Jump to content

«Գիտակցության հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «=== ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ === ===== ՄՈԴԵՌՆԻԶՄԸ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ===== 19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը Ե...»:
(Տարբերություն չկա)

21:37, 7 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ

ՄՈԴԵՌՆԻԶՄԸ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ

19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբը Եվրոպայում և Ամերիկայում նշանավորվում է մարդկանց աշխարհընկալման և իրականության հանդեպ իրենց վերաբերմունքի փոփոխությամբ:

Մեծ բացահայտումներն ու հայտնագործությունները միջուկային ֆիզիկայի, ռադիոտեխնիկայի և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, բշժկության, հոգեբանության և գիտության այլ ճյուղերի աննախադեպ զարգացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական փոփոխությունները ստիպում են նոր՝ 20-րդ դարի մարդկանց վերանայել և փոխել իրենց նախկին պատկերացումները իրականության օրենքների և աշխարհի մասին:

Այսպիսի փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ մշակույթի, արվեստի զարգացման վրա. տեղի է ունենում մշակութային պարադիգմի՝ հարացույցի փոփոխություն: Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններից եկող ներդաշնակ աշխարհի պատկերը, որի կենտրոնում մարդասիրական իդեալներն են, քաղաքակիրթ մարդն է՝ հոգևորի, բանականության և բարոյականության մարմնացումը, և, որը կարելի է ներկայացնել որպես մշակույթի մարդակենտրոն հարացույց, դուրս է մղվում մեկ այլ հարացույցի կողմից, որի համար առաջնային է այն գաղափարը, որ քաղաքակրթությունը անխուսափելիորեն ծնունդ է տալիս ավերիչ և քաոսային ուժերի: Այս նոր մշակութային հարացույցի հիմքում ընկած է ոչ թե քաղաքակրթությունը, այլ բնականությունը, որը ներկայանում է որպես չհամակարգված երևույթ՝ քաոս:

20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորված այս հզոր մշակութային շարժումը, Արևմտյան մշակույթի անցումը դեպի նոր որակական մակարդակ պատմությանը հայտնի է «ՄՈԴԵՌՆԻԶՄ» անունով:

Մոդեռնիստները նոր շունչ, նոր ձև ու բովանդակություն են հաղորդում 20-րդ դարի գեղարվեստական մտքին ու մտածողությանը՝ դեմ գնալով դարերի հնություն ունեցող նորմերին ու ավանդույթներին: Փշրելով ռեալիստական գրականության կողմից պարտադրված շղթաներն ու կապանքները՝ մոդեռնիստ գրողները խիզախորեն կոտրում են գեղարվեստական տեքստի կառուցման հին «ռազմավարական» հնարների ու մեթոդների կարծրատիպերը:

Մոդեռնիզմը՝ որպես գրական և մշակութային գաղափարախոսություն, շեշտադրում է ժամանակակից աշխարհին բնորոշ ընդհանուր աններդաշնակությունը, այդ աշխարհում ապրող անհատի՝ անկայուն վիճակը, շփոթմունքն ու հուսալքությունը, հավատի կորուստը, նրա օտարացումը հասարակությունից: Ըստ մոդեռնիստների՝ նախորդ դարի արվեստագետները, ովքեր պատկերում էին աշխարհն ու մարդկանց ռեալիստական մեթոդներով, անկարող են եղել պատկերել մարդուն՝ որպես ՄՏԱԾՈՂ էակ, անհատ՝ իր զգացմունքներվ, հույզերով և մտքերով: Ի հակադրություն ռեալիստների՝ մոդեռնիստները ձգտում էին պատկերել անհատի ներարշխարհը՝ հոգեկան ապրումները, հոգեբանական վախերը, շփոթմունքները, բարդույթներն ու նմանատիպ պատնեշների հաղթահարումը: Թերևս մոդեռնիստների հենց այս ձգտումների արդյունքը կարելի է համարել «ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔ» գրական մեթոդի ներմուծումը:

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ

Գիտակցության հոսքը համարվում է 20-րդ դարի գեղարվեստական գրականության ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը: Այս մեթոդը կյանքի է կոչվել այնպիսի նշանավոր գրողների կողմից, ինչպիսիք են Ջ. Ջոյսը, Վ. Վուլֆը, Վ. Ֆոլքները, Դ. Ռիչարդսոնը,Թ. Էլիոթը և այլք:

«Գիտակցության հոսք» հասկացությունն իր արմատներով կապված է փիլիսոփայության և հոգեբանության հետ: Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վ. Ջեյմսի կողմից իր «Հոգեբանության սկզբունքները» ("The Principles of Psychology" (1890)) աշխատության մեջ: Նա նշում է, որ մարդկային գիտակցությունը նման է «գետի» կամ «հոսանքի», որում մտքերը, զգացմունքները, ապրումները, զուգորդումները շարունակաբար բաժանվելով և միախառնվելով հոսում են, հետևաբար, ճիշտ կլինի գիտակցության մասին խոսելիս կիրառել «գիտակցության հոսք» տերմինը (W. James:1890):

Գիտակցության հոսքի համար տեսական հիմք են հանդիսանում Զ.Ֆրեյդի և Կ. Յունգի տեսությունները: Այս մեթոդի միջոցով վեր է հանվում կերպարների «գիտակցության իրականությունը»: Գրողն այս հնարի միջոցով կերտում է մի յուրօրինակ գեղարվեստական աշխարհ, որն «ապրում է» միայն իրեն հատուկ օրենքներով:

Գիտակցության հոսքը՝ որպես գրական մեթոդ, մերժում է պատճառի և հետևանքի դարավոր կապը, ժամանակի և տարածության ավանդական հարաբերությունները: Իրականությունը՝ արդեն վատնած իր զարգացման տրամաբանությունն ու հետևողականությունը, մասերի է բաժանվում: Իրականության հայելու փշրված կտորտանքներն իրենց մոզաիկ արտացոլումն են գտել Ջ. Ջոյսի, Վ.Վուլֆի, Ֆ. Կաֆկայի, Վ. Ֆոլքների և այլոց կերտած կերպարների գիտակցության մեջ:

Գիտակցության հոսքի մասին կարծիքներն առավել քան հակասական Էին: Որոշ գրաքննադատներ գտնում էին, որ հոգեբանության մեր կիրառելի հիմնադրույթների ներմուծումը գրական ստեղծագործությունը հեռացնում էր գրականությունից և տանում դեպի գիտություն՝ հերոսներին կտրելով իրենց կյանքից և ներկայացնելով որպես նորարարական հնարների մեկուսացված «փորձաճագար»: Այնուամենայնիվ, տարիների հեռավորությունից ընթեցողների ու գրաքննադատների մեծամասնությունը չի կիսում նշված կարծիքը:

Գիտակցության հոսքը կապանքազերծում է մինչ այդ գրական երկերի խորքերում թաքնված մարդուն՝ անհատին՝ բացահայտելով նրա ներաշխարհը, ներքին խոսքն ու միտքը: Գիտակցության հոսքի միջոցով ընթերցողներն ու հերոսները կանգնում են դեմառդեմ. միջնորդի՝ հեղինակի դերը մինիմիզացված է: Կերպարների գիտակցության հոսքը՝ ողողված իրականության մասին հիշողությունների պատառիկներով, խոհերով, զգացումներով, ապրումներով և անհամար զուգորդումներով, ընթերցողների համար նկարում է իրական աշխարհի յուրօրինակ մի կտավ՝ «կենդանի, ապրող ու շնչող»:Այս տեխնիկան թույլ է տալիս, որ ընթերցողը, մուտք գործելով հերոսների գիտակցության, նրանց մտքերի աշխարհ, ինքնուրույն եզրահանգումներ կատարի կերպարների և նրանց հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Աղբյուրներ

  1. <http://classiclit.about.com/od/literaryterms/g/aa_stream.htm>
  2. <http://www.britannica.com/EBchecked/topic/133295/stream-of-consciousness>
  3. <http://literarydevices.net/stream-of-consciousness>


Տես նաև

  1. <https://www.princeton.edu/~achaney/tmve/wiki100k/docs/Stream_of_consciousness_%28narrative_mode%29.html>
  2. <http://www.urgi.info/urgiinfofiles/sites/pigulevsky-ironiya/03_paragraf_3-4.htm>