Տոնապատճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոնապատճառ, Պատճառ տօնից, հայոց Տոնացույցի՝ «Կանոնք ընթերցվածոց»-ի տոների շարքի և դրա հետ կապված առանձին ընթերցվածների՝ Հին և Նոր կտակարաններից մեջբերված բնագրերի մեկնությունների, վերլուծությունների ժողովածու։ Տոնապատճառում լուսաբանվում են տոների իմաստները, եկեղեցական մատենագրության մեջ առանձին կարևորություն ունեցող մի շարք ճառերի և մեկնողությունների երկերի հորինման շարժառիթները, բացատրվում են ավետարանական բնագրերը՝տոների «պատճառներ»-ը (այստեղից էլ՝ Տոնապատճառ անվանումը)` աստվածաբանական, վարդապետական մասնավոր ուղղվածությամբ։ Սկզբնապես հայտնի էին «Մեկնություն ընթերցվածոց» անվամբ։ Տոնապատճառի մեջ հայրախոսական տեքստերից բացի առկա են նաև Աստվածաշնչի և մի շարք ճառերի մեջ հանդիպող առավել խրթնիմաստ բառերի և արտահայտությունների կարճառոտ մեկնաբանություններ` լուծմունքներ, դավանաբանական երկեր, ինչպես նաև՝ մարգարեների, առաքյալների, նահատակների վերաբերյալ համառոտ պատմություններ, որոնք, զերծ լինելով վարքերին ու վկայաբանություններին հատուկ նկարագրականությունից, ունեն առավելապես բարոյական հրահանգի, վերլուծական պատգամի բովանդակություն։ Ի տարբերություն գործնական կիրառության համար սահմանված ծիսամատյանների, որոնք ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ենթարկվել են ինչ-ինչ փոփոխությունների, Տոնապատճառ ժողովածուն, ունենալով գերազանցապես տեսական բովանդակություն, քիչ է ենթարկվել արտաքին ազդեցության։ Իբրև տեսական-աստվածաբանական անհրաժեշտ գիտելիքներ պարունակող կարևոր դասագիրք՝ Տոնապատճառը լայնորեն կիրառվել է վանական դպրոցներում։ Ձեռագրական ավանդույթը «Տոնապատճառ» ժողովածուի ստեղծումը կապում է Արիստակես Ա Պարթև կաթողիկոսի (325–333 թվականներ) անվան հետ։ Սակայն Տոնապատճառի կազմավորման մեջ շատ ավելի էական է համարվում նախ՝ Գրիգորիս Արշարունի քորեպիսկոպոսի (VII–VIII դարեր.), ապա Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի (855–876 թվականներ) մասնակցությունը։ Ժողովածուի բովանդակային ճոխացմանը կարևոր նպաստ է բերել նաև Սամվել Կամրջաձորեցին (X–XI դարեր)` այն համալրելով նոր միավորներով, այդ թվում նաև` իր հորինած մեկնողական ճառերով։ Իբրև այս ժողովածուի խմբագիրներ հիշվում են նաև Վարդան Հաղպատեցին (XII դար), XIII դարի հեղինակներ Հովհաննես Գանձակեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ։ Տոնապատճառ ժողովածուի առավել ներկայանալի օրինակներ են Մատենադարանի № 1007, 2021, 2039, 4139 ձեռագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: