Jump to content

Էլեկտրական հողանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հողանցումից)

Էլեկտրական հողանցում, մեքենաների, սարքերի էլեկտրական միացումը հողին։ Ըստ նշանակման լինում է պաշտպանական, որը պահպանում է մարդկանց էլեկտրական հոսանքով վնասվելուց։ Հողանցումը իրականացվում է շղթայի որևէ կետը անմիջականորեն (խուլ միացում) կամ կայծային պարպիչի, ապահովիչի, էլեկտրական դիմադրության, ինդուկտիվության կոճի (բարձր լարման սարքավորումներում) միջոցով հողին միացնելով։ Հողանցումը կատարվում է հողանցիչներով (պողպատե խողովակներ, շերտեր և այլն)։

Երկրագունդը հաղորդիչ է, ուստի նրա մակերևույթը համապոտենցիալ մակերևույթ է, այսինքն մակերևույթի բոլոր կետերն ունեն նույն պոտենցիալը, որը հաճախ, համարում են զրո։ Այդ դեպքում Երկրի մակերևույթի յուրաքանչյուր կետ կլինի զրոյական պոտենցիալի կետ, իսկ մակերևույթը՝ զրոյական պոտենցիալի մակերևույթ։

Եթե ունենք որևէ հաղորդիչ, որն ունի, օրինակ, դրական լիցք, ապա հաղորդչի և Երկրի մակերևույթների միջև գոյություն ունի պոտենցիալների տարբերություն։ Հաղորդիչը մետաղե հաղորդալարով միացնենք Երկրին։ Հաղորդչի այդպիսի միացումն անվանում են հողակցում։ Հաղորդալարի ծայրերի միջև նույնպես կստեղծվի պոտենցիալների տարբերություն, որը հավասար է հաղորդչի և Երկրի մակերևույթների պոտենցիալների տարբերությանը։ Հետևապես հաղորդալարի ներսում կառաջանա էլեկտրական դաշտ, որի ազդեցությամբ ազատ էլեկտրոնները կշարժվեն պոտենցիալի աճման ուղղությամբ, այսինքն դեպի հաղորդիչը։ Այս էլեկտրոնների հետ մեկտեղ դեպի հաղորդիչ կտեղափոխվեն նաև երկրագնդի էլեկտրոնները։ Էլեկտրոնների շարժումը, այսինքն էլեկտրական հոսանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ հաղորդչի և Երկրի մակերևույթները դառնան նույն պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթներ։ Քանի որ Երկրի մակերևույթի պոտենցիալը զրո է, ապա, երբեմն, հաղորդչի և Երկրի մակերևույթների պոտենցիալների տարբերությունն անվանում են հաղորդչի պոտենցիալ։

Այսպիսով լիցքավորված հաղորդչի հողակցման ժամանակ հաղորդչի մակերևույթը դառնում է զրոյական պոտենցիալի մակերևույթ, հաղորդչի և Երկրի մակերևույթների միջև էլեկտրական դաշտը դադարում է գոյություն ունենալուց, քանի որ այդ դեպքում զրո է դառնում այդ դաշտի լարվածությունը։ Էլեկտրական լիցքը, սակայն, չի անհետանում, այն պարզապես վերաբաշխվում է հաղորդչի և Երկրի միջև։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիզիկա 11, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, հեղինակ՝ Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Հողանցում» հոդվածից (հ․ 6, էջ 529 )։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 529