Ջեյմս Մեդիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Մեդիսոնի քաղաքական հայեցակարգը [խմբագրել]

Ջեյմս Մեդիսոն

Մեդիսոն Ջեյմս (1751-1836)` "ամերիկյան Սահմանադրության ճարտարապետ": 1771 թ. ավարտել է Նյու-Ջերսիի քոլեջը: Ընտրվել է Վիրջինիայի կոնվենտի պատգամավոր, ակտիվորեն մասնակցել է նահանգի սահմանադրության մշակմանը: 1787 թ. Մեդիսոնը ընտրվել է Սահմանադրական կոնվենտի անդամ: 90-ականների սկզբից նա աստիճանաբար անցել է հանրապետականության դիրքորոշմանը: Ջեֆերսոնի կառավարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոնը, իսկ 1808 և 1812 թթ. ընտրվել է ԱՄՆ նախագահ: Պաշտոնաթողությունից հետո Մեդիսոնը հիմնել է գաղութաբնակեցման Ամերիկյան ընկերակցությունը, մասնակցել երկրի հարավում ստրկության հիմնահարցի փուլային լուծմանը, իսկ Թոմաս Ջեֆերսոնի մահից հետո` դարձել Վիրջինիայի համալսարանի ռեկտոր: Կյանքի վերջին տարիներին նա նվիրվել է Հարավի ստրկատերերի դեմ պայքարին, ովքեր կոչ էին անում բոյկոտել իրենց համար անընդունելի դաշնային օրենքները: Մեդիսոնը կարևոր դեր է ունեցել ԱՄՆ Սահմանադրության հայեցակարգային հիմքերի և Սահմանադրության բուն տեքստի մշակման գործում: Նրան է պատկանում նաև 1791 թ. իրավունքների մասին Բիլլը: Քաղաքական ուսմունքի գլխավոր գաղափարները նա շարադրել է "Ֆեդերալիստ" հանդեսի հոդվածաշարում:

Մեդիսոնի քաղաքական հայացքները հիմնված են մարդու` որպես սոցիալական շփման ունակ, բայց և սեփական շահերով առաջնորդվող էակի մասին պատկերացման վրա: Ի բնե օժտված լինելով բանականությամբ և անկապտելի իրավունքներով` մարդիկ ինքնին կարող են որոշել պետության ձևը: Նրա, ինչպես նաև ամերիկյան հեղափոխության այլ գործիչների համար, անգլիական և հատկապես շոտլանդական լուսավորիչների գաղափարները քաղաքական աքսիոմներ էին: Սակայն, նրան հետաքրքրում էին ոչ այնքան տեսական, որքան պետականության գործնական հիմնահարցերը, մասնավորապես այն, թե ինչպես հաստատել հանրապետություն ամերիկյան իրականության մեջ: Կառավարման հանրապետական ձևի հայեցակարգում Մեդիսոնը ստեղծագործաբար միավորում է Հարինգտոնի և Դեյվիդ Հյումի գաղափարները: Նրա նպատակը նահանգների ամուր միության ձևավորումն է, որն ունակ լինի ապահովել և ժողովրդի մեծամասնության կայուն կառավորումը, և փոքրամասնության օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Քանզի թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը ժողովրդի մասն են կազմում, իսկ արդարությունը պետք է ապահովված լինի ողջ ժողովրդի համար: Արդարության նվաճման գլխավոր խոչընդոտ նա համարում է մեծամասնության բռնատիրությունը: Նման հնարավորությունը կանխելու համար անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելքներ: Առաջին արգելքը պետական կառույցի ձևն է, որը Մեդիսոնն անվանել է խառը. ունիտար պետությունները` նահանգները, միավորվել են միության` դաշնության մեջ: Այն թույլ է տալիս ապահովել ողջ երկրի և առանձին նահանգների շահերի ներկայացուցչություն, ինչպես նաև կանխել մեծամասնության բռնատիրության հաստատումը շրջաններում: Երկրորդը ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտն է: Երրորդը ներկայացուցչական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների սահմանափակումն է որոշակի ժամկետներով: Սա է հանրապետության և մեծամասնության կառավարման պայմաններում փոքրամասնության իրավունքների ապահովման նրա հայեցակարգի էությունը:

Մեդիսոնը կարևոր ներդրում ունի զսպումների և հակակշիռների մեխանիզմի մշակման գործում: Նահանգների սահմանադրությունների մեծ մասում առկա էր իրավունքների մասին Բիլլը, սակայն չկար դրանք կենսագործելու մեխանիզմը: Դա վերաբերում է նաև իշխանությունների բաժանման սկզբունքին:

Մեդիսոնը բավական վատատեսորեն է վերաբերվում իրավունքների մասին Բիլլի գաղափարին, բայց միաժամանակ հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամերիկացիների մեծամասնության համար այդ գաղափարն ազատության խորհրդանիշ է: Ուստի, զիջելով հանրապետականներին, նա ինքը կազմեց Բիլլի տեքստը: Բայց իշխանությունների բաժանման հարցում, ի տարբերություն հանրապետականների, ովքեր իշխանությունների հավասարակշռությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ էին համարում կոնվենտի պարբերական գումարումը, Մեդիսոնը առաջադրում է զսպումների և հակակշիռների մեխանիզմի միջոցով ներքին հսկողության գաղափարը: Մեդիսոնի կարծիքով` գործադիր իշխանությունն իր էությամբ պարզ է, և լիազորությունների շրջանակը` նեղ: Առավել քիչ են դատական իշխանության գործառույթները: Նա տիրապետող է համարում օրենսդիր իշխանությունը, որը ոչ միայն օրենքներ է ընդունում, այլև մուտք ունի գանձարան: Այդ պատճառով էլ հենց նրանից է բխում գլխավոր սպառնալիքն իշխանության այլ ճյուղերին:

Հետևաբար` հանրապետության պայմաններում գլխավոր խնդիրը օրենսդիր իշխանությունից բխող սպառնալիքի վերացումն է: Հիմնահարցի լուծումը Մեդիսոնը համարում է բիկամերալիզմը` երկպալատ համակարգը, այսինքն` օրենսդիր մարմինը 2 պալատի բաժանելը: Հիմնականը նա համարում է ստորին պալատը` որպես ամերիկյան ողջ ժողովրդին ներկայացնող մարմին: Ներկայացուցչական պալատի անդամները պետք է ընտրվեն հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` ձայների գաղտնի քվեարկությամբ: Վերին պալատը` Սենատը, կոչված է հակակշռի դեր խաղալու ստորինի նկատմամբ: Նրա կարծիքով, Սենատը իշխանության ամենաուժեղ մարմնից ժողովրդին պաշտպանելու միջոց է, այսինքն` ժողովրդի պաշտպանությունն իր իսկ սխալներից: Սակայն, իր կյանքի վերջին, Մեդիսոնը հանգեց այն մտքին, որ սենատորները ևս պետք է ընտրվեն այն նույն կանոններով, ինչ Ներկայացուցիչների պալատի անդամները: Սահմանադրական կոնվենտում ընդունվեց այլ տեսակետ. սենատորներն ընտրվում են նահանգների օրենսդրական ասամբլեաներում, որը գործեց ընդհուպ Սահմանդրության 17-րդ փոփոխության ընդունումը 1913թ.: Այնուամենայնիվ, Մեդիսոնի կարծիքով, երկպալատ օրենսդիր մարմինը շատ ուժեղ էր: Ուստի կոնվենտում նա առաջարկեց "վերահսկիչ խորհրդի"` իշխանության գործադիր ու դատական ճյուղերի միացյալ մարմնի գաղափարը` օժտված դեռևս օրինագծի քննարկման փուլում Կոնգրեսին հակազդելու իրավունքով: Սակայն կոնվենտում ընդունվեց դատական սահմանադրական հսկողության մասին Համիլտոնի գաղափարը: Զսպումների ու հակակշիռների երրորդ միջոցը, ըստ Մեդիսոնի, դատական համակարգի բարձրագույն մարմնի հատուկ դերն է: Այս գաղափարը խիստ քննադատեցին հանրապետականները` որպես ժողովրդավարությանն առավել սպառնացող վտանգավոր իշխանության ինստիտուտ: Իսկ Մեդիսոնը կարծում էր, որ պատշաճ կազմ հավաքելու դեպքում Գերագույն Դատարանը կարող է դառնալ Սահմանադրության հուսալի երաշխավոր: Մեդիսոնի գաղափարը, որ պաշտպանեց նաև Համիլտոնը, դարձավ դատական սահմանադրական վերահսկողության հիմքը ԱՄՆ-ում: