Անալոգային հաշվողական մեքենա
Անալոգյաին հաշվողական մեքենա (ԱՀԱ), հաշվողական մեքենա, որի մեջ նախօրոք մտցված ֆիզիկական մեծությունների միջև եղած հարաբերակցությունները որոշակի մասշտաբով համապատասխանում են հետազոտվող օբյեկտը նկարագրող մաթեմատիկական հավասարումներին։
Բաղկացուցիչ մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԱ-ները բաղկացած են որոշ քանակի լուծող տարրերից, որոնք կատարվող մաթեմատիկական գործողությունների բնույթին համապատասխան լինում են՝
- գծային,
- ոչ գծային
- տրամաբանական։
Յուրաքանչյուր լուծող տարր կատարում է խիստ որոշակի մաթեմատիկական գործողություն ֆիզիկական մեծությունների նկատմամբ։
Գծային լուծող տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծային լուծող տարրերը կատարում են գումարում, բազմապատկում, նշանի փոփոխումներ, ինտեգրում ևն։
Ոչ գծային տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ գծային տարրերը վերարտադրում են ոչ գծային կախվածությունները։
Տրամաբանական լուծող տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամաբանական լուծող տարրերի թվին դասում են մի քանի մեծություններից ամենամեծը կամ ամենափոքրը առանձնացնող սարքերը, ռելեսւյին փոխակերպող սխեմաները և այլն։
Ֆիզիկական մեծություններ կարող են լինել՝
- լարումները,
- հոսանքները,
- պտտման անկյունները,
- արագությունները և այլն։
Ֆիզիկական էություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված դրանց ֆիզիկական էությունից, տարբերում են մեխանիկական, պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրամեխանիկական և էլեկտրոնային ԱՀԱ-ներ։ Ամենամեծ տարածում ունեն ունիվերսալ և մասնագիտացված էլեկտրոնային ԱՀԱ-ները, որոնք տարբերվում են մեծ թողունակությամբ, մի քանի մեքենաներ միմյանց և կառավարման ապարատների տարրերի հետ զուգակցելու հարմարությամբ։
ԱՀԱ-ների օգնությամբ լուծվում են կառավարման կամ կարգավորման համակարգի դինամիկայի անալիզի, սինթեզի, համակարգի վրա ներգործած գրգռումների կամ օգտակար ազդանշանների որոշման, ավտոմատիկայի բարդ համակարգերի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև գծային և ոչ գծային դիֆերենցիալ ու հանրահաշվական հավասարումների համակարգեր, ինտեգրալ հավասարումներ։
ԱՀՄ-ի վրա մոդելավորամը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ, նախնական հավասարումները բերվում են մոդելավորման համար հարմար տեսքի, կատարվում են մոդելի բլոկսխեմա և «մեքենայական հավասարումներ», հաշվվում են բլոկսխեմայի պարամետրերի մեծությունները, ապա կատարվում է սխեմայի հավաքումը և խնդրի լուծումը։
Առավելություններ և թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀՄ-ները թվանշանային հաշվողական մեքենաների համեմատությամբ ունեն մի շարք առավելություններ ծրագրավորման աշխատանքների փոխարինում պակաս աշխատատար պրոցեսով՝ մոդելավորումով, գործողությունների արագ կատարում, պարզ կառուցվածք, ավելի մեծ հուսալիություն են։ ԱՀԱ-ի հիմնական թերություններն են պակաս ունիվերսալությունը և լուծման համեմատաբար փոքր ճշտությունը։
Սակայն գործնական խնդիրների մեծ մասի լուծման համար նշված թերություններն էական սահմանափակումներ չեն առաջացնում։ Ներկայումս լայն տարածում են ստանում հիբրիդային հաշվողական մեքենաները, որտեղ օգտագործվում են անալոգային և թվանշանային հաշվողական մեքենաների լավագույն կողմերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անալոգային հաշվողական մեքենա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 360)։ |