Խորհրդանիշ
Խորհրդանիշ կամ խորհրդանշան (հունարեն simbole բառից, որ նշանակում է նշան կամ երկու սկիզբների միացում)՝ որևէ առարկայի, կենդանու կամ երևույթի պատկերը կամ նշանը, որի միջոցով մատնանշվում է այդ առարկայի կամ երևույթի հատկանիշը. որոշակի հասկացությունների, գաղափարների կամ երևույթների պայմանական նշան։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդանիշը կոդ է, ծածկագիր, որը ստեղծվել է մարդկային կյանքի համընդհանուր կենսաբանական և հոգեբանական հիմքի վրա, որպես մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր։ Այն, փաստորեն, հասկացություն է, որը դրսևորվում է կառուցվածքային ձևով՝ պատկերավոր ընկալման միջոցով։
Մարդու կողմից ստեղծված և ընդունված խոսքային և ոչ խոսքային նշանները ժամանակի և տարածության մեջ կրում են այս կամ այն տեղեկույթը, իսկ խորհրդանշաններն իրենց պատկերում ներառում են մարդկության կոլեկտիվ հիշողությունը, իմաստնությունը։ Հնուց ի վեր խորհրդանիշը ստեղծվել է ոչ թե տեղեկատվության, այլ նախևառաջ հոգևոր արժեքներ փոխանցելու համար։ Այդ արժեքները վաղնջական ժամանակներում խորհրդանիշների պատկերներով ծածկագրեր էին, որոնք քողարկվում էին հասարակ մարդկանցից, թեև քանի դեռ չկար գիրը, այդ բանավոր և բարդ իմացաբանությունն իրապես հասու չէր կարող լինել հավասարապես բոլորին, ուստի խորհրդանշանի խորքային իմաստին տիրապետում էին իմաստունները, մոգերը, կրոնական, արքունական դասի մարդիկ, իսկ մնացած մասն այն ընկալում էր միայն արտաքին հատկանիշներով։
Ներկայումս կարողանալ «ընթերցել» խորհրդանիշը նշանակում է գաղտնազերծել այն հասկացությունը, որը դարերի ընթացքում ներծծվել է մարդկանց բազմաթիվ սերունդների հիշողությամբ, զգացմունքներով և կենսափորձով։ Խորհրդանշանն իմաստավորվում է և գոյատևում խմբային տեսադաշտում՝ մեկ խմբի, մեկ տոհմի, ազգի, պետության կամ ավելի ընդգրկուն հանրության համար։
Օրինակ գույների խորհրդակարգում սևը Ճապոնիայում համարվում է ուրախություն, ամերիկյան հնդկացիների համար՝ գիշեր, օրվա կարմիր գույնի հակադրություն, բուդդիզմում՝ կապանքներ, չինացիների համար՝ հյուսիս, Ին, ձմեռ, քրիստոնյաների համար՝ վիշտ, ժխտում, եգիպտացիների համար՝ վերածնունդ, պտղաբերություն, հրեաների համար՝ հասկացողություն, արքայություն, հնդիկների համար՝ զգայական և դեպի վար ուղղված շարժում, ժամանակ, մայաների համար՝ թշնամու մահ, իսլամում՝ հատուցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մշակույթում «խորհրդանշան» հասկացությունը, ինչպես և հունական փիլիսոփայության մեջ, սկզբնական շրջանում գործածվել է նշանի իմաստով։
Հայ մատենագիտության կազմավորման փուլում նշան կամ նշանակ բառն ավելի շատ ճանաչողական կամ տարբերանշանային գործառույթ ունի, քան իմացաբանական։
Ներկայիս խորհրդ-ա-նշան բառն ըստ լեզվական օրինաչափությունների համարվում է նոր բառակապակցություն, որը ոսկեդարյան հայերենում չի օգտագործվել։ Իմաստային տեսակետից այդ բառն արտահայտում է «simboll» հասկացության ընդհանրական իմաստը։ Եթե նկատի ունենանք, որ խորհուրդը հայերենում նշանակում է մտածողություն, միտք, ապա պարզ ընթերցանությամբ խորհրդանշանը նշանակում է մտածողության, մտքի նշան։
Իր ռացիոնալ նշանակությամբ խորհրդանշանը ժամանակի ընթացքում հետզհետե մուտք է գործում հասարակական և պետական կյանք՝ որպես մարդկանց, քաղաքների միջև պայմանագրերը կատարելու, արդարությունը պահպանելու միջոց, իսկ դատավարություններում ձեռք է բերում ապացույցի, երաշխիքի, անգամ՝ երդման նշանակություն։ Համանման ընկալումից էլ հետագայում ծագել է խորհրդանշանի՝ որպես հավաստիացման նշանի /անձնագիր, գերբ, փողի դրոշմանիշ, մարմնի դաջվածք/ գործածությունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]՞ Օձը որպես հայերի խորհրդանիշ Արխիվացված 2019-07-30 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գագիկ Մանասյան - Խորհրդանշանների հանրագիտարան, Երևան, 2007 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 90)։ |