Jump to content

Մասնակից:Davtyan gexam

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները[Ն 1] , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը և Կախեթը։ Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։ Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11։41, տեղի ունեցավ ամենախոշոր՝ Սպիտակի երկրաշարժը, որի պաճառով մեր ՀԽՍՀ–ն ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։

Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում։ Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնականպայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։ Այստեղ առկա են կիսաանապատներից մինչև լեռնային «տունդրան» և նույնիսկ լեռնային-բևեռային բնական բոլոր գոտիները։ Եվ այդ ամենն իրար հաջորդում են ընդամենը 75—200 մետրի վրա։ Բնական պայմանների այդպիսի տարատեսակությունն էլ պայմանավորել է երկրի առանձին շրջաններում տարբեր զբաղմունքների առաջացումն ու զարգացումը։