Րաֆֆի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Րաֆֆի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան Ռիչարդի
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան Ռիչարդի
Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին
Դրոշ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
 2005 թվականից
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2007 թ. - 2012 թ.
ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար[1][2]
1991թ. - հոկտեմբերի 16, 1992թ.
Նախորդող Աշոտ Եղիազարյան (պաշտոնակատար)
Հաջորդող Արման Կիրակոսյան (պաշտոնակատար)
 
Ծննդյան օր 20.11.1959
Ծննդավայր Ֆրեզնո, ԱՄՆ
Հայր Ռիչարդ Հովհաննիսյան
Մայր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյան
Ամուսին Արմենուհի Հովհաննիսյան
Զավակներ Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն-Ռիչարդ

Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան (ծ.նոյեմբերի 20, 1959, Ֆրեզնո, Կալիֆորնիա), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և Ժառանգություն կուսակցության ղեկավար։


Կրթություն[խմբագրել]

1977-78 թթ. սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում։ 1979 թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1980 թ. ավարտել է հիշյալ համալսարանը՝ պատմության և արևելագիտության գծով։ 1982 թ. ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում։ 1985 թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և Հայոց ցեղասպանությունը վերտառությամբ ատենախոսությունը։ 1981-82 թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում որպես հայոց պատմության դասախոս։[3]

Գործունեություն[խմբագրել]

Րաֆֆի Հովհաննիսյանը, 2011 թվականին, հացադուլի ժամանակ

1985-89թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։

2013 թվականին որպես ՀՀ նախագահի թեկնածու[խմբագրել]

2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց 539 691 ձայն, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 861 155 ձայներով[4]։ Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։
Այդ միջոցառումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին հայտարարեց անժամկետ հացադուլ՝ Ազատության հրապարակում։ Այդ օրը Հովհաննիսյան բավականին սկանդալային հայտարարություն կատարեց.«Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա»[5]։ Սակայն մարտի 31-ին ավարտեց հացադուլը։
Ապրիլի 9-ին գործող նախագահի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ժամը 12-ին հանրահավաք կազմակերպեց, այդ օրը Հովհաննիսյանը երկու անգամ ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։ Երկրորդ անգամը տեղի ունեցավ երեկոյան, երբ Հովհաննիսյանի գլխավորությամբ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան պողոտա, որի սկզբնամասում տեղի ունեցան լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բանակցությունների արդյունքով, ըստ որի ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի և Գասպարյանի գլխավորությամբ պետք է շարժվեին Ծիծեռնակաբերդ մոմավառության՝ Սարյան փողոցով, այլ ոչ թե Բաղրամյանով՝ նախագահի նստավայրի մոտով (նախատեսված տարբերակի համաձայն), սակայն ցուցարարների մի մասը նրանց չմիացավ։ Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Բաղրամյանում մնացած մարդկանց կոչ արեց նստացույց իրականացնել, սակայն Ղուկասյանին բերման ենթարկեցին։ Ծիծեռնակաբերդից Հովհաննիսյանը վերադարձավ Բաղարամյանում մնացած ցուցարարների մոտ և ոստիկանների հետ կրկին բանակցությունների արդյունքում՝ ցուցարարներին թույլ տրվեց քայլերթով անցնել Բաղրամյանով, որից հետո արդեն փոքրաթիվ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և Հովհաննիսյանը ավարտեց այդ օրվա բողոքի միջոցառումները[6]։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել]

Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է, ամուսնացած է և ունի հինգ երեխա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Աշոտ Եղիազարյանը, որպես ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
ՀՀ Արտաքին գործերի նախարար
Րաֆֆի Հովհաննիսյան

1991—16 հոկտեմբերի 1992
Հաջորդող
Արման Կիրակոսյան (պաշտոնակատար)