Jump to content

Մասնակից:Շուշան001

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարկ Տվեն - Մի շուն և երեք դոլլար


  Ես միշտ հավատացել եմ, որ մարդ պետք է ազնիվ լինի։ Ես միշտ ասում եմ.«Երբեք մի խնդրեք գումար, որը չեք վաստակել»։ Հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ, որը ցույց կտա, թե որքան ազնիվ եմ եղել իմ ողջ կյանքում։ 
  Մի քանի օր առաջ՝ ընկերոջս տանը, ես հանդիպեցի գեներալ Մայլզին։ Նա հիյանալի մարդ էր, և մենք շատ արագ դարձանք լավ ընկերներ։
  -Դու 1867 թ-ին ապրե՞լ ես Վաշինգտոնում,- հարցրեց գեներալը։
  -Այո,- պատասխանեցի ես։
  -Ինչպե՞ս է պատահել, որ մենք նախկինում երբեք չենք հանդիպել,-ասաց գեներալ Մայլզը։
  -Գեներալ,-ասացի ես,- մենք չէինք կարող հանդիպել այն ժամանակ։ Դուք մոռանում եք, որ դեռ այն ժամանակ էլ, դուք արդեն հայտնի գեներալ էիք, իսկ ես՝ աղքատ ու երիտասարդ գրող, ում ոչ ոք չգիտեր և ում գրքերը ոչ ոք չէր կարդում։ Դուք չեք հիշում, բայց մենք մի անգամ հանդիպել ենք Վաշինգտոնում։
  Ես դա շատ լավ եմ հիշում։ Ես այն ժամանակ աղքատ էի և շատ հաճախ գումար չէի ունենում նույնիսկ հացի համար։ Ես ունեի ընկեր։ Նա նույնպես աղքատ գրող էր։ Մենք միասին էինք ապրում, աշխատում, կարդում, զբոսնում։ Երբ քաղցած էինք լինում, երկուսով էիք քաղցած լինում։ Մի անգամ մեզ երեք դոլլար էր անհրաժեշտ։ Ես չեմ հիշում, թե ինչի համար էր այդ երեք դոլլարը մեզ այդքան անհրաժեշտ, բայց ես լավ եմ հիշում, որ մենք պետք է ձեռք բերեինք գումարը մինչ երեկո։ 
  -Մենք պետք է ձեռք բերենք այս երեք դոլլարը,- ասաց ընկերս,-ես կփորձեմ գտնել գումարը, բայց դու նույնպես պետք է փորձես։
  Ես դուրս եկա տանից, բայց չգիտեի ուր գնալ և ինչպես հայթայթել երեք դոլլարը։ Մի ժամ քայլեցի Վաշինգտոնի փողոցներով և շատ հոգնեցի։ Վերջապես հասա մի մեծ հյուրանոցի։
  -Ես մտա հյուրանոցի սրահ և նստեցի բազմոցին։ Նստած էի այնտեղ, երբ մի փոքրիկ, գեղեցիկ շուն վազեց սրահ։ Նա ինչ-որ մեկին էր փնտրում։ Շունը շատ լավն էր՝ ես էլ ոչինչ չունեի անելու, այսպիսով կանչեցի նրան և սկսեցի խաղալ հետը։ 
  Ես խաղում էի շան հետ, երբ մի մարդ մտավ սրահ։ Նա հագած էր մի գեղեցիկ բաճկոն և ես միանգամից հասկացա, որ նա գեներալ Մայլզն է։ Ես ճանաչեցի նրան ամսագրի իր նկարից։ 
  -Ինչ գեղեցիկ շուն է,- ասաց նա,- այն ձե՞րն է։
  Ես ժամանակ չունեցա՝ նրան պատասխանելու, երբ նա ասաց,- ցանկանում ե՞ք վաճառել շանը։
  -Երեք դոլլար,- միանգամից պատասխանեցի ես։ 
  -Երե՞ք դոլլար,- հարցրեց նա,- բայց դա շատ քիչ է։ Ես կարող եմ ձեզ տալ 50 դոլլար նրա համար։ 
  -Ո՚չ, ո’չ։ Ես միայն երեք դոլլար եմ ուզում։ 
  -Դե՜, ձեր շունն է, եթե դուք երեք դոլլար եք ուզում՝ ես ուրախ կլինեմ գնել այն։ 
  Գեներալ Մայլզը վճարեց ինձ երեք դոլլար, վերցրեց շանը և գնաց իր սենյակ։ Տասը րոպե հետո մի ծեր մարդ մտավ սրահ։ Նա նայեց սրահի շուրջբոլորը։ Ես տեսա, որ նա ինչ-որ բան է փնտրում։ 
  -Պարո’ն, դուք շուն ե՞ք փնտրում,- հարցրեցի ես։ 
  -Օ՜, այո։ Դուք տեսել ե՞ք նրան,-ասաց տղամարդը։ 
  -Ձեր շունը այստեղ էր մի քանի րոպե առաջ, և ես տեսա, ինչպես հեռացավ մի մարդու հետ,- ասացի ես,- եթե ցանկանում եք, կփորձեմ գտնել այն ձեզ համար։
  Տղամարդը շատ ուրախ էր և խնդրեց օգնել իրեն։
  -Ես ուրախ կլինեմ օգնել ձեզ, բայց այն կխլի իմ ժամանակի մի մասը և...
  -Ես պատրաստ եմ վճարել ձեր ժամանակի համար,- բացականչեց տղամարդը,- որքա՞ն եք ուզում։
  -Երեք դոլլար,- պատասխանեցի ես։
  -Երե՞ք դոլլար,- ասաց այդ մարդը,- բայց այն շատ լավ շուն է։ Ես կվճարեմ տաս դոլլար, եթե դուք գտնեք այն։ 
  -Ո՚չ, պարոն, ես ուզում եմ երեք դոլլար և ոչ մի դոլլար ավել,-ասացի ես։
  Հետո ես գնացի գեներալ Մայլզի սենյակ։ Գեներալը խաղում էր իր նոր շան հետ։
  -Ես եկել եմ այստեղ, որ շունը ետ վերցնեմ,- ասացի ես։
  Բայց հիմա այն ձեր շունը չի, ես գնել եմ նրան՝ վճարել եմ երեք դոլլար նրա համար,- ասաց գեներալը։ 
  -Ես կվերադարձնեմ ձեր երեք դոլլարը, բայց պետք է ետ վերցնեմ շանը,- պատասխանեցի ես։
  - Բայց դուք նրան վաճառել եք ինձ, այն հիմա իմ շունն է։ 
  -Ես չէի կարող վաճառել, քանի որ այն իմ շունը չէր։ Դուք հարցրեցիք ինձ, թե որքան եմ ես ուզում շան համար, և ես ասացի, որ երեք դոլլար եմ ուզում։ Բայց երբեք չեմ ասել, որ այն իմ շունն է։
 Գեներալ Մայլզը շատ բարկացավ։
  -Վերադարձրեք իմ երեք դոլլարը և վերցրեք շանը,- բղավեց նա։ 
  Երբ ես շանը բերեցի ետ՝ իր տիրոջ մոտ, նա շատ ուրախ էր և վճարեց ինձ երեք դոլլար երախտագիտությամբ։ Ես նույնպես ուրախ էի, քանի որ ես ձեռք բերեցի գումարը և զգում էի, որ ես վաստակել եմ այն։ 
  Հիմա դուք կարող եք տեսնել, թե ինչու եմ ես ասում, որ ազնվությունը ամենալավ քաղաքականությունն է և, որ մարդ, երբեք չպետք է վերցնի այն, ինչ ինքը չի վաստակել։