Բառակազմական հիմք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառակազմական հիմք, բաղադրյալ (բարդ, ածանցավոր, բարդածանցավոր) բառի այն մասը, որը մնում է նրանից բառակազմական վերջին քայլում ավելացած բաղադրիչը հանելուց հետո, ինչպես՝ լսարան բառի հիմքը լս-ն է, լսարանային բառի հիմքը՝ լսարան-ը։ Բառակազմական հիմքը հաճախ կարող է համընկնել բաղադրյալ բառի արմատի հետ, սակայն արմատից տարբերվում է նրանով, որ կարող է կազմված լինել մեկից ավելի ձևույթներից, որոնցից մեկը պարտադիր պետք է հիմնական ձևույթ լինի։ Բառակազմական հիմքը որոշելու համար անհրաժեշտ է ճիշտ որոշել բաղադրյալ բառի անմիջական բաղադրիչները։ Բառային պատճառաբանվածությամբ պայմանավորված՝ երբեմն միևնույն բառի համար կարող են տարբեր հիմքեր ենթադրվել, օրինակ՝ լեզվաբանական բառը կարող է կազմված լինել լեզվաբան հիմքից -ական- ածանցի հավելումով («լեզվաբանին հատուկ, վերաբերող») կամ լեզվաբանություն հիմքից՝ -ություն-ի անկումով («լեզվաբանությանը հատուկ»)։

Ըստ տարբեր հատկանիշների՝ առանձնացվում են բառակազմական հիմքերի տարբեր տեսակներ։ Այսպես, ըստ բառակազմության ընթացքում ձևափոխվելու կամ չձևափոխվելու հատկանիշի,հիմքերը լինում են անփոփոխ և փոփոխվող։ Անփոփոխ են բառակազմության ընթացքում որևէ փոփոխության չենթարկվող հիմքերը, օրինակ՝ գործ-արան, աշակերտ-ական, փոփոխվող են տարբեր ձևափոխությունների ենթարկվող հիմքերը։ Փոփոխվող հիմքերն իրենց հերթին բաժանվում են հետևյալ տեսակների՝

  • հնչյունափոխական, որոնք առաջանում են շեշտափոխության հետևանքով, օրինակ՝ դեղն (< դեղին)/ավուն, բերքատվ(< բերքատու)/ություն
  • բառակապակցական, որոնք կազմվում են բառակապակցություններից, օրինակ՝ շաբաթօրյա, երկհատորանոց,
  • բառաձևային, երբ բառակազմության հիմք է դառնում բառի ոչ թե ելակետային ձևը, այլ հարացուցային ձևերից մեկը, օրինակ՝ աշնանային,
  • սղատարրային,որոնք առաջանում են, երբ բառակազմության ժամանակ տեղի է ունենում արմատի որոշ բաղադրիչների անկում, օրինակ՝ թշնամի - թշնամական, Եգիպտոս - եգիպտական,
  • հավելատարրային, որոնք առաջանում են, երբ բառակազմության ժամանակ արմատին ավելանում են լրացուցիչ տարրեր (ա հոդակապը, յ ձայնակապը, գրաբարյան ն վերջնահնչյունը և այլն), օրինակ՝ գրա/տախտակ, արքայա/դուստր։

Բարդ բառերի դեպքում բոլոր արմատներն էլ բառակազմական հիմքեր են, օրինակ՝ դաշտա-վայր, հանքա-հոր։

Էդ. Աղայանը իսկական բարդությունների հիմքերը բաժանում է սերող և բաղադրող տեսակների՝ ըստ նրանց բառակազմական դերի։ Սերող է կոչվում ձախակողմյան հիմքը, որին ավելանում է որևէ այլ բաղադրիչ, իսկ բաղադրող՝ աջակողմյան հիմքը, որն ավելանում է սերող հիմքին՝ կազմելով նոր բաղադրություն, օրինակ՝ դաշտավայր բառի սերող հիմքը դաշտ-ն է, իսկ բաղադրող հիմքը՝ վայր-ը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
  • Աղայան Էդ., Ջահուկյան Գ., Քոսյան Վ., Առաքելյան Գ., Հայոց լեզու, 1-ին մաս, Ա պրակ, Երևան, 1980։
  • Գալստյան Ս., Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ, Երևան, 2008։