոպի վիրահատություն), իսկ մեծահասակների մոտ՝ ձևավորել կամ բարձրացնել վերկոպային ծալքը և հեռացնել կոպի ավելորդ մաշկը (Ասիական բլեֆարոպլաստիկա)[3][4]
Բժշկական կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պացիենտին բլեֆարոպլաստիկայի պատրաստելիս մանրամասն և հետևողական կերպով հավաքված անամնեզը և հարակնային շրջանի ֆիզիկալ զննումը թույլ է տալիս գնահատել բարեհաջող արդյունքի հասնելու հնարավորությունը։ Ստորին կոպի հետ կապված հաճախ հանդիպող խնդիրներն են՝ հավելյալ մաշկի առկայությունը, ակնային մկանների և կոպային կապանի (ակնային միջնապատի) թուլությունը, հավելյալ ճարպային զանգվածները ակնակապճում, ստորին կոպի մալպոզիցիան և քթաակնային ակոսի արտահայտվածությունը։
Ինչ վերաբերվում է վերին կոպին, ապա բլեֆարոպլաստիկան թույլ է տալիս լուծել պերիֆերիկ տեսողության անկման խնդիրը։ Վերին կոպի հավելյալ մաշկը կախվում է թարթիչների վրա և փակում տեսողության կողմնային դաշտերը և այդպիսով խնդիրներ առաջացնում առօրյա գործողություններ կատարելիս (մեքենա վարել, գիրք կարդալ)։
Կոսմետիկ կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ասիական երկրներում, հատկապես Կորեայում կրկնակի կոպի վիրահատությունը ամենապահանջված պլաստիկ վիրահատությունն է։ Պայմանավորված վիրահատական տեխնիկայով, վիրաբույժի փորձառությամբ և կոնկրետ դեպքի բարդությամբ այս վիրահատությունը կարող է արժենալ $2000-ից մինչև $4000։ Այս վիրահատությունը թույլ է տալիս ամենաբնական և ժամանակի առումով ամենահուսալի կերպով ձևավորել կրկնակի վերին կոպ։ Այս վիրահատությունը սովորաբար տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ և վիրահատությունից հետո հոսպիտալիզացիայի կարիք չի լինում։ Կարերը հիմնականում հանվում են 5-ից 7-րդ օրը։ Քանի որ այս վիրահատությունը այդքան տարածված է Հարավային Կորեայում և իր կատարման տեխնիկայով պարզ է, բազմաթիվ օտարերկրացիներ բժշկական տուրիզմի նպատակով այցելում են այդտեղ։ Պացիենտները դիմում են այս վիրահատությանը քանի որ գտնում են, որ կրկնակի կոպը ավելի գրավիչ տեսք ունի քան մոնոլիդը (միակի կոպը), որը տարածված է ասիացի բնակչության մոտ։
Վիրահատական տեխնիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրահատությունը սովորաբար իրականացվում է արտաքին կտրվածքի միջոցով, որը անցնում է ստորին կամ վերին կոպի մաշկի բնական գծերի ուղղությամբ։ Սա թույլ է տալիս ստանալ ավելի նուրբ և աննկատ հետվիրահատական սպի, հատկապես երբ կտրվածքը գիծը ծածկված է լինում թարթիչներով։ Կտրվածքը կարող է նաև կատարվել կոպի ներքին մակերեսի՝ շաղկապենու վրա (տրանսկոնյունկտիվալ բլեֆարոպլաստիկա)[5]
Ստորին տրանսկոնյունկտիվալ բլեֆարոպլաստիկայի տեխնիկան առաջադրվել է Չիկագոյի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր՝ բժիշկ Էնթոնի Ջ․ Ջերուլիսի կողմից 1998 թվականին[6][7]։ Տրանսկոնյունկտիվալ տեխնիկան շուտով դարձավ նորմա և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ վիրաբույժներ սկսեցին նախապատվությունը տալ այդ տեխնիկային։
Տրանսկոնյունկտիվալ մուտքը թույլ է տալիս առանց տեսանելի հետվիրահատական սպի թողնելու հեռացնել հավելյալ ճարպային զանգվածները, սակայն հասկանալի պատճառներով չի կարող օգտագործվել կոպի մաշկը մասնահատելու համար[8]։
Պրոցեդուրան ավարտելուց հետո կանթալ կապանի դրսային անկյունը ներհյուսվածքային կարով ֆիքսվում է ակնակապճի վերնոսկրին (կանթոպեքսիա) որը կոպը պահում է անշարժ վերքի լավացման ընթացքում։ Կանթոպեքսիան ներծծվում է 4-6 շաբաթ անց։ Որոշ պացիենտների մոտ ստորին կոպ - թշային կոմպլեքսի երիտասարդացման նպատակով դեմքի միջին հատվածի էլեվացիայի կարիք է լինում[9]։
Վիրահատությունը կատարելու համար սովորաբար պահանջվում է 1-3 ժամ։ Հետվիրահատական այտուցը և հեմատոմաներն անցնում են 1-2 շաբաթից, իսկ վերջնական կայուն արդյունքը տեսանելի է լինում մի քանի ամիս անց։ Վիրահատության արդյունքները լավագույնս գնահատելու համար կիրառելի է ակնային շրջանների առաջ և հետո լուսանկարահանումը։
Վիրահատության վերջնական արդյունքի ինչպես նաև բարդությունների առաջացման մեջ կարող են դեր ունենալ պացիենտի տարիքը, մաշկի և ակնային շրջանի ստորադիր հյուսվածքների վիճակը ինչպես նաև՝
- Չոր աչքի համախտանիշը (ախտանիշները կարող են սրվել աչքի բնական արցունքային ծածկի խախտման հետևանքով)․
- Կոպերի մաշկի թուլությունը (ստորին կոպի եզրի թուլությունը, որը նպաստում է ստորին կոպի մալպոզիցիայի առաջացմանը)․
- Ակնագնդերի արտանկումը (ակնագնդի առաջային դիրք գրավելը թշային կոմպլեքսի նկատմամբ, որը նույնպես նպաստում է ստորին կոպի մալպոզիցիայի առաջացմանը)։
-
Կոպի ներքին մակերեսի կտրվածքի միջով հեռացվում է ճարպային զանգվածը։ Վերքի վերին եզրի կարը պահում է շաղկապենին ակնագնդի վրա։
-
Ձախ կողմից ունելիով պահվում է ճարպային զանգվածը, աջից արյունականգ սեղմակով սեղմվում է հեռացվող ճարպագնդի հիմքը, իսկ ներքևից փոքր վերքլայնիչով լայնացվում է վերքը վիրաբույժի համար տեսադաշտ ապահովելու նպատակով։
-
Ճարպագունդը հեռացվում է մկրատով։
Լազերային բլեֆարոպլաստիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազերային բլեֆարոպլաստիկան կոպի վիրահատությունն է լանցետի (նշտար) փոխարեն լազերի օգտագործմամբ։ Լազերային բլեֆարոպլաստիկան հաճախ զուգակցվում է կոպերի լազերային երիտասարդեցման հետ, քանի որ այս երկու պրոցեդուրաները կարող են անցկացվել միաժամանակ։
Պատմականորեն տարաձայնություններ են եղել կոպերի լազերային բուժման տեխնիկայի դասակարգման հարցում, որը որպես այդպիսին վիրահատական է։ Վիրաբույժների Ամերիկյան Քոլեջի կողմից կանոնադրական սահմանման համաձայն՝ վիրահատություն է համարվում բուժական նպատակով ցանկացած գործիքի միջոցով (այդ թվում լազերի) կենդանի մարդկային հյուսվածքների ձևափոխումը կամ փոխադրումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս հին հունացիներն ու հռոմեացիները գրություններ ունեն այս վիրահատության մասին։ Ավլոս Կոռնելիոս Կելսոսը (Հռոմ, առաջին դար) իր Բժշկություն (De Medicina) գրքում նկարագրել է կոպերի լարվածությունը թուլացնելու նպատակով կտրվածք կատարելու տեխնիկան[10]։
Կարլ Ֆերնանդ ֆոն Գրաֆեն 1818 թվականին առաջ է քաշել բլեֆարոպլաստիկա տերմինը, երբ այդ տեխնիկան օգտագործվում էր քաղցկեղով ախտահարված կոպերի ձևախախտումներն ուղղելու համար[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «UK cosmetic surgery statistics 2013: which are the most popular?». the Guardian (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ Weng, Chau-Jin (2009-2). «Oriental Upper Blepharoplasty». Seminars in Plastic Surgery. 23 (1): 5–15. doi:10.1055/s-0028-1110096. ISSN 1535-2188. PMC 2884894. PMID 20567720.
- ↑ McCurdy, John A. (2005 թ․ փետրվարի 1). «Upper blepharoplasty in the Asian patient: the "double eyelid" operation». Facial Plastic Surgery Clinics of North America. Seminal Review Issue (անգլերեն). 13 (1): 47–64. doi:10.1016/j.fsc.2004.07.001. ISSN 1064-7406.
- ↑ «Cosmetic Eyelid Surgery | NYC & Westchester | Dr Beran» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Anthony J. Geroulis, MD». www.uchicagomedicine.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Lower Eyelid Surgery or Lower Eye Lift Blepharoplasty». web.archive.org. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Lower Lid Subciliary Blepharoplasty: Background, History of the Procedure, Presentation». 2019 թ․ դեկտեմբերի 5.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Top Eyelid Surgery Los Angeles | Blepharoplasty». Eyesthetica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ Lazzeri, Davide; Agostini, Tommaso; Figus, Michele; Nardi, Marco; Spinelli, Giuseppe; Pantaloni, Marcello; Lazzeri, Stefano (2012 թ․ հունիսի 1). «The Contribution of Aulus Cornelius Celsus (25 B.C.–50 A.D.) to Eyelid Surgery». Orbit. 31 (3): 162–167. doi:10.3109/01676830.2011.648816. ISSN 0167-6830.
- ↑ Bhattacharjee, Kasturi; Misra, Diva Kant; Deori, Nilutparna (2017 թ․ հուլիսի 1). «Updates on upper eyelid blepharoplasty». Indian Journal of Ophthalmology (անգլերեն). 65 (7): 551. doi:10.4103/ijo.IJO_540_17. ISSN 0301-4738. PMC 5549405. PMID 28724810.
{{cite journal}}
: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)