Jump to content

Ջրափիի իջևանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարավանատուն (Ջրափի)ից)

Ջրափիի իջևանատուն, իջևանատան ավերակ շենք Շիրակի մարզի Ջրափի գյուղում։ Ընդգրկված է Ջրափիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Ջրափիի քարավանատունը

Ջրափիի քարավանատունը ի սկզբանե տեղակայված է եղել ներկայիս Ախուրյան գետի կամրջի մոտակայքում։

Քարավանատունը կառուցվել է հիմնականում օտարերկրացիների համար։

Այստեղ են ժամանակավորապես օթևանել այլ երկներից եկող հյուրերը։ Քարավանատունը ունեցել է ճարտարապետական նրբագեղ լուծումներ, որը ակնհայտ է դեռևս պահպանված կամարներից։ Ինչպես ասվեց վերոնշյալում, քարավանատունը չի եղել այն տեղում, որտեղ ներկայումս այն տեղակայված է։

Քարերը զգուշությամբ տեղափոխվել են և հնարավորինս պահպանելով նախկին տեսքը՝ չափագրվել են և կառուցվել ներկայիս վայրում՝ Ջրափի գյուղում՝ գլխավոր ճանապարհին կից։

Քարավանատան մասին անվերջ պատմություններ են պատմում տեղաբնիկները։

Այն դարձել է հուշարձան, որտեղ մինչև օրս գալիս են զբոսաշրջիկները, հանգստանում են , ճանապարհից հոգնածությունը թոթափում, զգում են վաղեմի քարերի հանգստացնող ուժը և շարունակում ճանապարհը։

Ներկայիս Ջրափի գյուղը հիմնադրվել է 1970 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման կապակցությամբ՝ Ներքին Ջրափի (Չըռփլի) և Վերին Ջրափի (Ղեղաջ) գյուղերի ապաբնակեցման պատճառով։ Ներքին Ջրափի գյուղի վրայով է անցել միջին դարերի միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ճանապարհների մի ուղեգիծ։ Այստեղ մինչև հիմա էլ պահպանված է քարավանատան ավերակ շենքը։

Քարավանատունը 10-11-րդ դարերի կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։ Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ։

Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։

Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Քարավանատուն(չաշխատող հղում)
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քարավանատուն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.