Վիկտորյա Մեմորիալ թանգարան (Կալկաթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Victoria Memorial Kolkata panorama.jpg

Վիկտորյա Մեմորիալ թանգարան, թանգարան Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։

Հիմնադրման գաղափարը հղացել է լորդ Քերզոնը, երբ Հնդկաստանի փոխարքան էր։ Թանգարանի հիմնաքարը դրվել է 1906-ին, իսկ ավարտվել և բացումը տեղի է ունեցել 1915-ին։ Շենքը կառուցվել է Վերածննդի ոճով։

Այստեղ պահվում է վիկտորյան դարաշրջանի Հնդկաստանը պատկերող հավաքածու։ Թանգարանի կենտրոնական դահլիճում դրված է 18 տարեկան Վիկտորյայի արձանը, երբ նա նոր էր գահ բարձրացել։ Այս թագուհին էր, որ հնդկական ազգային շարժումը ճնշելուց հետո, 19-րդ դարի ութսունականներին, իրեն Հնդկաստանի կայսրուհի հռչակեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ Անգլիան Հնդկաստանը իր գաղութն է համարում։

Թանգարանի սրահներում կարելի է տեսնել նկարների այն հսկա հավաքածուն, որտեղ պատկերված են Վիկտորյա թագուհու կյանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Այստեղ են պահվում նաև Վիկտորյա թագուհու դաշնամուրը և գրասեղանը։

Թանգարանը պարունակում է նաև հնդկական կյանքը ներկայացնող կտավներ, քանդակներ և այլ գործեր, այդ թվում նաև ռուս անվանի նկարիչ Վ. Վերեշչագինի ամենամեծ կտավը՝ «Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր»։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Կ. Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 58։