Վանքի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանքի ամրոց (բերդ), ամրոց Աստղաձոր գյուղից 4 կիլոմետր հարավ՝ Վարդենիսի լեռնաշղթայի լանջերին։ Ամրոցը հավանաբար ավելի վաղ ժամանակների մշակույթի մնացուկ է, քան նրա շուրջը գտնվող բազմաթիվ միջնադարյան ավերված բնակավայրերը։ Ամրոցի անունը կապված է պարիսպների ներսում մի խոնարհված վանքի առկայության հետ, որը կառուցվել է ավելի ուշ, քան ամրոցը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կանգնած է մի թամբարթ հրվանդանի հյուսիսային մասում։ Այն իր զբաղեցրած տարածությամբ մոտ 2000 մ2 է, որի համար կարելի է այն համարել միջնաբերդ, նրա շուրջը, առավելապես դեպի հարավ-արևելք, տարածված բնակավայրի համար։ Միջնաբերդն ունի պայտի ձև, որի կլորացած մասը դարձված է դեպի հյուսիս-արևմուտք։

Պատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերը շարված են կիկլոպյան այլ ամրոցների պատերի նման, 3,5 մետր լայնությամբ, միայն այստեղ քարերը ավելի փոքր են, սակայն դարձյալ անտաշ ու առանց շաղախի։

Աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ամրոցում հայտնաբերված երկու աշտարակները կիսաշրջանաձև են, որոնք դուրս են բերված ամրոցի հարավը, հարավարևմտյան պարիսպների անկյուններում։ Այս ձևի քարաբուրգերը հիշեցնում են միջնադարյան ամրոցի աշտարակներ։ Հավանական է, որ այստեղ միջին դարերում վանք կառուցելիս վերակառուցել են նաև միջնաբերդի պարիսպներն ու աշտարակները։

Ներքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնաբերդի պարիսպներից դուրս և ներսում եղած տարածությունները ծածկված են կացարանների ավերակներով։ Ավերակների պատերի կառուցման տեխնիկան համապատասխանում է պարիսպների կառուցմանը, տները հիմնականում ունեն քառակուսի ձև։ Այս ամրոցը ամենաթույլ պաշտպանվածն է եղել, հավանորեն մի քանի անգամ վերակառուցվել և վերջում հանդիսացել է վանքի ագարակը։

Ամրոցից քիչ հեռու, ձորակում կա մի սառնորակ աղբյուր, որի ջրից էլ ըստ երևույթին, օգտվել են բնակավայրի ու միքնաբերդի ապրողները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]