Թեղուտ (հնավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)

Թեղուտ, հնավայր Հայաստանի Էջմիածին քաղաքի հարավային կողմում։ Թեղուտ անունը տրված է ուշ ժամանակներում՝ 19-րդ դարում, շրջակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու տնկված թեղիների պատճառով։ Թեղիների անտառը ոչնչացվել է 1915–16-ին։ Համարվում է նեոլիթ-բրոնզի դարի ժամանակաշրջանի բնակավայր և ունի ավելի քան 5000 տարվա հնություն։ Հնավայրը հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ, որոնց հետևանքով կառույցների մի մասն ավերվել է։ Զբաղեցնում է 3 հա տարածություն։ Անպարիսպ բնակատեղի է։ Մնացել են աղյուսաշեն ու կավաշեն կլոր հատակագծով կացարանների հետքերը։ Թեղուտում գտնված մկնդեղային բրոնզե առարկաները (երկու ասեղի բեկոր, դանակի շեղբ և շաղափ) պարունակում են նաև արծաթ, բիսմուտ, նիկել և Հայաստանի տարածքում գտնվածներից ամենահներն են։ Գետաքարից (ծակոտկեն բազալտ) պատրաստված կացինները, աղորիքները (օվալաձև և անկանոն), սանդերը, սանդկոթերը, վանակատե և կայծաքարե գործիքները հաստատում են, որ տնտեսության մեջ հիմնականում գործածվել է քարը։ Խեցեղենը (կարասներ, կճուճներ, թասեր, սաջեր) հիմնականում՝ կարմիր, մասամբ սև է, որոշ կավամաններ պատված են դեղին անգոբի բարակ շերտով։ Կավամանները գունազարդվել են վրձնով և քարե կոկիչով։ Գտնվել են նաև արջ հիշեցնող կենդանու կավե արձանիկ, որը Հայաստանի տարածքում՝ IV հազարամյակի նյութերի մեջ եզակի է, ոսկրե առարկաներ (ծակիչներ, բրիչներ, հերուններ, դեղդիրներ)։ Թեղուտում հայտնաբերված միջագետքյան խեցեղենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները կապ են ունեցել Առաջավոր Ասիայի մշակութային կենտրոնների հետ։ Թեղուտի հնագույն բնակիչներն զբաղվել են բրիչային երկրագործությամբ (գտնվել են ցորենի և գարու մնացորդներ), անասնապահությամբ, կաշեգործությամբ, ջուլհակությամբ և խեցեգործությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 435 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 165