Արցախի Հանրապետության սոցիալական ապահովագրություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Առողջապահություն և սոցիալական ոլորտ սոցիալական ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն․ սոցիալական ապահովության և ապահովագրության ամենածավալուն ոլորտը պետական կենսաթոշակների համակարգն է, որտեղ ընդգրկված է 24.251 քաղաքացի (2010 թվական)։ 2009 թվականին կենսաթոշակի միջին չափը եղել է 27.700 դրամ (2008 թվականի համեմատությամբ աճել է շուրջ 15 %-ով)։ Հանրապետությունում սահմանված է 2 տեսակի կենսաթոշակ՝ ապահովագրական և սոցիալական։ Ապահովագրական (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության և մասնակի) կենսաթոշակներ վճարվում է այն անձանց, որոնք պահանջվող նվազագույն ժամանակահատվածում (5 տարի) կատարել են սոցիալական վճարումներ։ Սոցիալական (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող) կենսաթոշակներ վճարվում է սահմանված նվազագույն ժամանակահատվածում սոցիալական վճարում չկատարած և ապահովագրական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց։ 2008 թվականի հունվարից սկսել է ներդրվել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգ, որով հանրապետության յուրաքանչյուր ապահովագրված քաղաքացու համար բացվում է նրա ստաժի, աշխատավարձի և կատարած հատկացումների մասին անձնական հաշիվ, որը վարվում է քաղաքացու ամբողջ, ակտիվ աշխատանքային գործունեության ընթացքում և դառնում նրա կենսաթոշակային իրավունքի երաշխիք։ 2011 թվականից, ՀՀ-ի օրինակով, ԼՂՀ-ում մշակվում է նաև կենսաթոշակային բարեփոխման ծրագիր, որի խնդիրը կենսաթոշակային բաշխող, համակարգից անցումն է ինքնաֆինանսավորման համակարգին։ Դա պահանջում է պարտադիր և կուտակային կենսաթոշակային համակարգերի զուգահեռ գործարկում։ Քառաստիճան այդ համակարգի վերջին՝ 3-րդ աստիճանն ապահովելու է լրացուցիչ կենսաթոշակ՝ անձի աշխատանքային գործունեության ընթացքում կամավոր կատարած վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին։ Բնակչության սոցիալական պաշտպանության բաղկացուցիչ մաս է նաև պարտադիր սոցիալական ապահովագրությունը։ Դրա հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ԼՂՀ օրենքով (2006)։ Նախատեսվում են հիվանդության (վնասվածքի), պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի անդամի հիվանդության և այլ դեպքերում անաշխատունակության ու (կամ) խնամքի համար տրվող ապահովագրական նպաստներ։ 2010 թվականին հանրապետության բնակչության 6,5 %-ը (10.500 մարդ) հաշմանդամ էր, ամենամսյա դրամ, օգնություն է ստացել 12.849 մարդ (3-42 հազար դրամ, վերջինս ծնողազուրկ երեխաների խնամքի համար)։ Նպաստներ են տրվում նաև չաշխատող կանանց՝ հղիության և ծննդաբերության համար։ Շարունակվում է երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագիրը, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրվում է 300 հազար դրամ միանվագ գումար։ Սոցիալական համակարգում գործում են 2 գիշերօթիկ դպրոցներ՝ 150-ից ավելի սաներով, տուն-ինտերնատ (Ստեփանակերտում), որտեղ խնամվում են 145 ծերեր։ Բազմանդամ ընտանիքներին աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է սեփական տներով ապահովել 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես նաև լրացուցիչ նպաստներ տալ վերաբնակեցվող շրջաններում բնակվող քաղաքացիներին։ Նպաստներ են նախատեսված նաև ՊԲ-ում ծառայության ընթացքում հաշմվածներին, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների բուժման և հանգստի կազմակերպման համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առողջապահություն և սոցիալական ոլորտ», էջ 1007