Շարահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարահարություն, նախադասության անդամների և բարդ նախադասության բաղադրիչների կապակցության եղանակ, որը բնորոշվում է կապակցության բառական և ձևաբանական միջոցների բացակայությամբ։ Կոչվում է նաև անշաղկապ կապակցություն։ Շարահարությունը հատուկ է առանձնապես բարդ նախադասություններին։ Շարահարությամբ կարող են կապակցվել և՝ բարդ համադասական, և՝ բարդ ստորադասական նախադասությունների բաղադրիչները, որոնց միջև եղած հարաբերությունների բնույթը որոշվում և դրանց կապակցությունը իրականացվում է հնչերանգի, շարադասության, բայ-ստորոգյալների ժամանակների հաջորդականության, բարդ նախադասության բառային կազմի իմաստային կառուցվածքի օգնությամբ («Աշուն Է, օրերը ցրտել են», «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»)։ Բարդ նախադասությունների անշղկապ կապակցությունը հատուկ է առանձնապես բանավոր խոսքին, առածներին, ասացվածքներին։ Շարահարությամբ կարող են կապակցվել նաև նախադասության երկուսից ավելի բազմակի անդամները, բացի վերջինից, որը միանում է շաղկապով (օրինակ՝ Աշոտը, Արամը և Անահիտը գնացին)։ Այս դեպքում կապակցությունը իրականացվում է թվարկման հնչերանգով և շարադասությամբ (բազմակի անդամները հաջորդում են իրար)։ Լայն առումով շարահարությունը կարելի է համարել նաև առդրությունը, որի ժամանակ լրացման և լրացյալի ստորադասական կապակցությունը իրականացվում է դրանց սոսկական կցումով՝ շարադասությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 461