Jump to content

Հովհաննես Իգիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հենզիկի Իգիթյան
Դիմանկար
Ծնվել է1960 թվականի ապրիլի 14
ԾննդավայրՀադրութ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունճարտարագետ
Աշխատանքճարտարագետ, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերեք զավակ
 Hovhannes Igityan Վիքիպահեստում

Հովհաննես Հենզիկի Իգիթյան (ապրիլի 14, 1960(1960-04-14), Հադրութ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, ճարտարագետ[1]։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի ապրիլի 14-ին։

Միչև 1982 թվականին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում։ 1980-1982 թվականներին ավարտել է ԵրՊԻ ռազմական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի սպայական կոչում։

1981-1984 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնի լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող։ 1984-1988 թվականներին՝ ԵրՊԻ գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Էլեկտրական մեքենաների դիագնոստիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող։ 1988-1990 թվականներին՝ ԵրՊԻ «Վերգետնյա արագընթաց տրանսպորտ» գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։

«Ազատ շուկայական հարաբերություններ», «Պետական-մասնավոր համագործակցության կարգավորում», «Արհմիությունների դերը Ֆրանսիայում» քաղաքագիտության և տնտեսագիտության (1990 թվական, Սորբոնի համալսարան, Փարիզ), «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն», «Դիվանագիտական արարողակարգ» Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի հեռակա (1992-1993 թվականներ), «Ներդրումներ ձեռնարկատիրական և բնակելի ոլորտում», «Նոտարական համակարգ», «Հիպոտեկային վարկավորման պայմաններ», «Ֆինանսավորման աղբյուրների չափորոշիչներ», «Գործարքների կարգավորում Ֆրանսիայում»՝ Ֆրանսիայի անշարժ գույքի ֆեդերացիայի միջազգային վարչության և «107 Պրոմենադ» գործակալության, «Ապօրինի ֆինանսական սխեմաներ. տեսակներ, բացահայտում, խուսափում»՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարարության դրամական միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, «Ֆրանսիայի հարկային համակարգ»՝ Ֆրանսիայի հարկային ծառայության (2004-2006 թվականներ) դասընթացների մասնակից։

1999-2002 թվականներին եղել է Երևանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու։ 2003-2018 թվականներին՝ Հայաստանում Եվրամիության առևտրի պալատի գործադիր տնօրեն, 2003-2008 թվականներին որպես փորձագետ աշխատել է Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի մի շարք նախագծերում, 2004-2005 թվականներին եղել է «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2006-2012 թվականներին՝ «107 Պրոմենադ» (Ֆրանսիա) անշարժ գույքի գործակալության միջազգային նախագծերի մենեջեր, իսկ 2007-2011 թվականներին՝ «Եվրոպոլիս» ՍՊԸ (Ղազախստան) միջազգային նախագծերի մենեջեր։ 2012-2017 թվականներին աշխատել է «Վինսի Գրուպ»-ում (Ֆրանսիա) որպես խորհրդական։ 2014-2015 թվականներին՝ «ՖԻԱԲՍԻ» (Համաշխարհային անշարժ գույքի ֆեդերացիա, Ֆրանսիա) նախագահի խորհրդական, 2015-2016 թվականներին՝ «ՀԱՐՔՈ Գրուպ»-ի (Բելգիա) ներկայացուցիչ։

1990 թվականից անդամակցում է Ֆրանսիայի «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ'ԱԶՈւՐ» բարեգործական կազմակերպության խորհրդին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխատել Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, նաև ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ։

1995-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ Նախագահել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, ԵԽԽՎ-ում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, նաև ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2022 թվականի փետրվարից Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նույն թվականի հուլիսից, համատեղության կարգով, նշանակվել է Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Իգիթյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.