Պապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապ (մոտ 353-374 թթ.), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։

17 տարեկանում հաջորդել է Հայոց արքա Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի [1]։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց օրոք՝ 66-385թթ. սահմաններով

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը՝ Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։

Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։ [1][2][3]

Գրականություն[խմբագրել]

  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984թ., էջ 102-106։
  • Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958թ.։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, Երևան, 1947թ.։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1977թ.։
  • Եղիազար Մուրադեան, Քննական Պատմութիւն Արշակ Երկրորդի և անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, Արաքս տպարան, 1900թ.։
  • Ստեփան Զորյան, Պապ թագավոր, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի պատմական ակնարկ-հոդվածով, Երևան, 1944թ.։
  • Գևորգ Հովհաննիսյան, Հայոց Տերերը, Երևան, 2012թ.։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984թ., էջ 102-106:
  2. Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958թ.:
  3. http://www.archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up