Միքայել Ալիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միքայել Մարկոսի Ալիմյան, Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի գլխավոր հերոսներից մեկը, Մարկոս աղա Ալիմյանի միջնեկ որդին[1]։

Միքայելը քսանութ տարեկան, նուրբ կազմվածքով, նիհար, գունատ, ածխի պես սև մազերով և նորաձև սրուկ մորուքով մի երիտասարդ էր։ Նա ուներ մուգ ընկուզեգույն, խելացի և արտահայտիչ աչքեր, որոնք միաժամանակ անտարբեր էին ընտանեկան վշտի հանդեպ։

Միքայելը վարում էր անբարո կենցաղ, որի պատճառներից մեկը նրա թերուս լինելն էր։ Աղա Ալիմյանի ավագ որդին՝ Սմբատը, ուսանելու համար մեկնել էր Մոսկվա, տարվել էր ազատամիտ հովերով և ամուսնացել օտարազգի կնոջ հետ։ Մարկոս աղան, չցանկանալով կորցնել մյուս որդուն ևս, Միքայելին ուսման չէր տվել։ Միքայելը բավարարվել էր տեղի դպրոցներից մեկում մի քանի տարի ուսում ստանալով։ Միքայելը «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ էր, փողը շռայլում էր աղջիկների, խմիչքների, թղթախաղերի ու ընկերների վրա։ Միքայելը սիրում էր մասնակցել տարբեր խնջույքների ու ժամանակ անցկացնել աղջիկների և ընկերների հետ։ Միքայելին ոչինչ չէր հետաքրքում, անգամ հոր մահը չի հուզում նրան, միակ բանը, որ հուզում էր նրան, հոր թողած կտակն էր։ Կտակի բովանդակությունը իմանալուց հետո Միքայելը թշնամանում է ավագ եղբոր՝ Սմբատ Ալիմյանի հետ, որը դարձել էր կտակի միակ օրինական ժառանգը։ Ընկնելով քրոջ ամուսնու՝ Իսահակ Մարութխանյանի վատ ազդեցության տակ՝ Միքայելը խաղում է իր ամենամոտ ընկերոջ՝ Գրիշայի քրոջ՝ Անուշի պատվի հետ՝ սևացնելով նրա համբավը հասարակության աչքում։ Անուշի ամուսինը՝ Պետրոսը, ծեծել է տալիս Միքայելին, իսկ Գրիշան ապտակում է նրան, ինչը մեծ դեր էր ունենում Միքայելի հոգեբանական վերափոխման գործում։ Միքայելը զգացմունքներ ուներ իրենց հանքերի հաշվապահի՝ Դավիթ Զարգարյանի եղբոր դստեր՝ Շուշանիկի հանդեպ։ Աղջկա հանդեպ սերը, որն սկզբում եսասիրական զգացում էր, ապա հիացմունք և կապվածություն, լիովին փոխում են Միքայելին։ Նա հրաժարվում է էր կոնտր-կտակից, փակում փեսայի պարտքերը, ներողություն է խնդրում Գրիշայից։ Սկզբում Շուշանիկը ուշադրություն չէր դարձնում հղփացած երիտասարդի վրա և անտարբեր չէր Սմբատի նկատմամբ, որը իդեալիստական գծերով էր պատկերանում աղջկան։ Սակայն հանքերում տեղի ունեցած հրդեհը բեկումնային կետ է լինում կերպարների բնութագրման ու փոփոխության համար։ Փրկելով Շուշանիկի ու նրա ընտանիքի անդամների կյանքը՝ Միքայելն արժանանում է Շուշանիկի հիացմունքին, համակրանքին, ապա՝ սիրուն։ Իսկ Սմբատը, որը փող է առաջարկում դրա համար, արժանանում է աղջկա հիասթափությանը։ Միքայելը և Շուշանիկը ամուսնանում են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]